Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Բացահայտվել են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահի ապօրինությունները». Ոստիկանություն

Մայիս 29,2020 21:21

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։

Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։

Ինչից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրերի կնքման արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների անվամբ, իսկ մնացած մասը ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անվամբ։

Բացի այդ, ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին՝ ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։

Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031