Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դադարեցնել միմյանց քննադատելու ու ոչնչացնելու մոլուցքը

Մայիս 29,2020 10:30

Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիրների մոտ պակասում է պետականության, պետության շահի գիտակցումն ու ընկալումը

Մայիսի 28-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների համար «ռեկորդային» թվեր գրանցվեցին: Վարակակիրների թիվն աճել էր 442-ով, գրանցվել էր մահվան 15 դեպք: Կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասավ 8216-ի, մահացածների ընդհանուր թիվը հասավ 113-ի, իսկ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 32-ով եւ հասել 3 հազար 287-ի:

Արդեն իսկ պարզ է, մեր երկրում առողջապահական համակարգը բավական լուրջ բարդությունների առաջ է կանգնած: Դրա պատճառների մասին բազմիցս խոսվել է: Թեման թեժ պահողների պակասություն չկա, երբ մեր պետությունը հայտնվել է ծանր դրության մեջ: Եթե այս իրավիճակը պահպանվի, պարզ է նաեւ, որ առողջապահական համակարգից բացի, այլ ոլորտներում ենք խնդիրներ ունենալու:

Պատճառներն էլ հստակ են. արտակարգ դրության հայտարարումն ու նրան հաջորդած երկու ամիսները «ազատ» դրություն էին՝ առանց խիստ ու կոշտ վերահսկողության: Հիմա մենք, այսպես ասած, քաղում ենք այդ անփութության «պտուղները»: Իշխանությունը, որն իրավիճակի պատասխանատուն է՝ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացը:

Բայց դրա մասին շարունակել անվերջ խոսել, նոր մեղավորներ փնտրել ու նոր սխալների վարկածների ներկայացման վրա ժամանակ կորցնելն է արդեն անիմաստ: Թվում էր, թե մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունը սա պետք է գիտակցեին եւ անհապաղ անցնեին արտակարգ որոշումների մշակումների ու իրականացման գործընթացի կազմակերպմանը:

Բայց ի՞նչ է տեղի ունենում այսօր…

Նույնիսկ արդեն ծիծաղ էլ չեն առաջացնում խորհրդարանում քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների առանձին թեմաներով ընտրած ելույթներն ու հնչեցրած հարցերը: Մեր երկրում ամենաշատը, թերեւս, խոսվել է այն մասին, որ դժվար, ծանր պահերին մեր ժողովուրդը համախմբելու ուժ է գտնում: Սակայն գործնականում դրան նպաստելու ուղղությամբ քաղաքական էլիտան չի էլ մտածում, քայլեր չի ձեռնարկում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր «գծի» մեջ շարունակում է իր «պայքարը»:

Հետեւաբար, ի՞նչ կարող ենք այսօր արձանագրել… Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիրների մոտ պակասում է պետականության, պետության շահի գիտակցումն ու ընկալումը, կարեւորն անկարեւորից տարբերակելու ու պահը ճշգրիտ գնահատելու հմտությունը:

Այսօր Հայաստանը բարդ, չափազանց բարդ դրության մեջ է հայտնվել: Այս իրավիճակում որեւէ իշխանավոր առաջարկե՞լ է մոռանալ քաղաքական ընդդիմախոսներին օրինակ՝ 1-2 ամսով: Որեւէ ընդդիմադրի մտքով անցե՞լ է հայտարարել, որ 1-2 ամսով դադարեցնում է քննադատել իշխանությանը, եւ գոնե այս իրավիճակում դադարեցնել վիրավորանքները, ցածրորակ, երբեմն՝ նույնիսկ փողոցայինի բառապաշարով ելույթների ու տեքստերի հեղեղները:

Էլ ե՞րբ, եթե ոչ այսօր… Թե՞ համախմբելու մասին բարձրագոչ ելույթներն ու բաժակաճառերը միայն արտաքին թշնամու կողմից պարտադրված իրավիճակներին են վերաբերում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031