Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանում հնարավոր է բողոքի ցույցերի նոր փուլ

Մայիս 30,2020 11:48

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, երկու ամսով կալանավորեց «քաջարանյան գործով» մեղադրյալ Լեւոն Համբարձումյանին: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար: Համբարձումյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ նրա ձերբակալության որոշումը օրեր առաջ դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ եւ նա ազատ էր արձակվել:

Նույն գործով մեղադրյալներ Մարատ Ստեփանյանի եւ Աշոտ Պապյանի կալանավորման միջնորդությունները դատարանը մերժել է եւ նրանց նկատմամբ կիրառվել է գրավ:

Կալանավորված Լեւոն Համբարձումյանի հարազատներն ու ընկերները չեն բացառում, որ Քաջարանում բարձրանա բողոքի երկրորդ ալիքը, եթե վերաքննիչ քրեական դատարանը չփոխի Համբարձումյանի խափանման միջոցը: «Մենք բողոքի ակցիան դադարեցրինք, բացեցինք ճանապարհը` համոզված լինելով արդարադատության մեջ: Բայց խափանման միջոցը կալանավորում որոշել են այն դեպքում, երբ տուժողը փոխել է ցուցմունքը, ասել է, որ իրեն ստիպել են»,-մեզ հետ զրույցում  ասաց Լեւոն Համբարձումյանի ընկերը:

Հետաքրքիր է, որ այս գործով տուժող Շավարշ Մարգարյանը այս պահին ամբաստանյալ է եւ գործը Վերաքննիչ քրեական դատարանում է: Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի, Քաջարանի բնակիչ 30-ամյա Շավարշ Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ նա մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով թմրամիջոց է տեղափոխել ՀՀ եւ անձնական գործածման նպատակով պահել իր մոտ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին Մարգարյանը միջնորդել է արագացված դատաքննություն եւ դատավոր Մանվել Շահվերդյանը նրան դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով 3 տարի փորձաշրջան: Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է բերել: Նախագահող դատավորը Տիգրան Սահակյանն է:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031