Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՀԿ-ում եւ ԲՀԿ-ում այս պահին՝ անգամ ԱԺ-ում հանրաքվեն չեղարկելու հարցով իշխանության դեմ մղած թեժ մարտերից հետո էլ, չկա վճռականություն ՍԴ դիմելու հարցում. «Հրապարակ»

Մայիս 30,2020 11:38

Հայտնի է, որ խորհրդարանի դատին է ներկայացվել իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկում է ԱԺ-ին շնորհել հանրաքվեի վերաբերյալ որոշումը չեղարկելու հնարավորություն։ Նախագծի քննարկումը դեռ չի ավարտվել, առաջին ընթերցումով էլ դեռ չի ընդունվել, բայց, դատելով իշխանականների մարտական տրամադրվածությունից, դրա ընդունումն օրերի հարց է։ Ընդդիմադիրները ներկայացված նախագծի մասին ԱԺ-ում ջախջախիչ ելույթներ ունեցան՝ հատկապես շեշտելով Սահմանադրության հետ խնդիր ունենալու հարցը, քանզի մայր օրենքը հանրաքվեն չեղարկելու հնարավորություն չի տալիս, առավել եւս սահմանադրական մի մարմին՝ այս պարագայում ԱԺ-ն, չի կարող ուզուրպացնել մեկ այլ ինստիտուտի՝ նախագահի լիազորությունները եւ չեղարկել նրա ընդունած որոշումները։

Արդյոք խորհրդարանական ընդդիմությունը հանցավոր անգործություն կդրսեւորի՞ այս հարցում էլ եւ ընդունվելիք օրենքի սահմանադրականության հարցը չի վիճարկի բարձր դատարանում՝ բավարարվելով այդ մասին միայն քննադատական ելույթներով։

Հետաքրքիր է, որ ԼՀԿ-ում եւ ԲՀԿ-ում գոնե այս պահին՝ անգամ ԱԺ-ում հանրաքվեն չեղարկելու հարցով իշխանության դեմ մղած թեժ մարտերից հետո էլ չկա վճռականություն ՍԴ դիմելու հարցում։

Պատգամավոր Շաքե Իսայանը պաշտոնապես հայտնեց՝ հարցը խմբակցությունում չեն քննարկել, հետեւաբար, ո՛չ կարող է հերքել, ո՛չ բացառել ՍԴ դիմելու հնարավորությունը։ «Ես չեմ հիշում, որ մեր խմբակցությունը տված լինի «հակասահմանադրական» որակումը, բայց ես իմ անունից կարող եմ ասել, որ, այո, Սահմանադրությունը չի նախատեսում նման հնարավորություն, մեխանիզմ, մենք կարող ենք հանրաքվեի որոշումը հետաձգել, բայց ոչ չեղարկել, ներկայացրել ենք նաեւ առաջարկներ հետաձգելու մասին»,- ասաց Իսայանը։ Ապա հավելեց․ «Ինչ վերաբերում է՝ կդիմենք ՍԴ, թե չենք դիմի, այս պահին չեմ կարող ասել, երբ կընդունեն, կխոսենք»։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց թեմայի շուրջ խոսել այն ընդունելուց հետո։ «Իսկ դուք վստա՞հ եք, որ այն կընդունեն, կամ նախագահը կստորագրի»,- հռետորական հարցադրում արեց նա։ Ապա ասաց, որ չեն քննարկել․ «Մենք ՍԴ դիմելու օրակարգ չունենք, չենք քննարկել»։ Բայց եթե այն հակասահմանադրական է, թույլ կտա՞ք, որ նման օրենք գործի։ «Դեռ մենք չգիտենք՝ վերջնական ինչ տեսքով այն կընդունվի»։ Եթե ընդունվեց ներկայացված տարբերակով, որո՞նք են Ձեր գործողությունները։ ««Եթե»-ներով հարցին չեմ ուզում պատասխանել»։

Նկատեցինք, որ խորհրդարանական ընդդիմության մասին արդեն կարծիքներ են կարծրանում, որ հնազանդ են, միայն խոսում են, բայց երբ հերթը գալիս է գործելուն, հետ են քաշվում։ «Մենք հասել ենք այն մակարդակին, որ ցանկացած այդպիսի խոսակցություն կարող ենք իգնոր անել, դա մեր օրակարգի վրա չի ազդի»։ Այսինքն՝ երբ խորհրդարանն ընդունում է հակասահմանադրական նախագիծ, ու իրեն ընդդիմություն հռչակած ուժն աչք է փակում այդ փաստի վրա, դա նորմա՞լ է։ «Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել՝ եթե, ապա․․․ եւ այլն։ Ընդունվե՞լ է նման նախագիծ․․․ միգուցե փոփոխություններ են արվում, ադապտացվում են Սահմանադրության հետ»,- հույս հայտնեց Մարուքյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031