Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ կլինի, որ կառավարությունը ներողություն խնդրի քաղաքացիներից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում հակասական քայլերի համար. Վահան Բաբայան

Մայիս 29,2020 15:26

ՀՀ իշխանությունը բացառիկ թափթփված եւ անպատասխանատու վերաբերմունք դրսեւորեց կորոնավիրուսի վարակի միջոցառումների շրջանակում: Այս կարծիքին է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Կարինե Աճեմյանն ասաց, որ նման բան չկա ոչ մի երկրում եւ հավանաբար իշխանությանը ձեռնտու է համավարակով պայմանավորված այս իրավիճակը, քանի որ արտակարգ դրության անվան տակ ցանկանում են անօրինական կերպով չեղարկել ի սկզբանե անօրինական կերպով նշանակված հանրաքվեն եւ ազգային ժողովում «լուծել» ՍԴ-ի հարցը: Այս իրավիճակն իշխանության համար իր քաղաքական ամբիցիաները բավարարելու համար շատ նպաստավոր է: 105 հոգանոց խորհրդարանը փոխարինվեց 132-ով, որտեղ պարազիտները` քաղաքականությունից հեռու, չաշխատող, պարգեւավճար ստացողները մեծամասնություն են եւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նախկինում շատ սիրում ասել`դակում են Նիկոլ Փաշինյանի ցանկությունները`օրենքի տեսքով, օրենքներ, որոնք հակապետական, հակաօրինական են: Օրինակ՝ բանկային գաղտնիքի մասին օրենքը, գույքահարկը բարձրացնելու փոփոխությունները հարկային օրենսգրքում եւ այլն:

«Նիկոլը վերից վար քանդում է, երկիրն ավիրում է եւ չի տիրապետում իրավիճակին: Երկիրը դարձրել է գռեհիկ, ապաշնորհ, անտաղանդ մեկ դերասանի թատրոն»,- հայտարարեց Կարինե Աճեմյանը: Ըստ բանախոսի, Հայաստանը մեկուսանում է արտաքին աշխարհից:

Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ նկատեց, որ Հայաստանում կորոնավիրուսի այսօրվա լայն տարածումը Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մեղքով է. «Այսքան մարդ է մահացել: Կառավարության գործողությունները եղե՞լ են համաչափ, ճշգրիտ, մասնագիտորեն: Այս հարցերի պատասխանները ո՞վ է տալու», -հարցնում է Վահան Բաբայանը եւ նկատում, որ նորմալ երեւույթ է, երբ հաջողություն չունեցած կառավարությունը հեռանում է: Բաբայանն առաջարկում է խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցը:

Կարինե Աճեմյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը փողոցի մարդ է եւ չի կարող աշխատասենյակում նստել-աշխատել, նրա գործողություններում տրամաբանություն փնտրել չի կարելի: Վահան Բաբայանի կարծիքով էլ՝ ճիշտ կլինի, որ կառավարությունը ներողություն խնդրի քաղաքացիներից կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում հակասական քայլերի համար՝ մեկ ասում են մնա տանը, մեկ ասում են՝ դիմակ դիր եւ դուրս արի եւ այլն:

Ըստ նրա, այսօր հարուցված քրեական գործերը վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ երկրում լինեն հեղինակավոր մարդիկ՝ զինվորականներ, հոգեւորականներ եւ այլն: Պետք է լինի հպարտ ու ծափահարող մի զանգված, որի համար միակ հեղինակավորը, խելացին եւ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է:

Երկու բանախոսն էլ արձանագրեցին, որ վարչապետն ու նախարարները հաճախ իրարամերժ հայտարարություններ են անում. «Հիմա ժողովուրդը ո՞ւմ հավատա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031