Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պատմել Գարիկ Մաշադյանի զոքանչը սպանված կնոջ դստերը

Մայիս 29,2020 23:50

Տարեց կնոջ սպանության գործով մեղադրյալ Գարիկ Մաշադյանը, ըստ մեղադրական եզրակացության, սպանվածից 300 դոլար գումար պարտքի դիմաց գրավադրել էր հորից ստացած ոսկե խաչը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը Aravot.am-ին հայտնեց, որ մեղադրական եզրակացությունն ու Մաշադյանին առաջադրված մեղադրանքի որոշումն ամբողջությամբ Մաշադյանի ցուցմունքի վերարտադրությունն է. «Մաշադյանն ինչ ցուցմունք տվել է, արտատպման եղանակով տեղադրվել է մեղադրանքի որոշման ու մեղադրական եզրակացության մեջ: Ամբողջ նախաքննության ընթացքում Մաշադյանի ցուցմունքը որեւէ քննչական կամ դատավարական գործողությամբ ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է»:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, բանավոր պայմանավորվածության համաձայն՝ սպանվածը՝ Ցողիկ Բադիկյանը, պարտավորվել է մեկ ամիս անց գումարը և տոկոսադրույքը ստանալուն պես վերադարձնել ոսկե խաչը, սակայն նախապես պայմանավորված օրը Գարիկ Մաշադյանը չի կարողացել կատարել իր ստանձնած պարտավորությունը և միայն պայմանավորվածության ժամկետը լրանալուց շուրջ 5 օր անց վերցրած 300 ԱՄՆ դոլար գումարը և դրա տոկոսադրույքը կազմող 30 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու և խաչը հետ ստանալու նպատակով գնացել է Ցողիկ Բադիկյանի նշված բնակության վայրը, սակայն վերջինս հայտնել է, որ ստանձնած պարտավորության ժամկետը խախտելու պայմաններում վաճառել է գրավադրված ոսկե խաչը: Գարիկ Մաշադյանը տեղեկացրել է, որ նշված խաչն իր հոր հիշատակն է, պահանջել է այն վերադարձնել, իսկ Ցողիկ Բադիկյանը պարտավորվել է հնարավորության սահմաններում փորձել այն վերադարձնել: Օրեր անց վերը նշված պահանջով Գարիկ Մաշադյանը կրկին հանդիպել է Ցողիկ Բադիկյանին, սակայն վերջինս հաստատապես պնդել է, որ չի կարող վաճառված ոսկյա խաչը վերադարձնել:

Հիշեցնենք նաեւ, որ Գարիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով, Մաշադյանի նկատմամբ, ի սկզբանե քրեական գործ էր հարուցվել ՔՐ. օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի, 8-րդ կետով՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն. «Հետագայում Մաշադյանը ցուցմունք է տալիս, որ ինքը գնացել էր իր խաչը փնտրելու, ու քրեական գործը միանգամից 104 հոդվածի 2-րդ մասից վերաորակվում է առաջին մասի, ու մեղադրանք է առաջադրվում առաջին մասով, գործն ուղարկվում է դատարան: Լավ, ենթադրենք, այդ մարդն իր խաչն էր փնտրում, այդ խաչի մասին որեւէ տեղեկություն նախաքննական մարմինը պե՞տք է տեղեկություն ունենար, թե՞՝ ոչ: Մենք ունենք տեղեկություններ այն մասին, որ տուժողի դուստրը հեռախոսազրույց է ունեցել Մաշադյանի զոքանչի հետ, վերջինս, փոխանցելով իր դստեր խոսքերը, ասել է, որ Մաշադյանը երբեւէ նման խաչ չի ունեցել, Մաշադյանն ինչ ասել է, իրականությանը չի համապատասխանում: Մենք այդ ապացույցը ներկայացրել ենք նախաքննական մարմին, քննչական մարմինը մեր ներկայացրած այդ դիսկն ապացույց չի ճանաչել՝ նշելով, որ այն ապացուցողական նշանակության տեղեկություններ չի պարունակում: Մաշադյանը նշում է, որ մտել է տուժողի տուն, տեսել թանկարժեք իրեր, բայց դրանք չի վերցրել, զուտ իր խաչն է փնտրել: Մաշադյանը դրանից առաջ երկու անգամ հափշտակության համար է դատվել, ի՞նչ եք կարծում, Մաշադյանը տեսավ 5 միլիոն դրամ արժողությամբ ոսկե զարդեր, դրանք չվերցրե՞ց, ինչ է թե իր խա՞չն էր փնտրում: Կամ որքանո՞վ է արժանահավատ , որ Մաշադյանն իր խաչը չգտավ, ոսկե զարդերը թողեց տանն ու նրա հեռանալուց հետո անհայտ անձը մտավ հափշտակեց այդ զարդերը, սա ծաղր ու ծանակ է տուժողի ընտանիքին հանդեպ»:

Փաստաբանի խոսքով, իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ Մաշադյանը 300 դոլար պարտք է վերցրել սպանվածից, խաչն էլ գրավադրել. «Տուժողի տնից հայտնաբերվել է տետր, որտեղ նա արձանագրել է բոլոր իր պարտքերը: Նշված է եղել, որ Մաշադյանի ընտանիքին 20.000 դրամ գումար է պարտքով տվել, 40.000 դրամ արժողությամբ օծանելիք Մաշադյանի կնոջը: Բոլոր մանրուքները արձանագրված են եղել, եթե տուժողը արձանագրում է իր տված 20.000 դրամը, 300 դոլարի պարտքը չի՞ արձանագրի»:

Փաստաբանը Մաշադյանի մեղադրանքի մեղմացման հետեւում տեսնում է Նիկոլ Փաշինյանի կնոջը, որը, ըստ նրա, Մաշադյանի մորաքրոջ աղջիկն է, բացի այդ՝ Գարիկ Մաշադյանի եղբոր աներձագին, որը քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է՝ Արման Պողոսյանը եւ Ռաֆիկ Մաշադյանի որդուն, վերջինս էլ, ըստ փաստաբանի, դատախազությունում է աշխատում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031