Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը ոչ միայն չի շահում, այլեւ կորցնում է հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը»

Մայիս 30,2020 14:30

Ադրբեջանում օրերս ավարտված զորավարժությունների քաղաքական ազդակների եւ հետեւանքների մասին «Առավոտը» զրուցել է «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Կարեն Վերանյանի հետ:

– Պարոն Վերանյան, ինչպես հայտնի է, Ադրբեջանը միջազգային հանձնառությունների խախտմամբ մայիսի 18-22-ն իրականացրեց հերթական լայնածավալ, հարձակողական բնույթի զորավարժությունները։ Եթե ամփոփեք, ինչպե՞ս դրանք ազդեցին Ադրբեջանի ներքին խնդիրների, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի եւ տարածաշրջանային կայունության վրա։

– Առհասարակ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես կանոն, մշտապես օգտագործել է արցախյան հակամարտությունը՝ երկրում իր իշխանության դիրքերն ամրապնդելու, հանրության ուշադրությունը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու նպատակներով։ Հասկանալի է, որ համավարակի ազդեցությամբ նավթի գների կտրուկ անկումը, ստեղծված իրավիճակում երկրի հանրային, տնտեսական գործունեության հարկադիր սահմանափակումները բավական լուրջ հետեւանքներ են թողնում Ադրբեջանի տնտեսության վրա։ Սա, անշուշտ, երկրում նոր հանրային դժգոհությունների նախադրյալներ է ստեղծում, ինչը կարող է համախմբել նաեւ Ալիեւի քաղաքական ընդդիմադիր դաշտը։ Թերեւս այս ամենից խուսափելու նպատակ է հետապնդում Ալիեւի որոշումը՝ անցկացնելու լայնածավալ զորավարժություններ։ Ալիեւն իր իշխանությունը պահելու համար նույնիսկ հաշվի չառավ համավարակի տարածման հնարավոր ռիսկերը զորավարժությունների ընթացքում, որոնց մասնակցում էր շուրջ 10 հազար զինվորական։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռագիրը, դժբախտաբար, տարիների ընթացքում դրական առումով փոփոխություն չկրեց: Ալիեւը շարունակում է սահմանային լարվածության պահպանման նախկին դիրքորոշումը՝ այդպես էլ լուրջ քայլեր չձեռնարկելով ու ընդառաջ չգնալով հայկական կողմի՝ հակամարտությունը խաղաղ պայմաններում կարգավորելու գործնական ջանքերին։ Սա խոսում է այն մասին, որ ներկայիս հանգամանքներում արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման թերեւս ամենաարդյունավետ տարբերակը հակառակորդին խաղաղություն պարտադրելն է՝ պահպանելով ուժային հավասարակշռությունը, հնարավորության դեպքում՝ հասնել գերակայության։ Ի դեպ, հայկական կողմի ռազմաօդային վերջին ձեռքբերումները կարող են խոսել օդային գերակայության մասին։ Սա ոչ միայն մարտավարական, այլեւ ռազմավարական հաջողություն է։ Նման զորավարժությունները, որոնք, որպես կանոն, ունեն հարձակողական գործառույթներ ու սցենարներ, չեն կարող դրական անդրադառնալ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման վրա։ Անշուշտ, նման լայնածավալ զորավարժությունները մեծացնում են լարվածությունը ոչ միայն հակամարտության ուղղությամբ, այլեւ ողջ տարածաշրջանում։ Նկատենք, որ այս զորավարժություններին զուգահեռաբար զորավարժանքներ անցկացվեցին նաեւ Նախիջեւանում, որը վերջին տասնամյակում գտնվում է ռազմականացման ակտիվ փուլում։

Հիշեցնեմ նաեւ, որ մինչեւ զորավարժությունների անցկացումն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մարտ-ապրիլ ամիսներին մի շարք միջադեպեր արձանագրվեցին։ Խոշոր հաշվով, այդ ամենը եւս մեկ քայլով օտարում է կողմերին հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունից։

– Միջազգային կառույցները, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` մի քանի պաշտոնական հայտարարություններում հակամարտող երկրներին կոչ արեցին զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից։ Նման պայմաններում լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ եւ դրանց ընթացքում նաեւ ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձով ի՞նչ «շահեց» Ալիեւը։

– Իրապես, Ալիեւն անտեսում է միջազգային կառույցների կոչերը՝ համավարակի պայմաններում պահպանելու հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալու կայունության խախտման հնարավոր զարգացումներից։ Սակայն նշեմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դժբախտաբար, անտեսում էր միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների նման կոչերն ու հայտարարությունները նաեւ մինչեւ համավարակը։ Կարծում եմ, որ իրավիճակային առումով Ալիեւը զորավարժություններով, սահմանային միջադեպերով ու դիվերսիոն գործողությամբ՝ Ադրբեջանի տնտեսության վրա համավարակի առաջացրած հետեւանքների հանգամանքներում, լուծում է երկրում իշխանության պահպանման խնդիր։ Միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսլականով Ալիեւը ոչ միայն չի շահում, այլեւ կորցնում է արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ Հասկանալի է, որ Ալիեւների իշխանությունը հավերժ չէ. ցավոք, դա դեռեւս չեն գիտակցում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031