Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհից գնացող ճամփորդի» բարի անունն է անմահ

Մայիս 30,2020 12:30

Տպագրվել է Նուբար Ջանոյանի «Ճամփորդություն ժամանակի եւ տարածության միջով» փաստագրական ժողովածուն, ուր տեղ են գտել իրական հենքի վրա  կատարվող դեպքեր, որոնք նաեւ հայ մարդու աստանդական կյանքի ճանապարհի դժվար փորձություններ են… Գիրքն, անշուշտ, հուզմունքով, հետաքրքրությամբ է  ընթերցվում, տպավորումներս  այդ մղեցին ինձ՝ եւս գրիչ վերցնելու…

…  Նուբար Ջանոյանի նախորդ հրատարակված գրքերին ծանոթ եմ, նա իմաստուն, խորագիտակ հեղինակ է, ասելիք ունի իր ժամանակակցին` դաստիարակելու, ուղղորդելու, մարդու ներսում թաքնված «սեւը» դուրս հանելու, ամփոփելու այն, ինչն իրեն գենետիկորեն կապում կամ անջրպետում է, ինչն իրեն է, կամ աշխարհի որեւէ անկյունում ապրող այլազգի այլինը: Նուբար Ջանոյանը հայախորք աշխարհայացքով գրող է, աշխարհի ու կյանքի վերաբերյալ բազում  ճար ու ճամփա իմացող լավատեղյակ, ով իր հերոսների միջոցով խրատ ու խելք է տալիս, ուղի բացում նրանց հոգում, որպեսզի մարդն ինքը երկդիմիին չգնա, ստորին ու սպառողականին չհակվի, չմղվի անմարդկային արարքների: Նա այսպիսի երեւույթները, գրպանի, շահի հոգեբանությունը ատելով, խղճի, բարեկրթության, պատվի, հարգանքի մասին խոսում է զուսպ ներողամտությամբ, գրքում բարոյական արժեքներին տալով մեծ տարածք:

«Ճամփորդություն ժամանակի եւ տարածության միջով» գիրքն ուսանելի դասեր ունենալուց զատ, նշանակալի է նեգատիվի հանդեպ իր քննադատությամբ, տագնապներով, մարդկայինի խորքում որոնելով մաքրահատիկ անհրաժեշտի տեսակ, որը կբյուրեղացներ ոչ միայն արարածին, այլեւ ողջ աշխարհը: Նուբար Ջանոյանը որպես գրչի ու գրականության խորագիտուն տեսաբան, այնքան խաղաղությամբ, հանդարտությամբ է հորդահոս իր մտքերն առաջացնում, որ կարծելի է` մի խորունկ գետ, ծաղիկներ առած իր ալիքների ուսին` տանում է  գունագեղմը դեպի հեռավոր ափեր, փայփայանք ու լույս տարածելու ամենուր: Գրքում հեղինակը մասամբ իր խոսակցի հետ թեեւ զրույցի է բռնվում, բայց եւ նրան չափազանց քաղաքավարի է լսում, ունկնդրումը դարձնելով բովանդակալի երկխոսումի շերտ, խոսակցի ներսի ծալքերը հենց ինքը՝ հեղինակը բացում է թերթ առ թերթ, եւ այդ ծալքերը…  այնտեղ ինչեր չկան թափառիկ, պարպվող, որոնվող, շարունակվող, կրկնվող: Մարդկային եւ ոչ մարդկային, բնականի, օրենքների, բիրտ մոլեռանդի մեջ կծվող ցավեր, տանջանքներ, անիմաստի, ունայնության ծանր, դժվար շալակվող խաչեր, որոնք միայն Քրիստոսի նման երկնայինը կտաներ երկրային խոշտանգումներից հետո…  Նուբար Ջանոյանը համամարդկային տարուբերվող վազքուղու մեջ տեսնում է եւ սրտացավորեն կարեկցում նաեւ այլազգի մարդուն, իր հայրենակցին:

Նա պարսավանքի, դիտողության մեղմ ամփոփում է անում նրան, ով մոլորյալ հոգեբանություն ունի, գրողը ուսուցանող խոսք ունի, իմաստունի եզրահանգում…  Եվ միայն բացառիկ անկեղծությամբ, հայեցի մտահանգումների սահմաններում հային գտնում…  ոչ շղթայակապ, բազեի նման ազատություն սիրող ճախրանքի մեջ, այստեղ հայի բնավորության, տրամաբանության ճկունության մասին է ակնարկում գրողը: Եվ նրա հերոսը պատմվածքներում, չափազանց դիպուկ է անցնում այն ուրվագծերի միջով, որտեղ իրավունքներն ու մարդ- մարդկայինի հարաբերակցությունը, նախկին մոտիկությունն արդեն, ավաղ, երերուն են դարձել: Ահավասիկ, առկա երեւույթ. Հայաստանի արտագաղթման վիհրոտ փաստն անհանգստացնում է հեղինակին այնպես, ինչպես յուրաքանչյուր արտագաղթող թախծոտի,  բայց…  ձեռքում ճար չունեցող հայորդուն, որը թեւեր առած տխուր ճախրանքով հանց մի աղավնի, գնում, գնում է, հեռավոր ափեր` տանելով հայախոսքի շուրջ 70-ի հասնող բարբառ… Նուբար Ջանոյանը բժշկի, հոգեբանի, հայրենապաշտի, գիտնական-մտավորականի հարուստ տրամաբանությամբ, արհեստավարժ աշխարհատեսի օժտվածությամբ է սպիտակ թղթի «դուռը» բացում եւ մնում այն մտածելակերպի մեջ, ինչը մարդու երբեմն անխոս մտահոգությունն է իրեն պատեպատ տալիս… Նրա գրիչն անսպառ ծառայում է եւ այն հերոսի կերպակերպին, ով իր հոգու տվայտանքով այս դժվարին աշխարհում անհետաքրքիր, անհամ ու անհոտ է անցկացնում… սա մի գոյություն է, որը լոկ մարդու ճակատագրի ծանր անիվների տակ է ճզմվում… կամ դիպվածով ենթարկվում անխոհեմ վիճակի: Այնքան անբավ, այնքան դժգոհ կյանքի ճամփա կտրած գրքի հերոսներից շատերն իրենք իրենց կենսաձեւի մեկնությունը հասկանում են, բայց կրոնական, դավանանքի, այլասիրական փականքների մեջ են տեսնում իրենց ազատության ու անկախ ապրելու ձգտումը: Նուբար Ջանոյանի ասելիքում մանվածապատումներ չկան, լեզվական պարզ ու ճիշտ հմտությամբ է վերծանվում այն  բոլորը, ինչը ողջ աշխարհին ու մարդուն է այսօր խորթացրել: Մարդ իրեն մարդ զգալու կարողությունն է, ցավոք, ոչնչացրած տեսնում, որը մտահոգում է հեղինակին: Արաբական ու իսլամական այլազան, միջնադարյա բարքերը, գրողի հոգում ներքնասույզ, տխուր խոհերի հետեւություն են առաջացնում. հեղինակը կյանքի ողջ խառնիխուռնի մեջ, աչալուրջ ուսումնասիրում է իր` որպես բժիշկ հոգեբանի հետ երկխոսության մեջ մտած մարդուն: Եվ ամենանուրբ գույներով ու ձեւերով, դիտողական հոգեհայելու մեջ զննում, հետո գտնում լույսի արտացոլք, որը նաեւ իր կենսափորձում  բովված հետեւությունների շարքն է` ապրել մարդկային արժեքների իրական չափանիշներով: Հիրավի, գրքում ընդգծված է Նուբար Ջանոյանի մտահոգությամբ լի երազանքը, որն է` լինել խոհեմ, բարի, զուսպ ու սակավապետ, նախնիներից ժառանգած շնորհք ու պատվով, որոնք, ավա՜ղ, հիմա հատկապես ողջ մոլորակում, քողածածկ են անխղճության, անտարբերության պատճառով: Մի երեւույթ, որն աշխարհի ու մարդկության ցավն է…

«Ճամփորդություն ժամանակի եւ տարածության միջով» ձեռնարկը ընթերցվում է հետաքրքրությամբ: Այնտեղ իրական կյանքն  է, ուր լուսաբանվում է այն, ինչը մարդու գլխով է անցնում, հավասար ապրելու, սիրելու, ազատականի ձգտումն ու պահանջը, որոնք, այո, բոլոր աշխարհամասերում ապրող մարդկանց է այսօր հուզում: Մարդն իր ապրելու իրավունքն է ուզում տեսնել չոտնահարված: Հեղինակի  «Ճամփորդություն ժամանակի եւ տարածության միջով» գիրքը ոչ միայն ժամանակակիցներիս, այլ մարդուն մշտակա պարգեւող, իմաստուն դասեր ունի, որոնց համար շնորհապարտ լինենք իրեն…  Եվ խոնարհումի խոսք  ու աղոթքներ մրմնջանք նրա լուսավոր հիշատակի առաջ…

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031