Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խնդիրներ կան շենքային պայմանների և ավտոպարկի թարմացման հետ

Մայիս 29,2020 22:10

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։

Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։

Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատավարձերի վերանայման և մասնագիտության նկատմամբ բուժաշխատողների հետաքրքրությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր։

Ի դեպ, համաճարակաբանների պակասը տարիներ շարունակ առկա է հանրապետությունում։ Դեռ անցյալ տարվանից զարգացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնը, որի շրջանակներում վերապատրաստվելու և կրթվելու հնարավորություններ են ստեղծվել և այս նոր իրողությունը հաշվի առնելով գործընթացն ավելի լայն թափով է իրականացվելու։

Մասնաճյուղերի տնօրենները ներկայացրել են, որ այս շրջանում կենտրոնների մասնագետներն աշխատում են գերլարված ռեժիմով և ապահովում են պացիետների վաղ հայտնաբերումը, պարզում նրանց սերտ շփումների շրջանակը և կազմակերպում ինքնամեկուսացումը, ինչպես նաև կատարում են նմուշառումներ և տեղափոխում լաբորատորիաներ։

Քննարկման ընթացքում պարզ է դարձել նաև, որ խնդիրներ կան շենքային պայմանների և ավտոպարկի թարմացման հետ։

Նախարարը հայտնել է, որ մեքենաների թարմացման գործընթացն արդեն իսկ սկսվել է և 6 ամենագնացներ ու 5 շտապօգնության մեքենա (Ford մակնիշի) առաջիկայում կտրամադրվի կենտրոններին։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում մեկնարկելու է ՀՎԿԱԿ-ի երեք մասնաճյուղերի, մասնավորապես Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքներում տեղակայված շենքերի վերանորոգումը և սարքավորումներով հագեցումը։ Նշենք, որ հինգ մարզային մասնաճյուղերում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման և վերազինման աշխատանքներ։ Դրանք են՝ Գեղարքունիում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Շիրակում տեղակայված մասնաճյուղերը։

Վերջում, մարզային պատասխանատուները ներկայացրել են նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ մարզերի կտրվածքով։

Նախարարն արձանագրել է բարձրացրած բոլոր հարցերը և հանձնարարել ներկայացնել առաջարկներ՝ խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ոլորտի աշխատակիցներին՝ կատարած ծանր աշխատանքի համար։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031