«Շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ է բլանկետային նորմը: Այս ձեւակերպումն օգտագործվում է խորհրդատվական կարծիքում: Դա այն նորմն է, որը քրեական օրենսգրքում չի, այլ մեկ այլ փաստաթղթում է: Օրինակ՝ 300.1 հոդվածը: Դրա հիմնական նորմերը գտնվում են սահմանադրության մեջ: Այսինքն, սահմանադրությունն է բլանկետային նորմը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց 2008թ. մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Քոչարյանին մեղսագրվող՝ 300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք, որը ստանալու դիմում էր հղել ՀՀ սահմանադրական դատարանը:
Արամ Վարդեւանյանը պարզաբանեց խորհրդատվական կարծիքում ամրագրվածը. «Ինչպես մենք նախկինում քանիցս ասել ենք, ՄԻԵԴ-ն էլ սահմանել է՝ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել եւ իրավաչափ լինել միայն այն դեպքում, երբ այն բավարար հստակ է եւ կանխատեսելի: ՄԻԵԴ-ը մեկ այլ կարեւոր հանգամանք է շեշտել, որ արարքի շրջանակը, այսինքն՝ այն արարքը, որը հանցագործություն է համարվում, պետք է լինի հստակ: Այսինքն, հստակ պետք է լինի նաեւ ծավալն առ այն, թե մինչեւ որտեղ է արարքը համարվում հանցագործություն: 300.1 հոդվածը նաեւ այս պահանջին չի բավարարում: Սա ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի կարեւոր հանգամանքներից է, որը մեր կողմից օգտագործվելու է: Հետեւաբար, երբ խոսում ենք նորմի կանխատեսելիության մասին՝ պետք է փաստել, որ 300.1 հոդվածը դրան չի համապատասխանում եւ չի բավարարում, քանի որ 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո 300.1 հոդվածը փոփոխության չի ենթարկվել»:
Ինչ վերաբերում է այս հոդվածի հետադարձ ուժին, Արամ Վարդեւանյանի խոսքով՝ «Եթե ՄԻԵԴ-ը խնդիր չտեսներ, կգրեր, որ այստեղ խնդիր չկա: ՄԻԵԴ-ն իր դիրքորոշումների ազատության մեջ որեւէ խնդիր չունի, եւ եթե որեւէ հարց է վերլուծում նման ծավալուն փաստաթղթով, նշանակում է՝ դրանում խնդիր կա: Եթե չլիներ, ՄԻԵԴ-ը վարույթ չէր ընդունի: Իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որում հոդվածի հետադարձ ուժի առնչությամբ կոնկրետ նշված է՝ ավելի խստացնող արարքը չի կարող հետադարձ ուժ ունենալ: ՄԻԵԴ-ը նշել է նաեւ կանոնը, թե ինչպես է պետք որոշել՝ հետադարձ ուժը կիրառելի՞ է, թե՞ ոչ, այսինքն՝ արարքի քրեական հետապնդումը պե՞տք է դադարեցվի, թե ոչ: Բառացի ասված է՝ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային: Իսկ ՀՀ-ում ունեցել ենք «7-ի գործ», դրա նույն հատկանիշներով՝ նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ քրեական հետապնդման դադարեցում մեկ պատճառով՝ հետադարձ ուժի չկիրառում»:
Կարդացեք նաև
Ընթերցողների համար պարզաբանենք հետեւյալը: Սահմանադրական կարգի տապալման գործի նախաքննության եւ դատաքննության ընթացքում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս մեղադրյալ-պաշտոնյաների փաստաբանները պարբերաբար բարձրաձայնել են, որ.
-Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ նման հոդված գոյություն չուներ, եւ քանի որ 2009թ.-ին քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ավելացվել են 300.1 եւ 300.2 հոդվածները:
-Այս փոփոխությունը դեռեւս հայտնի «7-ի գործով» դատախազությունը համարել է անձի վիճակը վատթարացնող, իսկ ՔՕ-ի համաձայն՝ նման օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ:
-Քոչարյանը եւ մյուսները մեղադրվում են մի հոդվածով՝ 300.1, որը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դեռեւս գոյություն չուներ, ուստի այս դեպքում էլ Քոչարյանի եւ մյուսների հանդեպ քրեական հետապնդումը, նրանց պաշտպանների խոսքով, պետք է դադարեցվի, ինչպես դադարեցվեց «7-ի գործով» մեղադրյալների հանդեպ՝ Նիկոլ Փաշինյան, Գրիգոր Ոսկերչյան, Սասուն Միքայելյան, Մյասնիկ Մալխասյան եւ մյուսներ:
Այսպիսով, Արամ Վարդեւանյանի բնորոշմամբ, ՄԻԵԴ-ը հստակ փաստել է, որ արարքը խստացնող հոդվածը չի կարող ունենալ հետադարձ ուժ. «Սրա հասցեատերը ՍԴ-ն է եւ մենք, եւ այն օգտագործվելու է հասցեատերերի կողմից՝ իրավունքի զարգացման համար: Առաջին անգամ ունեցանք բլանկետային նորմի վերաբերյալ ՄԻԵԴ որոշում: Սա կարեւոր է այնքանով, որ մեր կողմից տեւական ժամանակ ներկայացված դիրքորոշումները հաստատվեցին ՄԻԵԴ-ում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ