Լրահոս
Օրվա լրահոսը

Հովակիմ Զաքարյան. «Մոտ 10 օր հետո կորոնավիրուսի դեպքերի ավելի կտրուկ աճ է լինելու»

Մայիս 29,2020 20:45

Կառավարությունը չի ուզում ընդունել, որ տապալել է արտակարգ դրության ռեժիմի ապահովումը: Այս կարծիքին է վիրուսաբան, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը:

Օր օրի կորոնավիրուսային հիվանդացության ավելի շատ դեպքեր են արձանագրվում: Ընդ որում, ինչպես վիրուսաբանն է նկատում, սա հետեւանքն է մայիսի 4-ին արտակարգ ռեժիմի թուլացման:

Զաքարյանի կարծիքով՝ արտակարգ ռեժիմն, ըստ էության, թղթի վրա կարանտինը խիստ էր, երկու ամիս խիստ կարանտինի մեջ էինք, բայց եթե կազմակերպչական ու վերահսկողական միջոցառումներում կառավարությունը թերանում է, արձանագրվում է այն պատկերը, որն այսօր ունենք. «Ոչինչ չէր խանգարում կարանտինն ապահովել այնպես, ինչպես թղթի վրա ձեւակերպված էր՝ ամենայն խստությամբ՝տուգանեին, եթե չեն հետեւում պահանջներին, խանութների աշխատանքը հսկեին, ամենուրեք խստագույն վերահսկողություն պետք է լիներ»:

Վիրուսաբանի դիտարկմամբ՝ վարակակիրների թվով մի քիչ զիջում են Շվեդիային, իսկ եթե այս տեմպը պահպանվի, մեկ շաբաթ հետո կանցնենք Շվեդիային, այն երկրին, որտեղ կարանտին չի էլ եղել. «Մենք իբր թե խիստ կարանտինային միջոցառումներ ենք արել, բայց չենք ուզում ընդունել, որ տապալել ենք դրա կազմակերպումը: Իսկ մեղքը միայն սովորական քաղաքացիների վրա բարդելը, ուղղակի սեփական պատասխանատվությունից խուսափել է: Ցանկացած համաճարակաբան, որը պետական հիմնարկում չի աշխատում, նույնը կասի՝ սա «նոն սենս» է, երբ երկու ամիս կարանտինից դուրս գալով ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան կարանտինի միջնամասում էր»:

Մի շարք ՀԿ-ներ պարետատանը, կառավարությանն առաջարկում են երկու շաբաթ խստագույն կարանտին սահմանել, արդյոք սա օգուտ կտա՞, վարչապետն անձամբ է ցույց տալիս ինչպես դիմակ կրել, որ դա կարեւոր է եւ այլն, դա մարդկանց վարքագիծը կփոխի՞, մեր այս հարցերին ի պատասխան գիտաշխատողն ասաց. «Մի շեմ կա, որից եթե անցնում ես, եւ կա վարակակիրների որոշակի քանակ, որոշակի ծավալի շրջանառվող վարակ, դրանից հետո գերբարդ է դառնում վերահսկելը: Իմ մտավախությունն այն է, որ մենք այդ շեմն արդեն անցել ենք: Հիմա դու կարող ես օրը երեք անգամ էլ դիմակով ուղիղ եթեր մտնես ու ասես, որ դրա կրումը շատ կարեւոր է՝ իրավիճակը չի փոխվում եւ միայն հայտարարություն անելը բավական չէ իրավիճակը վերահսկելու համար»:

Զաքարյանն ասաց, որ ինքը դեռ երկու շաբաթ առաջ էր ասում՝ պետք է դիմակ կրելը պարտադիր դարձնել, դա շատ կարեւոր է, բայց նաեւ նկատեց՝որ բոլորն են ի վիճակի ամեն օր դիմակ գնել. «Երբ ասում են՝ տնային պայմաններում պատրաստել եւ կրել, անընդունելի է, որովհետեւ բժշկական դիմակն ունի որոշակի կառուցվածք, որը թույլ է տալիս շնչել: Չի կարելի ինքնաշենը դիմակը փոխարինել բժշկականին: Կառավարությունը պետք է անվճար դիմակներով ապահովեր խոցելի եւ սոցանապահով խմբերին»:

Վարակաբանն այն կարծիքին է, եթե անգամ ՀԿ-ների առաջարկն ընդունվի, բայց կարանտինի ռեժիմի վերահսկողությունը չապահովվի, որեւէ արդյունք չի լինի:

Զաքարյանի խոսքերով. «Ես գրեթե վստահաբար կարող եմ ասել՝ մոտ տաս օր հետո դեպքերի ավելի կտրուկ աճ է լինելու՝ եթե թեստավորումն էլ ավելացնեն, ավելի շատ դեպքեր կլինեն,հաշվի առնենք, որ մայիսի կեսին տրանսպորտն էլ աշխատեց: Այսօրվա օրական 300-400 դեպքերը մայիսի չորսի հետեւանքն է, թուլացրեցին ռեժիմը, իսկ վարակը երեք շաբաթ հետո նոր դրսեւորվում է, ախտանիշներն են ի հայտ գալիս: Այսօր մենք տեսնում ենք մայիսի չորսի արդյունքները»:

Այսօր կառավարությանը քննադատում են, որ շատ ուշացած սկսեց խիստ միջոցառումները, բայց կառավարությունն էլ հղում է անում ԱՀԿ-ին, նշելով՝ հետեւում են նրանց առաջարկներին: Վիրուսաբանն այս առնչությամբ ասաց՝ ԱՀԿ-ն սովորական մի կառույց է, որտեղ շատ դեպքերում նստում են սովորական պաշտոնյաներ, բնականաբար պետք է հղում նրան, որովհետեւ իրենց «ռեկոմենդացիաները» հիմնված են լուրջ ուսումնասիրությունների, մեծածավալ տվյալների վերլուծությունների վրա. «Բայց միեւնույն ժամանակ դու սեփական ռեսուրսներ պետք է ունենաս, սեփական վերլուծական ունակություն ունենաս, որպեսզի վերլուծես տվյալ իրավիճակում քեզ ինչն է հարմար: ԱՀԿ-ն երբեք չի սահմանափակում երկրին հավելյալ քայլեր ձեռնարկելու: Եթե անընդհատ ԱՀԿ-ին ես հղում տալիս, նույնն է, որ դու պատասխանատվությունը քո վրայից գցում ես ԱՀԿ-ի վրա, ասելով՝ այդպես են ասել՝ այդպես եմ արել:

Երկուսուկես ամիս առաջ, երբ ես հայտարարում էի՝ դիմակ կրելն առողջ մարդու համար կարեւոր է, որովհետեւ նվազեցնում է վարակի տարածման հավանականությունը, հոդվածներ էի մեջբերում, հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցն ինձ ասում էր՝ ԱՀԿ-ն այդպիսի բան չի ասում: Ես էլ ասում էի՝ ԱՀԿ-ն հիմա չի ասում, կարող է մեկ ամիս հետո ասի: Ինչո՞ւ եք այդ մեկ ամիսը բաց թողնում: Սեփական պատասխանատվություն չվերցնելով ու հավելյալ քայլ չանելով մեղադրել Պողոսին կամ Պետրոսին, ճիշտ չէ»:

Կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածելը, թե այն սուտ է, պատվաստանյութ վաճառելու համար են անում եւ այլն, որքանով է ազդում հանրային պատասխանատվության եւ գիտակցության վրա, այս հարցին ի պատասխան էլ Զաքարյանն ասաց. «Ընդ որում, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում ապատեղեկատվություն տարածողները: Երբ կարանտին ես սահմանում, բայց միեւնույն ժամանակ մեդիա դաշտը բաց ես թողնում եւ ով, ինչ ուզում՝ գրում է, ով, ինչ ուզում՝ ասում է մեդիայով, եւ ընդ որում մարդիկ, որոնք մեծ լսարան ու որոշակի շրջանում հեղինակություն ունեն, ինչ-որ բժիշկներ եւ այլն, երբ բաց ես թողնում ու ասում՝ մամուլի ազատությունը չենք սահմանափակում, ունենում ենք այն, ինչ կա այսօր: Բայց չմոռանանք, որ ի սկզբանե պետական այրերն էլ խնդրին ի սկզբանե այլ կերպ էին մոտենում, սկզբում մի բան էին հայտարարում, հետո, երբ տեսան վիճակը բարդանում է՝ այլ բան հայտարարեցին: Սկզբում ասում էին՝ առողջ մարդուն դիմակ պետք չէ, հետո հակառակն ասացին, նորմալ է, կարող են հակասական հայտարարություններ լինեն, բայց երբ դու չես հիմնավորում, թե ինչու էիր առաջ այլ բան ասում, հիմա՝ այլ բան, մարդիկ չեն հասկանում, մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ փոխվեց, որ հիմա պետք է դիմակ, ու ինչո՞ւ գնամ դիմակ առնեմ»:

Գիտնականը քովիդ 19-ի դեմ դեղամիջոցի կամ պատվաստանյութի մասին էլ ասաց. «Եթե նույնիսկ այս տարի պատվաստանյութ գտնեն, լուրջ կասկածներ ունեմ, դրա արդյունավետության եւ անվտանգության վերաբերյալ, որովհետեւ պատվաստանյութ գտնելը մի բան է, բայց դրա փորձարկումը, որպեսզի հաստատվի դրա անվտանգ լինելը, բավականին ժամանակ է պահանջում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031