Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ մասին է լռել և լռում կառավարությունը»․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մայիս 30,2020 12:25

Մենք սատարում ենք կառավարության և վարչապետ Փաշինյանի կոչերին և հորդորներին՝ անվերապահորեն կրել դիմակներ և չվտանգել սեփական և այլոց կյանքերը։

Միևնույն ժամանակ մենք կառավարությանը և վարչապետ Փաշինյանին ուղղում ենք հետևյալ հարցերը.

1․ Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախապատրաստվել, հետո միայն գնալ թուլացումների։ Դուք չլսեցիք, դուք չարձագանքեցիք, դուք անտեսեցիք։ Դրա գինը հազարավոր նոր հիվանդներն են, մի քանի տասնյակ մեր հայրենակիցների մահերը։ Ինչո՞ւ արեցիք այդպես։

2․Վերջին օրերին վարչապետը, կառավարությունը անընդհատ կոչ են անում՝ կրել դիմակներ, կառավարության անունից շրջիկ մեքենաները փողոցներում անդադար հնչեցնում են նույն հորդորը՝ կրել դիմակներ, ինչն իսկապես կարող է փրկել կյանքեր։ Մայիսի 6-ին հրապարակված կոչի «Դ» կետը սահմանում էր. Հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմանների սահմանում՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Դուք դա սկսեցիք անել 3 շաբաթ ուշացումով։ Դա պետք էր անել անհապաղ։ Կառավարությունն ընդունո՞ւմ է, որ իր մեծ սխալի պատճառով է այսօրվա ծանրագույն վիճակը։

3․ Մայիսի 6-ի հայտարարության «Բ» կետը վերաբերում էր հիվանդանոցային բավարար ռեզերվային մահճակալների ապահովմանը։ Ակնհայտ էր, որ առանց նախապատրաստվելու սահմանափակումների թուլացումը բերելու է հիվանդների կտրուկ աճի և հիվանդանոցային հնարավորությունների կտրուկ անբավարարության։ Դուք այսօր խոսում եք գրեթե սպառված ռեանիմացիոն հնարավորությունների մասին։ Զգո՞ւմ եք, որ սա Ձեր կողմից չարված քայլերի արդյունքն է։

4․ Ձեզ մշտապես զգուշացրել են, որ պետք է գնալ թեստավորումների քանակի էական աճի։ Հայաստանը փոքր երկիր է, և թեստավորումների քանակը մեծացնելով՝ կարելի է ստանալ թե՛ օբյեկտիվ պատկերը, և թե՛ վարակի տարածման պայքարում կարևոր ինֆորմացիա։ Դուք գիտակցո՞ւմ եք, որ, տապալելով այս ուղղությունը, ստացել ենք անկառավարելի վիճակ, և ձեր խոսքերով՝ վարակն ամենուր է։ Օրական մոտ 1000 թեստի ցուցանիշը, որն այսօր կատարվում է Հայաստանում, պարզապես անլուրջ մոտեցում է, և նաև դա է ընկած ծայրահեղ ծանր վիճակի հիմքում։ Դուք պարտավոր էիք ձեռք բերել, խնդրել, ցանկացած եղանակով Հայաստան բերել մեծ քանակի թեստեր և համապատասխան հզորություններ, և չէր լինի այսօրվա ողբերգական իրականությունը, երբ համատարած մերժում եք իսկապես թեստի կարիք ունեցող մարդկանց՝ «ցուցումներ չկան» դատարկ ձևակերպմամբ։ Դուք գիտակցո՞ւմ եք, որ թեստերի սակավության պատճառով մենք ունենք հիվանդների և մահերի նման թիվ։

5․ Վերջին օրերին փողոցներով շրջող մեքենաներից հնչում է կոչ, որը սկսվում է «ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» նախադասությամբ։ Բայց շատ ավելի կարևոր է՝ «ինչի՞ մասին է լռել և լռում կառավարությունը» հարցը։ Ինչո՞ւ եք լռել, երբ ձեզ փորձել են օգնել, հուշել։ Խոսելու դեֆիցիտ այս կառավարությունը երբեք չի ունեցել, բայց լռելու և տապալելու գինը հազարավոր վտանգված կյանքերն են։

Մենք այսօր իսկապես հումանիտար աղետի մեջ ենք՝ կառավարության կոպիտ սխալների, անգործության և հասարակության ցածր գիտակցության պատճառով։ Նույնիսկ այս պայմաններում կառավարությունը շարունակում է հապաղել։

Մենք կոչ են անում հանրության գիտակից շերտերին՝ ճնշումներ գործադրել կառավարության վրա.

1/ Սահմանել խիստ կարանտին

2/ Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, թեստեր, դեղորայք։ Շտապ։

Կառավարությունը դարձյալ կարող է չլսել այլոց խորհուրդները, կոչերը՝ ինչպես 20 օր առաջ և վերջին երկու տարում ընդհանրապես՝ համարելով, որ դա իր վարկանիշի վրա կարող է ազդել։ Հիմա վարկանիշի մասին մտածելու ժամանակ չէ, հիմա հաշվարկը գնում է մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության և կյանքերի շուրջ։

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031