Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Առաջիկայում Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ձևավորմամբ կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը. Սուրեն Պապիկյան

Մայիս 29,2020 18:07

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերն  այսօր հեռավար հանդիպում են ունեցել՝ քննարկելու ՏԿԵ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցությամբ Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում արձանագրված հաջողությունները և նախանշելու համագործակցության հետագա շրջանակը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ուղղված օժանդակության համար՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառած անհարմարությունները չեն անդրադառնալու երկու երկրների կառավարությունների միջև բարեկամական հարաբերությունների վրա, և համատեղ աշխատանքի արդյունավետությունը չի տուժելու:
Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել նախարարության հետ տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընկերային հարուստ փորձը և վերահաստատել համայնքային կարողությունների զարգացման ու ապակենտրոնացված կառավարման գործում ՀՀ կառավարության նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է համայնքների միավորման գործընթացում ՀՀ կառավարության իրականացրած քայլերին և օրենսդրական բարեփոխումներին

«Երկու տարվա ուսումնասիրություններից և եզրահանգումներից հետո  մենք արդեն հրապարակային խոսում ենք համայնքների միավորման արդյունավետության մասին: Պետք է փաստել, որ այսօր ունենք խոշորացված համայնքներ, որոնք տարբեր ուղղություններով դարձել են ինքնաբավ և շնորհիվ իրենց տնտեսական ներուժի պատրաստ են վերցնել կառավարման որոշակի լիազորություններ»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշել է, որ առաջիկայում Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ձևավորմամբ կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը: Օրենսդրական բարեփոխումների շրջանակում նախարարը կարևորել է նաև բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգի ներդրումը, դրա արդյունքում ավագանու դերի մեծացումը և փոխզսպման մեխանիզմի ամրապնդումը:

«ԱՄՆ ՄԶԳ-ն ևս համայնքների միավորման գործընթացի շարունակականությունը համարում է կարևոր խնդիր և նպատակ: Մենք կարծում ենք, որ ապակենտրոնացված և առավել կայացած տեղական ինքնակառավարման շնորհիվ հնարավոր է գյուղական բնակավայրերում ապահովել տնտեսության զարգացման նոր հեռանկարներ:Սա նրանց կդարձնի առավել դիմակայուն, ինչը հատկապես կենսական է COVID-19 ճգնաժամին արձագանքելու տեսանկյունից»,-ասել է Դեբորա Գրիզերը և հավելել, որ համայնքային կարողությունների զարգացմանն աջակցելու հանձնառությունը կշարունակի մնալ ԱՄՆ ՄԶԳ 5-ամյա նոր ռազմավարության պլաններում:

Խոշորացված համայնքների կառավարման առավելությունների թվում նախարարը մատնանշել է աղբահանության իրականացումը, տրանսպորտային ցանցի գործարկումը, գյուղատնտեսական տեխնիկայով վերազինման հնարավորությունը: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ երկարամյա ներդրումները միավորված համայնքներում ծառայությունների բարելավման, բնակավայրերի ռեսուրսների հզորացման, տեխնիկական համալրման ուղղությամբ:
«Միավորման գործընթացը կարևոր է առաջին հերթին հենց բնակչի համար: Այն պետք է ընթանա սահուն, քաղաքացիների համար ընկալելի՝ հանրային քննարկումների արդյունքում վերհանելով գործընթացի դրական կողմերը: Լիահույս եմ, որ ձեր գործուն աջակցությամբ տեղական ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին կարձանագրենք իրական փոփոխություններ, իսկ համավարակին արձագանքելու արդյունավետ միջոցառումների ձեռնարկմամբ տնտեսական հեռանկարային առաջընթաց»,-ամփոփել է նախարար Պապիկյանը:

Զրուցակիցները վերահաստատել են առկա համագործակցությունը խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031