Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Իրավիճակը վատթարանում է. նման տեմպերով կհասնենք Իտալիայի ցուցանիշին»

Մայիս 29,2020 18:30

«Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է վատթարանալ: Երեկ ունեցել ենք 460 նոր դեպք: Մեկ միլիոն բնակչին ընկնող դեպքերով արդեն անցել ենք Իրանի եւ Ֆրանսիայի ցուցանիշները: Ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին»,-պարետատան նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Խոսքը մեկ միլիոն բնակչի հաշվով դեպքերի քանակի մասին է: Համաճարակի տարածման նման տեմպը, անկախ նրանից, թե վարակվածների քանի տոկոսն ունի ախտանշաններ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր եւ մահվան դեպքերի աճի»,-նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակի պատճառը քաղաքացիների՝ հակահամաճարակային կանոնների ոչ պատշաճ պահպանումն է եւ դրանց ոչ պատշաճ լրջությամբ հետեւելը. «Դիմակը պետք է հանել միայն սնվելիս, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, բացառել առանց դիմակի շփումն ընտանիքի անդամ չհանդիսացող մարդկանց հետ: Առանց դիմակի շփվեք միայն ձեր ընտանիքի անդամների հետ: Շահարկումների առիթ չտալու համար շեշտեմ, որ տնային պայմաններում էլ կարող եք դիմակ պատրաստել: Այն պետք է փոխել 3-4 ժամը մեկ, ախտահանել, լվանալ եւ հաջորդ օրն օգտագործել»:

Փաշինյանն ընդգծեց՝ վստահ են, որ այս կանոնների պահպանումը կբերի վարակվածների թվի նվազեցմանը եւ համաճարակի հաղթահարմանը. «Այն կախված է մեր առաջարկած կանոնների պահպանման որակից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031