Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարիչ. «Պետք լինի՝ նույնը կասեմ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ մյուսների առաջ»

Մայիս 29,2020 13:33

Լուսանկարիչ Գեւորգ Խուրշուդյանը գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում, որն այժմ հեռացված է: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, թե կառավարության հիմնական սխալն այն է,  որ չափից ավելի վստահություն են տածել քաղաքացիների անհատական պատասխանատվության հանդեպ, լուսանկարիչը գրել էր. «Սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել, որը հօդս ցնդեցրեցիք հենց դուք ու ձեր ընտրած կառավարությունը, ձեր կատարած որոշումներով և մարդկանց անտեսելով»:

Aravot.am-ը լուսանկարչից հետաքրքրվեց, թե ո՞րն էր գրառումը հեռացնելու պատճառը: «Գրառումը հեռացրել եմ՝ շատ լավ իմանալով, թե դա հօգուտ ինչի կծառայի: Իսկ իմ նպատակն այն չի եղել, որ գրառումս մանիպուլացվի: Ես 2012 թվականից փողոցում պայքարել եմ նախկին ռեժիմի դեմ, այն դեպքում, երբ վատ չեմ վաստակել իմ աշխատանքով: Լինելով կոմերցիոն բնագավառի աշխատող՝ ինձ կարող էր չհետաքրքրել, օրինակ գազի գնի բարձրացումը կամ այլ բան:

Բայց, երբ դու միացյալ օրգանիզմի անդամ ես, նույն հասարակության մաս ես կազմում, չես կարող ուղղակի թքած ունենալ եւ դուրս չգալ փողոց: Ես չեմ կարողացել անտարբեր մնալ:

Այժմ, այո, ջնջել եմ գրառումս, որ այն այլ նպատակով չօգտագործվի, որից հետո նոր գրառում եմ կատարել, որ եթե պետք լինի նույնը նորից կգրեմ: Եթե ես մտահոգություն ունեմ որեւէ թերացման հետ կապված, պետք  լինի՝ նույնը կասեմ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ մյուսների առաջ, որովհետեւ այդ մարդկանց անձամբ ճանաչում եմ, նրանց հետ պայքարի ճանապարհ եմ անցել, պայքարակից շատ ընկերներ ունեմ կառավարությունում, եւ սիրտս ցավում է, որ իմ ընկերներն ինչ-որ հարցում թերանում են:

Կրկնում եմ, որ թերացում է եղել, եւ հենց դրա մասին է գրվել: Թերացումներից մեկի մասին խոսեմ իմ հարեւանի օրինակով: Նույնիսկ այն վատ ճգնաժամային օրերին ես վճարել եմ հոսանքի ու գազի դիմաց, որովհետեւ ունեցել եմ հնարավորություն, բայց իմ հարեւանը, որ մատուցող է աշխատում, երեք ամսվա ընթացքում կառավարության աջակցության ծրագրերից ստացել է ընդամենը երկու հազար դրամ, ինչն ինձ համար անընդունելի է:

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի կառավարման փորձ, բայց չեմ ցանկանում, որ իմ գրածը նրա դեմ օգտագործվի: Իմ գրածը զուտ թերացման մասին է… Ես օրերով հետապնդումների եմ ենթարկվել, քաղմասներում եմ անցկացրել, էն ժամանակ չեմ վախեցել, հիմա ումի՞ց պիտի վախենամ, որ գրառումս դրա համար ջնջեմ:

Եթե անգամ իրենց չճանաչեի, դարձյալ իմ կարծիքը հայտնելու էի, որովհետեւ իմ կարծիքը հայտնելու իրավունք ունեմ: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այսօր ժամանակն է, որ բոլորս համախմբվենք, իսկ իմ գրառումը սրտացավությունից բխած մտահոգություն է եղել: Ցավոք, այսօր ճակատների են մարդիկ բաժանվել, եւ ամեն մեկն ուզում է պղտոր ջրում ձուկ որսալ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031