Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցողական, համակողմանի մոտեցում սեռական դաստիարակությանը

Մայիս 30,2020 14:00

Երեխան առաջին դասարանից սկսում է որոշակի գիտելիքներ ստանալ տարբեր առարկաներից: Տարեցտարի նրա գիտելիքներն ընդլայնվում են եւ խորանում: Այս աստիճանականությամբ էլ պետք է լինի սեռական դաստիարակությունը: Այն պետք է իրականացվի կոնկրետ ծրագրով՝ մասնագիտորեն մտածված, տարբեր ոլորտի գիտնականների՝ կենսաբանների, հոգեբանների, սեքսոլոգների (սեռաբաններ), մանկավարժների, սոցիոլոգների, բժիշկների, ազգագրագետների, եւ, կարեւոր է՝ ծնողների հետ համաձայնեցված: Գիտելիքը պետք է մատուցվի աստիճանաբար՝ պարզից դեպի բարդ: Այս ամենին պետք է հասնել առանց ինքնանպատակ շտապողականության, անհրաժեշտ ժամանակ տրամադրելով: Արդյունքում երեխան միանգամից չի հայտնվի սեռական դաստիարակության՝ իր համար տարօրինակ դաշտում, այլ հերթագայությամբ կսովորի առարկան՝ ընդունելով այն որպես գիտելիքի մի տեսակ: Մի՛ կարծեք, թե փոքրիկը հալած յուղի պես ընդունում է «խորամանկ» ծնողի կամ տատիկի այն բացատրությունը, թե երեխային արագիլն է բերում: Սրանով չբավարարված՝ նա դիմում է իր հետաքրքրությանը հագուրդ տալու այլ միջոցների. համացանց, մեծ տարիքի «գիտակներ»: Այստեղից էլ հենց առաջանում է նրա սխալվելու մեծ հավանականությունը, քանի որ անփորձ ուղեղը դեռեւս ի վիճակի չէ գնահատել ստացած տեղեկությունը եւ ճիշտ արձագանքել դրան: Իսկ դեռահասության տարիքում հաճախ ի զորու չէ դիմակայել ֆիզիկական բուռն ձգտումներին: Այս դաշտում ամեն ինչ նրա համար չափազանց հետաքրքիր է, գրավիչ: Իսկ երբ «գիտելիքները» որսացել է սոցցանցերում անարգել վխտացող անբարո, անմակարդակ կայքերից, ապա դեռահասի ներաշխարհը խեղող հետեւանքն անխուսափելի է: Այս իրավիճակը կանխելու համար կոչված է գիտակից ծնողը, վերապատրաստված ուսուցիչը: Ի՞նչ է անհրաժեշտ. կոնկրետ ծրագիր ու դասընթացներ, որոնց միջոցով կկանխենք այն չբարոյականության քարոզը, որով կարող է ձեւավորվել մատաղ սերնդի բարոյահոգեբանական կերտվածքը: Եթե ոչինչ չանենք, ապա այդ գործը կանի եւ արդեն անում է սոցցանցն ու վատ շրջապատը: Սրանք իրենց շահն ունեն, անշուշտ. անչափահասի հանդեպ ոտնձգություն կամ նման մի բան: Իսկ ահա՝ մեր ճիշտ գործողությունները մեր զավակներին ավելի կմոտեցնեն ավանդական արժեքներին: Մենք, իսկապես, ճամփաբաժանի առաջ ենք: Հենց այսօրվանից պետք է ընտրենք ճիշտ ուղին, ճիշտ մեթոդը, ճիշտ ծրագիրը եւ քայլենք առաջ:

Հասկանալի է, որ ապրում ենք այս աշխարհում, նրա տարբեր ծագերի զանազանության շրջավայրում, էլ չասեմ, որ աշխարհն իր այլեւայլ դրսեւորումներով մտել է մեր տները՝ համացանցի շնորհիվ: Բնավ չենք հորդորում դեռ չհասունացած երեխայի հոգեկանն ու ֆիզիկականը ցնցել՝ հրամցնելով արտատարիքային գիտելիքներ, քա՛վ լիցի: Դժվար թե որեւէ գիտակից մասնագետ կհանդուրժի ծայրահեղությունները:

Ամեն գործում կարեւորը սկիզբն է, առաջին քայլը:

Սեռական դաստիարակությունը անքակտելիորեն կապված է բարոյական դաստիարակության հետ: Վերջինս էլ միահյուսվում է ազգային արժեքների եւ ավանդույթների հետ: Հնարավոր չէ նշված երեք ոլորտներից մեկն առանց մյուսների: Այս հանգամանքը մեզ հնարավորություն է տալիս դաստիարակությունը իրացնել երեքի միասնության մեջ եւ, այո՛, հենց փոքր տարիքից: Մանկահասակ երեխայի մոտ տարաբնույթ հարցեր են առաջանում. ինչո՞ւ են տերեւները կանաչ լինում, ինչպե՞ս են իմանում, թե ե՛րբ է մարդու ծննդյան օրը, ի՞նչ հատիկներ են ձկան փորի մեջ, եւ այլն: Սա բնական է, բնական են նաեւ սեռին վերաբերող հարցերը: Ծնողը, գիտակցելով իր կարեւոր դերը, պետք է այնպես բացատրի, որ իր բալիկը հետագայում ստիպված չլինի դիմել այլ կասկածելի «աղբյուրների»: Երեխայի համար գայթակղիչ է շրջապատող աշխարհը՝ իր բազում հարցականներով: Նրա ուղեղը առավելագույնս պատրաստ է սպունգի պես ներծծել եւ հասկանալ՝ ինչ տեսնում ու լսում է: Իսկ երեխային գայթակղողը լավ հոգեբան է, գիտի՝ ինչպես հետաքրքրություն առաջացնել եւ գրավիչ դարձնել իր առաջարկը: Մինչդեռ ծնողը, հետագայում էլ՝ մանկավարժը, երջանիկ անգիտության մեջ չեն էլ կասկածում, թե ինչ կարեւոր պահ են բաց թողնում երեխայի անխեղ մանկությունն ապահովելու համար:

Այո՛, ծնողի դերը առաջնային է, քանի որ նա երեխայի բնավորության ձեւավորման, վարքագծի փոփոխությունների առաջին ականատեսն է: Ի՞նչ անի, որ երեխան չհայտնվի վտանգավոր կապերի մեջ: Առաջին. պետք է չափազանց ուշադիր լինի հատկապես երեխայի հասունացման շրջանում: Երկրորդ. պետք է գործի դնի իր ողջ հնարամտությունը եւ առանց զգացնել տալու, նրբանկատորեն հասնի այն բանին, որ զավակը վստահի իրեն, դառնա «մտերիմ ընկերը», հայրը՝ որդու, մայրը՝ դստեր: Այս ամենը՝ ավանդական արժեքների խելացի ներմուծմամբ: Անհրաժեշտություն կառաջանա ծնողական մանկավարժության դասընթացների:

Սեռական, բարոյական, ազգային արժեքների դաստիարակության հարցը պատշաճ մակարդակով իրականացվում է բարեկիրթ եւ ավանդապաշտ ընտանիքներում: Լավատեսորեն պետք է ասեմ, որ այդպիսի ընտանիքները մեր երկրում ամենուր են, սկսած՝ ծայրամասային շրջաններից մինչեւ մեր մայրաքաղաքը: Սակայն սա բավարար համարելը սխալ կլինի: Նաեւ սխալ է այն կարծիքը, որ քննարկվող հարցը ինքնաբերաբար լուծվում է ընտանիքում եւ կարիք չկա լրացուցիչ ծրագրերի, կամ՝ միեւնույն է, ոչինչ չի օգնի, ծրագրերն ավելորդ են: Համեմատության համար՝ օրինակ. իհա՛րկե, գիտենք եւ երեխային ասում ենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, բայց, այնուամենայնիվ, ունենք աշխարհագրություն առարկան, որի պարագայում ուսուցիչը ծրագրով եւ գիտական մակարդակով աշակերտին հիմնավոր գիտելիքներ է հաղորդում: Իսկ ինչո՞ւ չլինի բարոյականության ուսուցման դասընթաց, որում էլ իր առյուծի բաժնով տեղ կունենա ազգային արժեքների դաստիարակության եւ սեռական դաստիարակության բնագավառը: Իրեն սպառել է նաեւ այն մոտեցումը, ըստ որի՝ հարցերը լուծվում են դասղեկի ու դաստիարակի աշխատանքի շրջանակներում: Այսօր  բարոյականությունն ունի խորքային ու բարդ խնդիրներ, որոնք դժվար լուծելի են, կամ լուծվում են վատագույն ելքով: Նշենք, որ աշխարհը, մեղմ ասած՝ անցանկալի բարոյականության տիրույթ է մտնում կամ արդեն մտել է:

Երեխայի կամ պատանու վարքագծի, հասարակության մեջ նրա այս կամ այն դիրքավորման համար պատասխանատու է ընտանիքը, հետո՝ դպրոցը: Հենց ընտանիքից են բարքերը տեղափոխվում դպրոց, հետո՝ բանակ, որը մեր ազգային անվտանգության համար առաջին գործոնն է, այստեղ պետք է մուտք գործեն համալիր դաստիարակություն ստացա՛ծ պատանիներ: Ճիշտ է, դա կատարելապես հնարավոր չէ, բայց հնարավոր է ձգտելը կատարյալին:

Չե՞ք նկատել. սեռական դաստիարակության ամենապարզ ձեւերից են. չի կարելի աղջկան խփել, նրան պետք է պաշտպանել: Նրա ձեռքից ծանր պայուսակը վերցրո՛ւ, դու տղա ես: Զիջի՛ր ցայտաղբյուրից ջուր խմելիս, դռնով անցնելիս: Սեղանի մոտ ճաշելիս առաջին հերթին մատուցի՛ր կանանց ու աղջիկներին. այդպես են վարվում իսկական տղամարդիկ: Տղանե՛ր եւ աղջիկնե՛ր, եղե՛ք մաքրասեր, կոկիկ, հագուստը հանելուց հետո խնամքով ծալե՛ք կամ կախե՛ք պահարանում: Եղե՛ք խոհեմ, բարեկիրթ, անվայել բառեր մի՛ օգտագործեք: Տրանսպորտում զիջե՛ք մեծահասակներին ու երեխամայրերին: Ի դեպ, վերջին տարիներին տրանսպորտում նկատվում է պատանիների կողմից երջանիկ անտարբերություն. նստած տեղից հանգիստ նայում են կանգնած մեծահասակին եւ տեղից չեն շարժվում: Նրանց չեն ծանոթացրել մեծին, կանանց զիջելու տրանսպորտային մշակույթին: Բերված օրինակները սոսկ վարվեցողության կանոններ չեն, դրանք տղա-աղջիկ փոխհարաբերության առումով սեռական դաստիարակության լավ սկիզբ կարող են լինել: Դրանք այն փոքրիկ մեխերն ու ամրաններն են, որոնք անսասան են պահում ողջ կառույցը: Ի վերջո՝ բարեկրթությունը կարեւոր հարցեր է լուծում: Համեմատության համար՝ օրինակ. 6-ից 16 տարեկաններին չենք ուղարկում առաջնագիծ, բայց խոսում ենք մեր հայրենիքի, դրոշի, զինանշանի մասին, որ դրանք վսեմ արժեքներ են: Սովորեցնում ենք հայրենասիրական երգեր, ոտանավորներ, ռազմական պարեր, պատմում ենք մեր հերոսների մասին, այլ խոսքով՝ ուժեղացնում ենք նրանց, քաջության ու արժանապատվության լիցքեր ենք հաղորդում: Այս սերմերը ծլարձակում են, առավել իմաստավորվում՝ նրանց մեծանալուն եւ աճին զուգընթաց: Նույն ձեւով էլ փոքրերի խմբում տարվող սեռական դաստիարակությունը պետք է իրացվի զարգացման աստիճանականությամբ, նոր գիտելիքների ձեռք բերումով՝ տարիքային աճին ու հասունացմանը համապատասխան: Հիշենք, թե ո՛ր դասարանում են անցնում մարդու անատոմիան: Այն տարիքում, երբ աշակերտն արդեն անցել է կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ունի որոշակի գիտելիքների համալիր պաշար, ըստ որի կարողանում է վերլուծել իրադարձությունները, լուրջ բացահայտումներ անել, ճանաչել ինքն իրեն, կարծիք կազմել մյուսների մասին: Ուրեմն՝ ի զորու է ընկալել նոր առարկան՝ անատոմիան, որը, ի դեպ, արդեն ճանաչողական բացատրություն է տալիս սեռական ոլորտին վերաբերող հարցերին: Եթե սպառիչ չէ բացատրությունը, ապա այստեղ խորհելու եւ հարցը նրբորեն լուծելու, լրացումներ անելու խնդիր ունեն մանկավարժ-մեթոդիստները, սեքսոլոգները, հոգեբանները, սոցիոլոգները, բժիշկները: Այս մասնագետները պետք է զինված լինեն բանավիճելու կուլտուրայով, այլ ոչ թե անպտուղ վիճաբանությամբ: Համոզված եմ՝ նրանց կհաջողվի նպատակաուղղված համաձայնության գալ եւ խելամիտ ջանքերի շնորհիվ ստեղծել համապարփակ մի ծրագիր, որի արդյունքները շոշափելի կլինեն, քանի որ բարոյապես դաստիարակված պարմանին կամ պարմանուհին հազիվ թե գայթակղվի դարանակալած մոլագարից կամ ճակատագրական սխալներ անի: Ազգային արժանապատվության, բարոյականության, սեռական դաստիարակության ոլորտին վերաբերող այս ծրագիրը լավագույն դեպքում պահանջված ուղեցույց կդառնա ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաեւ՝ դրանով հետաքրքրվող երկրների ուսումնական դասընթացների համար:

Հարգելով եվրոպական երկրների իրավական սկզբունքները (մարդու իրավունքների գործնական առաջնայնություն, անհատի բարձր պատասխանատվության, մաքրակենցաղ վարքի բացառիկ կարեւորություն, օրենքների կիրառման հարցում պատրաստակամություն)՝ ընդունենք, որ նրանք էլ կարող են սխալվել: Արդյո՞ք սխալների հետեւանքով չէ, որ Եվրոպան ինչ-որ տեղ կորցնում է սեփական դիմագիծը, դեմոկրատիայի թողտվության արդյունքում եկեղեցիները դառնում են մզկիթներ, տղամարդը դառնում է կին, կինը՝ տղամարդ: Միասեռական ամուսինները չգիտես՝ ում երեխային են տիրանում եւ դառնում գորովագութ «ծնողներ»: Ընդունենք, որ վատ չէ, սակայն արդյո՞ք սա յուրատեսակ բռնություն չէ երեխայի հանդեպ, չե՞ն ոտնահարվում մանկան կենսաբանական իրավունքները՝ չարաշահելով վերջինիս՝ որոշում կայացնելու համար գիտակցական անկարողությունը եւ կամարտահայտման անզորությունը: Էլ չասենք, որ այսպես շարունակվելու դեպքում կուլիսներում մանկատան երեխաների, կամ ծնողական իրավունքից զրկման պահանջարկը կմեծանա: Չփորձե՞նք մենք էլ մե՛ր հերթին մարդու իրավունքների, բարոյակրթական որոշ հարցերի առումով ցուցումներ տալ Ազատ աշխարհին: Այսօր ազատ, ազատություն հասկացությունները տարբեր մարդկանց, տարբեր խմբերի կողմից տարբեր կերպ են ընկալվում: Ոտնահարվում են դիմացինի իրավունքները, արհամարհվում է հավասարության ճանապարհի ընթացքը:

Եթե հավասարություն է, ապա չպետք է միակողմանիորեն հրամցվի մի ծրագիր, որը հակասում է մեր ազգային արժեքներին: Կոչ եմ անում, որ սույն թեմայի վերաբերմամբ ծրագրերը կազմենք մեր ուժերով՝ չբացառելով այլոց դրական օրինակները:

Կանոնավոր գործընթացով, համակողմանի ծրագիր՝ իր բաժիններով ու ենթաբաժիններով, ստեղծելու համար ամենաքիչը մեկ տարի կպահանջվի: Անհրաժեշտ կլինի լիակատար փոխըմբռնման եւ փոխգործակցության պայմաններում համատեղել փորձառու եւ արհեստավարժ գիտնականների դիտարկումները, կարծիքներն ու տեսակետները: Երկարատեւ ուսումնասիրությունների, սաների տարիքային խմբերի նկատառումների արդյունքում կարելի է հասնել ցանկալի ծրագրի ստեղծմանը: Այնուհետեւ կանցկացվեն մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Որակավորվելուց հետո անհրաժեշտ գիտելիքներով զինված ուսուցիչները կգնան դպրոցներ: Այսպիսով՝ չի լինի տարերային, ինքնանպատակ ուսուցում՝ ով ինչպես կարող է: Չենք ունենա կիսամասնագետներ:

Ո՞վ գիտի, գուցե սրանով մենք էլ ունենանք մեր փոքրիկ ներդրումը մարդկության ճշմարիտ ընթացքի ճանապարհին: Հպարտանում ենք, որ եկել ենք դարերի խորքից: Այս դեպքում ինչո՞ւ չօգտագործել դարերով մեր ժողովրդի կերտած գեղեցիկ արժեքները: Մի՞թե այդ արժեքները չեն, որոնք խոր անցյալներից մեզ հասցրել են մինչեւ մեր օրերը եւ դեպի գալիք:

Այս է իմ պարզ ու բաց խոսքը՝ առանց ենթատեքստերի, շահարկումների եւ առանց գոյություն ունեցող այլազան երեւույթներին հարմարեցնելու:

Հասմիկ ԲԱԲԱՅԱՆ

մանկավարժ

«Առավոտ» օրաթերթ
29.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031