Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանության կողմը չի հիմնավորել, որ անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում».  Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը դեռ չի վերացել. «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2020 10:22

Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը դեռ չի վերացել, եւ խափանման միջոց չկիրառելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը:

Քննարկելով այն հարցը՝ հնարավո՞ր է արդյոք չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խստության խափանման միջոցի, մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում՝ դատարանն արձանագրել է, որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ, երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց, սակայն վերոգրյալը չի նշանակում, որ այն նվազել է այնքան, որ վերացած համարվի Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը. «Մասնավորապես՝ հիմք ընդունելով, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և ներկա դրությամբ հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց՝ դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանության կողմի փաստարկները՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին և գտնում է, որ ներկայումս դրա շեմը շարունակում է մնալ բավարար բարձր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ լինելու տեսանկյունից»: Նշված հետևության հանգելիս դատարանը հաշվի է առել նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից երկար տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված կապերն ու ազդեցությունը, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքի ծանրությունը, ինչը, ըստ դատարանի, բարձրացնում է դատավարությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ներգործության, գործի քննությանը միջամտության ռիսկը:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի՝ խոցելի խմբում ընդգրկված լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին՝ դատարանն արձանագրել է, որ Քոչարյանը, գտնվելով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, խցում պահվում է միայնակ, ինչը դատական նիստում հաստատվել է վերջինիս կողմից՝ միաժամանակ ընդգծելով, որ գերբնակեցման խնդիր հիշյալ ՔԿՀ-ում առկա չէ. «Նշված պարագայում առկա չեն հիմքեր՝ արձանագրելու կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու ավելի բարձր ռիսկ, քան ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ նկատի ունենալով, որ նաև այդ դեպքում, անգամ խիստ մեկուսացման պայմաններում, հնարավոր չէ իսպառ բացառել բոլոր շփումները»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ փաստարկներից՝ դատարանն արձանագրել է՝ պաշտպանության կողմը չի հիմնավորել, որ Քոչարյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում՝ նկատի ունենալով, որ սույն գործի դատական քննության ընթացքում վերջինս անհրաժեշտությունն առաջանալու պես բուժում է ստացել «Իզմիրլյան» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031