Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական որոշումների քաղաքական բնույթը

Մայիս 30,2020 10:00

Իրավաբանությունը բարդ գիտություն է՝ չեմ դադարում զարմանալուց, թե ինչպես է պատահում, որ նույն տեքստը կարող է մեկնաբանվել տրամագծորեն հակառակ իմաստներով: Վերջին օրինակն է Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկ հրապարակված կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։ Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն այդ խորհրդատվական փաստաթղթից քաղել են այն, ինչ իրենց է ձեռնտու, եւ ՄԻԵԴ-ի կարծիքը համարում իրենց քաղաքական գծի ճշմարիտ լինելու հաստատումը:

Քոչարյանի պաշտպանական թիմը եւ Երկրորդ նախագահի կողմնակիցները դրա մեջ տեսան հետեւյալ պնդումը. ՄԻԵԴ-ը փաստել է, որ 300.1 («Սահմանադրական կարգի տապալում») հոդվածով Քոչարյանին մեղադրանք չէր կարող առաջադրվել, քանի որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ նման հոդված գոյություն չուներ:

Իշխանական կողմն էլ պնդում է, որ ՄԻԵԴ-ը լրիվ այլ բան է ասում. խնդիրը ոչ թե հոդվածն է, այլ հանցակազմն է, որը գոյություն է ունեցել մեր Քրեական օրենսգրքում:

Երկու կողմն էլ, որքան հասկանում եմ, գոհ մնացին ՄԻԵԴ կարծիքից:

Բնականաբար, լրագրողը չի կարող դատավոր լինել այդ իրավաբանական վեճում: Պարզապես արձանագրենք. գործը խիստ քաղաքականացված է, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մեղադրանքն առաջադրվել է երկրի նախկին ղեկավարին՝ այն հանցագործության համար, որը, ենթադրաբար, կատարվել է քաղաքական իրադարձությունների՝ ընտրություններին հետեւած գործընթացների ժամանակ: Եվ եթե այդպես է, ապա կարող եմ ենթադրել, որ իրավական նրբությունների վերլուծությունն այստեղ առանձնապես դեր չի խաղում: Այդ իմաստով Սահմանադրական դատարանի ձգտումը՝ ՄԻԵԴ-ի միջոցով պարզելու այդ նրբությունները, նույնպես մեծ հաշվով քաղաքական է: Եվ դարձյալ կրկնեմ՝ Երկրորդ նախագահի քաղաքական պատասխանատվությունը «մարտի 1-ի» սպանդի համար ինձ մոտ որեւէ կասկած չի հարուցում:

ՄԻԵԴ-ն ինքը, ուզի թե չուզի, քաղաքական որոշումներ է կայացնում: Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել ՄԻԵԴ-ի շատ կարեւոր, մեր երկրի անվտանգության հետ կապված վճիռը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով: Եվրոպայի խորհուրդը դրանով դատապարտում է ազգային ատելության հողի վրա կատարված սպանությունը եւ ոճրագործի հերոսացումը, բայց մյուս կողմից՝ այդ ոճրագործության համար պատասխանատու է նկատում ոչ թե Ադրբեջան պետությանը, այլ մեկ անձի՝ Ռամիլ Սաֆարովին: Այդպիսին է միջազգային կառույցի քաղաքական դիրքորոշումը: Որքանո՞վ է այն շահեկան կամ վնասակար Հայաստանի համար՝ մեկնաբանությունների խնդիր է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ՄԻԵԴի արտայայտած չորրորդ կէտի իմաստը, շատ պարզ ու յստակ է՝ կարելի չէ ոեւէ մէկը դատել, 2009-ին որդեգրուած նիւթի առարկայ օրինական յօդուածին հիման վրայ, արարքներու համար որոնք տեղի ունեցած են 2008-ին:

    ՄԻԵԴԻ կատարած վերոգրեալ հաստատումը, ոչ բարդ է, ոչ ել զարմանալի: Օրէնքի կիրառման վերաբերող՝ ամենատարրական, սովորական սկզբունքի մը բացատրութիւնն է: Իրաւաբանական դպրոցի առաջին ամիսը կը սովորեցնեն ասիկա:

    Հետեւաբար, շշմեցուցիչը այն է որ այս պարզ ու բացայայտ տուեալը իսկ նկատի չէ առնուած իշխանութեան պատկան որեւէ մարմնի կամ պաշտօնական դերակատարի մը կողմէ, որոնք Քոչարյանի նկատմամբ այդ հետապնդման ձեռնարկեցին:

    Թէ որ դատավարութեան յանգումը կախեալ է գործի մասնայատուկ հանգամանքներից, այո, անշուշտ… տեսական կարծիքի հանգրուանին, որեւէ այլ բան չէր կարող ասել ՄԻԵԴ-ը… այս հանգրուանին, որոշում չէր կրնար արտայայտել… սակայն նրա նշած չորրորդ կէտը կը վերաբերի՝ ժամանակագրական, առարկայական մի հանգամանքի, որ անհնար է փոխել… դէպքերը տեղի ունեցան 2008-ի, մեղադրանքը հիմնուած է 2009-ին գոյացած օրինական յօդուածի մը վրայ… մնացեալը, լրիւ կախեալ է Հայաստանում ներքաղաքական կացութենէն… օրինապէս, ՄԻԵԴ-ը հաստատեց ինչ որ արդէն բացայայտ էր, թէ՝ լրիւ դատավարութիւնը, զուտ Օրէնքի հիման վրայ, լոկ ժամանակագրութեան հիման վրայ, օրինապէս չեղեալ է… հետեւաբար, արդիւնքն ել լինելու է օրինապէս չեղեալ…

    թէ, ո՞ր հանգրուանին՝ կը կասեցուի այս օրինապէս բացայայտօրէն սխալ հիմերու վրայ տեղաւորուած գործընթացը, կամ կը չեղարկուին նրա թէական արդիւնքները, դա արդէն կապ չունի Օրէնքի հետ…

    (այս տողերը գրողը, երեսունմէկ տարիներէ ի վեր – անկախ Հայաստանի լրիւ տարիքէն աւելի երկար ժամանակ – , քանատացի գործօն իրաւաբան է. երկու քլիքով, կարող էք հեշտօրէն ինքնութիւնս տեսնել )

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031