Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաները կօգնեն տարածել քիմիայի հանդեպ սերը»

Մայիս 30,2020 12:00

Մայիսի 23-ին կայացել է պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը, իսկ 30-ին  եզրափակիչն է:

«Այբ» կրթական հիմնադրամն արդեն 10 տարի անընդմեջ դպրոցականների համար կազմակերպում է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը:

Մինչ օրս մրցաշարին մասնակցել է 283 թիմ՝ 1415 աշակերտ եւ ավելի քան 280 ուսուցիչ։


2020 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը ստեղծեց նաեւ Քիմիկոսների ուսանողական մրցաշարը, որը դպրոցականների համար կազմակերպվող մրցաշարի տրամաբանական շարունակությունն է: Գիտության ու արտադրության մի քանի ճյուղերի համար շատ կարեւոր  այս ոլորտը երբեմն թվում է, թե մնում է ստվերում՝ դիրքերը զիջելով ավելի հնչեղ ժամանակակից անունների։ Սակայն դա թվացյալ է, քանի որ քիմիան համարվում է կենտրոնական գիտություն, քանի որ կազմում է բազային ու  կիրառական գիտությունների հիմքը։ Համավարակի այս օրերին հատկապես մեծ է քիմիկոսների ասելիքն ու անելիքը։

Նույն համավարակով պայմանավորված՝ «Այբ» կրթական հիմնադրամն այս տարի առաջին անգամ մրցաշարը կազմակերպում է առցանց: Քիմիական մրցաշարերի կազմակերպման մասին զրուցել ենք «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի համակարգող Նինա Հոբոսյանի հետ:

– Տիկին Հոբոսյան, ինչպե՞ս որոշվեց կազմակերպել առցանց մրցաշարը:  Արդյո՞ք բոլորն են պատրաստ նոր ձեւաչափին։

–  «Այբ»-ը մշտապես կարեւորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում՝ նորագույն տեխնոլոգիական լուծումների օգնությամբ կրթությունը վերափոխելու: Կարծում ենք, որ ոչ մի պարագայում կրթական գործընթացի շարունակականությունը չպետք է ընդհատվի եւ  ժամանակակից լուծումներն առաջին հերթին պետք է ուղղվեն մեր երեխաների համար նոր հնարավորությունների ստեղծմանը եւ նրանց կրթության իրավունքի իրացմանը: Առցանց մրցաշարի կազմակերպումը կրթությունը չընդհատելու «Այբ»-ի մոտեցումն է: Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի  2019-2020 թթ. քառորդ եզրափակիչը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, իսկ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը նախատեսված էին անցկացնել մայիսին: Այս իրավիճակով պայմանավորված՝ մենք որոշեցինք ոչ մի դեպքում չչեղարկել մրցաշարի այս փուլերը եւ երեխաներին հնարավորություն տալ պայքարել իրենց հաղթանակի համար: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի առցանց մրցաշարը արդարացնի երեխաների եւ դպրոցների բոլոր սպասելիքները:

–  Ինչպե՞ս որոշվեց ստեղծել նաեւ ուսանողական մրցաշարը:

– Դեռեւս երկու տարի առաջ սկսեցինք մտածել ուսանողական մրցաշար ստեղծելու մասին: Այն երեխաները, որոնք ավարտում էին դպրոցը եւ այլեւս չէին կարող մասնակցել պատանեկան մրցաշարին, անընդհատ մեր կողքին էին եւ շատ հաճախ էինք լսում, որ նրանք էլի են ուզում խաղալ: Եվ մենք սկսեցինք մտածել, թե ուրիշ ինչ հնարավորություններ կարող ենք ստեղծել նրանց համար: Կարծում էինք, որ պետք է Պատանի քիմիկոսների ուսանողական մրցաշարի շրջանավարտ գաղափարը զարգացնել եւ նոր ձեւաչափում ընդգրկել այս երիտասարդներին: Դե իսկ քիմիայի ոլորտը Հայաստանում տառացիորեն դատարկ է, սակայն այն մեծ դաշտ է, որտեղ կարելի է ազատորեն ստեղծագործել: Մեր երեխաները՝ Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի շրջանավարտները դարձել են ոլորտի սերնդափոխությունն ապահովող հիմնական դերակատարները: Եվ մենք մտածում ենք, որ այս երիտասարդներին պետք է հնարավորինս շատ խրախուսել եւ կապել իրենց մասնագիտության հետ:

– Ո՞րն է, ըստ ձեզ, այս մրցաշարերի յուրահատկությունը, ի՞նչն է գրավում մասնակիցներին:

– Իմ կարծիքով՝ մրցաշարերի յուրահատկությունը թիմով աշխատելու գաղափարն է եւ հարցերը, որոնց համար լուծումներ գտնելը ճախրելու հնարավորություն է տալիս: Երկու մրցաշարերի դեպքում էլ հարցերը բաց են, չունեն մեկ լուծում, այլ՝ լուծման մեթոդ կամ ուղղություն: Ե՛վ երիտասարդները ուսանողական մրցաշարում, եւ՛ ուսուցիչները պատանեկան մրցաշարում ազատ են ընտրելու եւ նոր մեթոդներ առաջարկելու: Ուսանողականի ժամանակ կար հարց, որին մասնակիցներից մեկն այլ կերպ պատասխանեց: Ես հասկացա, որ մեր հարցը ավելի նեղ էր, քան պատասխանը: Մենք մշակում ենք հարցերը՝ մեր պատկերացումներով որոշակիորեն սահմանափակելով լուծումները, բայց երեխաները կարող են ավելի լավ լուծումներ եւ մեթոդներ առաջադրել: Հենց այստեղ էլ ժյուրին պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել, դուրս գալ նախապես սահմանված չափորոշիչներից եւ գնահատել երեխաների մտքի թռիչքը եւ գիտելիքները: Հպարտությամբ կարող ենք ասել, որ երկրի ամենալավ մասնագետներն են մեր ժյուրիի անդամները:

– Ինչպե՞ս եք տեսնում մրցաշարերի զարգացումը:

– Կարծում եմ՝ պետք է մեծացնենք ուսանողական մրցաշարի աշխարհագրությունը: Մեր երիտասարդները լիովին պատրաստ են խաղալու այլ երկրների մասնակիցների հետ: Պետք է դիտարկել նաեւ արտասահմանյան հայտնի համալսարանների հետ համագործակցությունը՝ հնարավորություն տալով մեր երիտասարդներին դուրս գալ միջազգային հարթակ: Սա մեծ ոգեւորություն եւ զարգացում կարող է ապահովել: Միջազգային մրցաշարում կա նաեւ այսպիսի պրակտիկա. այն երեխաները, որոնք ավարտում են, հաջորդ տարի գալիս են արդեն որպես մարզիչ: Իրենք են սկսում դպրոցներում թիմեր կազմել, ինչպես նաեւ օգնել իրենց ուսուցիչներին: Դեռ մեր շրջանավարտներին հնարավորություն չի տրվել մարզելու երեխաներին:  Բայց կարծում եմ՝ սա եւս շատ լավ ուղղություն կարող է լինել:

Դպրոցական մրցաշարը զարգանալու եւս մեծ պոտենցիալ ունի. դիտարկում ենք մարզային մրցաշարեր կազմակերպելու հարցը, որի արդյունքում արդեն կանցկացնենք կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը: Սրա շնորհիվ մարզերում ավելի շատ երեխաների կկարողանանք ներգրավել: Մենք անգամ չէինք պատկերացնի, որ այս տարիների ընթացքում ամեն ինչ այսպիսի տեսք կստանա: Առաջին անգամ մասնակցում էր 6 թիմ, այս տարի՝ 41, դե իսկ ուսանողականին 5 թիմ մասնակցեց: Մեզ համար անչափ ուրախալի էր նաեւ Արցախի մասնակցությունը:

– Ուսանողական մրցաշարն առաջին անգամ անցկացվեց, հետոն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Հետոն մեր մասնակիցների «սիրային» նամակներից արդեն երեւում է: Տպավորություններն իսկապես շատ վառ էին, թե՛ ուսանողներն էին ոգեւորված, թե՛ ժյուրիի անդամները, թե՛ հյուրերը, քիմիայի գիտելիքների հիանալի ցուցադրություն էր ուսանողների կողմից: Այժմ աշխատում ենք ուսանողներին գործատուների հետ կապելու ուղղությամբ: Մրցաշարի կարեւորագույն նպատակը հենց այդ պայծառ ուսանողների տեղը ցույց տալն է գործատուներին, ինչպես նաեւ դպրոցների հետ նրանց կապելը: Եթե մենք կարողանանք այդ երեխաներին կապել դպրոցների հետ, տանել նրանց դպրոց, որպեսզի, օրինակ, օլիմպիական խմբակ պարապեն՝ որոշակիորեն վարձատրվելով, ապա, կարծում եմ, ամեն ինչ դեռ կարելի է փրկել հայկական քիմիական իրականության մեջ: Մեր այս հիասքանչ երեխաները կարող են իրենց շուրջը մարդիկ համախմբել եւ տարածել սերը քիմիայի նկատմամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր տաղանդավոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին, մեր բոլոր գործընկերներին ու աջակից կազմակերպություններին եւ քիմիան որպես մասնագիտություն ընտրող երիտասարդներին:

Մենք հավատում ենք, որ մեր բոլորի ջանքերը վստահաբար կնպաստեն մեր երկրում քիմիայի զարգացմանը եւ երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Զրուցեց

Անի ՍԱՀԱԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031