Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյանը՝ ԱՀ արտաքին գործերի նախարար. Արայիկ Հարությունյանի հրամանագրերով մի շարք նշանակումներ են կատարվել

Մայիս 29,2020 17:52

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, ըստ որոնց՝ Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Սամվել Շահրամանյանը՝ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Հանրապետության նախագահն այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ, նրանց հետ քննարկել առաջիկա անելիքները: Նա անընդունելի է համարել Արցախի հարցով Ադրբեջանի վարած ռազմաշունչ դիվանագիտությունը՝ նշելով, որ այն հակամարտության կողմերին հեռացնում է խաղաղ կարգավորման գործընթացից: Հաջողություն մաղթելով նախարար Մայիլյանին՝ նախագահը հանձնարարել է ակտիվացնել արտաքին քաղաքական ճակատում իրականացվող աշխատանքները:

Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է Շուշի քաղաք և նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանին ներկայացրել կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ստեղծված ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության անձնակազմին: Նախագահն իր խոսքում նշել է, որ նոր նախարարության ձևավորումն ինքնանպատակ չի եղել, քանի որ խնդիր է դրված երիտասարդ սերնդի շարունակական դաստիարակության կազմակերպումը որակական նոր մակարդակի հասցնելու: Նա շնորհակալություն է հայտնել մշակույթի,  երիտասարդության հարցերի և զբոսաշրջության արդեն նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանին բարեխիղճ աշխատանքի համար:

Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ Այդ առթիվ նախագահն այսօր այցելել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայություն և անձնակազմին ներկայացրել Կամո Աղաջանյանին: Ա. Հարությունյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին և համոզմունք հայտնել, որ նոր տնօրենի գլխավորությամբ ծառայության աշխատանքը հավուր պատշաճի կիրականացվի:

Ժիրայր Միրզոյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար, իսկ Աշոտ Բախշիյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումներ, ըստ որոնց՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Արտյոմ Սարիբեկյանը, իսկ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար՝ Էրիկ Հարությունյանը:

 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031