Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երկիրը խառնեց իրար, ունեցվածքս խլեց, հիմա էլ փրփուրներից է կախվում». Փայլակ Հայրապետյանը դիմելու է իրավապահներին

Մայիս 29,2020 13:43

«Օֆշորի գործ» անունով հայտնի քրեական գործով որպես մեղադրյալ անցած գործարար Աշոտ Սուքիասյանն օրերս հայտարարել է, որ գործով տուժած ճանաչված, սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը, որն իր ունեցվածքը հափշտակելու համար մեղադրում է Սուքիասյանին, պատվիրել է վերջինիս սպանությունը, եւ դա փաստող մարդիկ կան: «Նա պատվիրել է իմ սպանությունը՝ Աֆրիկայում հանքի համատեղ բիզնեսին տիրանալու համար»,-ասել էր Սուքիասյանը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով սրան՝ Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ Սուքիասյանի ասածների հիմքով դիմելու է իրավապահներին. «Թող գործ հարուցեն, պարզեն՝ այդ ովքե՞ր են եղել, ի՞նչ է եղել: Սուքիասյանն ամբողջ երկիրը խառնեց իրար, ունեցվածքս խլեց, հիմա էլ փրփուրներից է կախվում»:

Աշոտ Սուքիասյանը նշել է, որ բանկում հանքերի շահագործման  նպատակով վերցված վարկի հաստատվելուն պես Փայլակ Հայրապետյանն իրեն ստիպել է, որ այդ գումարն իրեն տա, իսկ չհամաձայնելուց հետո գնացել է Աֆրիկա՝ իրեն անազատության մեջ պահելու կամ սպանություն պատվիրելու նպատակով: Այս առնչությամբ էլ Հայրապետյանը մեզ ասաց. «Նախ, ես մի տարի շարունակ չեմ էլ իմացել, թե նա այդ վարկի փողը ոնց է ծախսել: Երբ գնացի Աֆրիկա, արդեն կործանված վիճակում էի, չգիտեի ինչ անել, որովհետեւ ինքն իր խմբի հետ… ես այդ ժամանակ չգիտեի, որ Տիգրան Սարգսյան կա, Կճոյան կա… Ես չգիտեի, որ այդ խումբն այդքան մեծ ու այլանդակ է: Ես գնացել եմ Աֆրիկա, որպեսզի պարզեմ, թե վարկի փողերն ուր են գնացել: Տեսա, որ ոչինչ չկա, ինչից հետո նամակ հղեցի բանկին ու հարցրեցի՝ եթե բանկը բիզնես ծրագիր է գրել, որ մեքենաներ գնվեն, բուլդոզերներ, բա փաստաթղթերը չեն նայե՞լ: Գրել էին, թե Սուքիասյանը Սյերա-Լեոնեում ունի 800 հազար հեկտար հանքեր, որոնցում, տասը մետր խորության վրա՝ ոսկի ու ադամանդ: Վարկը հաստատելուց հետո Սուքիասյանն անմիջապես մեկ միլիոն դոլարը կանխիկացրել է: Դրանից հետո գումարները տեղափոխվել են օֆշոր, մի մասը հետ է եկել բանկ, բանկից ոսկի են գնել եւ բանկը մի հատ չի հարցրել՝ այդ վարկը տվել եմ, էլ ինչի՞ ես գնում: Այնտեղ անգամ հանք չկար, Սուքիասյանն իր անունով ոչինչ չուներ գրանցված: Այս ամենը կազմակերպել են բանկը, Սարգսյանը… ինձ խաբել-գցել են: Ես այնքա՜ն գործ եմ արել հայրենիքի համար, իսկ նրանք տարիներ շարունակ թալանեցին, գցեցին»:

Աշոտ Սուքիասյանը նաեւ հայտարարել էր, որ առանց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տ. Նավասարդ սրբազանին տեղեկացնելու է իր սեփականատերերի ցանկում ներառել նրանց անունները, որպեսզի իրեն պաշտպանի, եւ որ Կիպրոսում հնարավոր է առանց անձին տեղյակ պահելու՝ նրա անունով ընկերություն գրանցել: Փայլակ Հայրապետյանը պնդեց, որ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ սրբազանի ստորագրությունները առկա են եղել, եւ դա հաստատող փաստաթուղթն ունեն դատախազությունը, ԱԱԾ-ն. «Նրանք գնացել են Աֆրիկա ու ստորագրել, իսկ «օֆշորային» դատախազը, որը եկել էր ՀՀ, հարցրել էի նրան, թե իրենց մոտ ինչպե՞ս են ձեռնարկություն գրանցում: Պատասխանեց, որ անձը պետք է ներկա լինի, կամ ԱԳՆ-ն հաստատի, որ գրանցեն: Այլապես հնարավոր չէ, որ հենց այնպես գրանցվեր: Այդ թղթերն էլ կան դատական գործի նյութերում»:

Հիշեցնենք՝ ընթացքի մեջ է «օֆշորի» հայտնի գործով տուժող, սնանկ գործարար Փայլակ Հայրապետյանի պաշտպանների բողոքը վերաքննիչ քրեական դատարանի այն որոշման դեմ, որով վերջերս առաջին ատյանի կողմից 16 տարվա ազատազրկման դատապարտված գործարար Աշոտ Սուքիասյանն անմեղ ճանաչվեց եւ ազատ արձակվեց: Իսկ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031