Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար շրջանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում (խորհրդարան)։ Փայլանը թեմայի վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված հարցադիմում է հանձնել խորհրդարանի ղեկավարությանը։
Հարցադիմումի մեջ հայ պատգամավորը նախ թվարկել է վերջին շրջանում Ստամբուլի հայկական եկեղեցիների նկատմամբ ատելության հողի վրա տեղի ունեցած հարձակումները, ապա հիշեցրել, որ այդ հարձակումներից հետո Թուրքիայի նախագահն ու նախարարները դատապարտող հայտարարություններ չեն արել։
«Որևէ նախագահ չպետք է լուռ մնա այն ժամանակ, երբ ատելության հողի վրա հարձակումներ են տեղի ունենում սրբավայրերի վրա։
Չպատժված, չդատապարտված ատելության հողի վրա հանցագործությունը կրկնվել է․ 2020-ի մայիսի 26-ին Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (պարսպի դռան-խմբ․) խաչը պոկել ու գետնին են նետել։ Այսպիսով ատելության հողի վրա ևս մեկ հանցագործություն է տեղի ունեցել»,- գրել է Փայլանը, ապա Թուրքիայի փոխնախագահին ուղղել հետևյալ հարցերը։
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ չեք ձեռնարկում միջոցներ փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի վրա պարբերաբար տեղի ունեցող հարձակումների դեմ։
– Ատելության հողի վրա հայկական եկեղեցիների դեմ իրականացվող հարձակումները ինչո՞ւ չեք կանխում։
– Ինչո՞ւ չեք դատապարտում եկեղեցիների վրա կատարված հարձակումները։
– Հնարավո՞ր է կանգնեցնել ատելության հողի վրա տեղի ունեցող հարձակումներն այն պարագայում, երբ հանրապետության նախագահը շարունակում է կիրառել այնպիսի ատելության խոսքեր, ինչպիսին օրինակ «թրի ավելցուկ»-ն է։
– Արդյո՞ք հանցավոր խտրականության չեք ցուցաբերում՝ չկանգնեցնելով եկեղեցիների վրա ատելության հողի վրա կատարվող հարձակումները։
– Եթե ատելության այսպիսի հանցագործություններ կատարվեին ոչ թե եկեղեցու, այլ՝ մզկիթի դեմ, լուռ կմնայի՞ք։
Ավելացնենք, որ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահությանը ևս մեկ հարցադիմում է հանձնել ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Թումա Չելիքը։ Չելիքը հարցադիմումն էլ ուղղված է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։