Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի նշանակումը` Արթուր Վանեցյանի «քավորությամբ» է. Հայկ Խանումյան

Մայիս 29,2020 20:35

«ԱԽ նոր քարտուղարի նշանակումը մենք տեսնում եմ Հարությունյան-Բաբայան ընդհանուր գործարքի մեջ, որը սկիզբ էր առել դեռ 2019թ. ամռանն Արթուր Վանեցյանի քավորությամբ: Այդ ժամանակ Վանեցյանը դեռևս ՀՀ ԱԱԾ տնօրենն էր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանն`անդրադառնալով «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ստորագրած հուշագրին, ինչի արդյունքում, Սամվել Բաբայանը նշանակվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում:

«Գործարքի տրամաբանությունը պարզ էր՝ Բաբայանը հնարավորինս կոպիտ քննադատում էր Արայիկ Հարությունյանին, վերցնում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները, ապա ընտրություններից հետո համագործակցում Արայիկ Հարությունյանի հետ՝ ստանալով որոշակի պաշտոններ: Արցախյան քաղաքական դաշտում նման քաղաքական առևտուրն առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում, ուղղակի դերակատարներն են փոխվել»,- ասաց Հայկ Խանումյանը:

Միանշանակ չի ընկալվում նաեւ Մասիս Մայիլյանի վերանշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում: Արայիկ Հարությունյանի աջակիցներից շատերն արդեն հրապարակային իրենց հիասթափությունն են հայտնում եւ կարծում են, որ նման կառավարություն ձեւավորելով Արայիկ Հարությունյանը չարաշահել է իրենց վստահությունը, քանզի այլ խոստումներ են եղել, այլ սպասելիքներ եւ ակնկալիքներ ունեին Արայիկ Հարությունյանից. Aravot.am-ի այս դիտարկումներին, Հայկ Խանումյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ ի՞նչ են ասում Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, բայց գիտեմ թե ի՞նչ են ասում Մասիս Մայիլյանի շատ կողմնակիցներ: Մասիս Մայիլյանը քաղաքական առևտրի փորձ ունի, նա ժամանակին եղել է Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը, ապա դարձել նրա ենթական: Նույն ճանապարհով նա գնաց նաև Արայիկ Հարությունյանի հետ հարաբերություններում: Առնվազն մեզ համար վաղուց հստակ էր, որ Մասիս Մայիլյանն այլընտրանքային թեկնածու լինել չի կարող, որ նա իշխանական դրածո է, որի գլխավոր նպատակը հանրային կարծիքի մանիպուլյացիան է լինելու: Կարելի է ասել, որ թե՛ Բաբայանը, թե՛ Մայիլյանն իրենց դերերը լավ խաղացին, իսկ հասարակությունն այս ամենից դուրս եկավ էլ ավելի թուլացած և հիասթափված»:

Այս իրավիճակում, «Ազգային վերածնունդը», ըստ Հայկ Խանումյանի, լինելու է արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ, որի գլխավոր նպատակն է մնում արցախյան հասարակության ուժեղացումը. «Ցավոք, արցախյան հասարակության խնդիրները գրեթե ընկալելի չեն ոչ պաշտոնական Երևանի մոտ, ոչ էլ հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մեծագույն մասի մոտ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031