Երկու տարվա ընթացքում ինչ տեսակի նախաձեռնությունների ասես, որ ականատես չենք եղել։ Եվ շատ դեպքերում որոշ նախաձեռնություններ ուղղակի տեսարան ապահովելու կամ շոու մատուցելու նպատակ են հետապնդել։
Խնդիրը մեկն է՝ մշտապես զբաղեցնել մարդկանց, ցույց տալ, որ ահա փոփոխություններ կան երկրում, մեղավորները պատժվում են, պետությունից թալանված գումարները վերադարձվում են պետբյուջե և այլն։
Արդարադատության նախարարության հրապարակած օրենքների նախագծերից մեկում տեղեկանում ենք, որ, ոչ ավել, ոչ պակաս, որոշվել է ստեղծել փաստահավաք հանձնաժողով՝ 9 անդամով, որն ուսումնասիրելու է 1991 թվականից մինչև իշխանափոխությունն ընկած ժամանակաշրջանի իրավախախտումները։
Ըստ իշխանությունների՝ եթե հանձնաժողովականները ձեռք բերեն հետաքննության համար օգտակար ապացույցներ, ապա դրանք կարող են աջակցել դատարանների աշխատանքին: Եվ զարմանալի է, թե այդ ի՞նչ ապացույցներ ու փաստեր կարող են ձեռք բերել հանձնաժողովականները, որ չեն կարող ձեռք բերել իրավապահները։
Կարդացեք նաև
Այնպես որ, հանրային օգտակարության տեսանկյունից Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի օգտակարության մակարդակը չի կարող բարձր արդյունավետություն ապահովել։ Իսկ թե ինչո՞ւ իշխանափոխությունից հետո գրանցված իրավախախտումները չեն ուսումնասիրվելու, մնում է միայն կռահել։
Ինչպես ասում են, եթե ուզում ես որևէ հարց թաղես, հանձնաժողով ստեղծիր։ Այս դեպքը ևս բացառություն չէ։ Սույն հանձնաժողովն ուղղակի պետք է լրացուցիչ մահակ դառնա ընդդիմադիրների գլխավերևում, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի կանխել վերջիններիս կողմից անցանկալի քննադատությունները և գործողությունները։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: