Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է աշխատում ավտորիտարիզմը

Մայիս 29,2020 10:00

2018 թվականին կայացած ընտրություններն ազատ էին ու արդար, եւ խորհրդարանում մեծամասնությունը, իսկ այնուհետեւ՝ կառավարությունը, միանգամայն լեգիտիմ են: Արդյոք դա բավարա՞ր է ժողովրդավարական պետություն լինելու համար: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ՝ ոչ, բավարար չէ. լեգիտիմ իշխանության պայմաններում երկիրը կարող է լինել նույնքան ավտորիտար, որքան ավտորիտար էր կեղծված ընտրությունների պայմաններում: Ժողովրդավարության կամ ավտորիտարիզմի մակարդակը կախված է շատ բաներից, բայց կարեւոր «թեսթերից» մեկը հետեւյալն է՝ արդյոք ամեն ինչ որոշվում է մեկ մարդո՞ւ կողմից, եւ արդյոք այդ որոշումներն ընդունող ինստիտուտն ունի՞ բավարար չափով հակակշռող մեխանիզմներ:

Հիշենք. 1992-93 թվականի դժնդակ ձմեռ, մի քանի տասնյակ մարդ կանգնած է «բարեգործական» վառելիքի հերթում: Ի՞նչ էին այդ մարդիկ խոսում: Լավագույն դեպքում՝ «վայ, Լեւոն, էս ի՞նչ ես անում էս ժողովրդի գլխին»: Վատագույն դեպքում՝ այնպիսի բաներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Ինչո՞ւ էին մարդիկ այդպես խոսում: Շատ պարզ. նրանք վստահ էին, որ մեր պետության մեջ ամեն ինչ որոշում է առաջին դեմքը, եւ, ի վերջո, իրենց տառապանքների պատճառը փնտրում էին նրա մեջ:

Հիմա գանք 2010-ական թվականներ. ոստիկանական բաժնում խոշտանգում են կասկածյալին: Ի՞նչ էին գրում ֆեյսբուքյան ակտիվիստները: Լավագույն դեպքում՝ «տեսնո՞ւմ եք, թե ինչեր են անում Սերժի մենթերը»: Դարձյալ հասկանալի է, թե ինչու էին մարդիկ այդպես գրում. նրանք գիտեին, որ ոստիկանապետին նշանակում է հանրապետության նախագահը, եւ առանց առաջին դեմքի հետ համաձայնեցնելու ոստիկանապետը ոչ մի «միլպետ» չի նշանակի:

Դրանք ավտորիտարիզմի կարեւոր դրսեւորումներն են` երբ ամեն ինչ կախված է մեկ մարդուց: 1995-ին ԱԺ «Հանրապետություն» դաշինքի ցուցակը հաստատում էր Տեր-Պետրոսյանը, հետագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ԲՀԿ-ինը՝ Քոչարյանը, այնուհետեւ ՀՀԿ-ինը՝ Սարգսյանը: Հիմա խորհրդարանում մեծամասնություն են կազմում մարդիկ, որոնց ցուցակը կազմել է Փաշինյանը: Նրանք հայտնվել են խորհրդարանում ոչ թե այն պատճառով, որ ընտրողներն իրենց հավանել են, այլ՝ որովհետեւ նրանց ցուցակագրել է ժողովրդականություն վայելող առաջնորդը:

Դա վատ է ժողովրդավարության տեսանկյունից, որովհետեւ գործադիր իշխանությանը ոչ մի հակակշիռ չկա: Դա վատ է նաեւ Փաշինյանի համար, որովհետեւ այժմ կորոնավիրուսի ահագնացող թվերի համար քաղաքացիներն, ի վերջո, պատասխանատու են համարում հենց իրեն: Բանն այն է, որ եթե իրավիճակի համար, ենթադրենք, պատասխանատու են պարետը կամ առողջապահության նախարարը, ապա խորհրդարանը նրանց գործնականում չի կարողանա պաշտոնանկ անել, եթե Փաշինյանը չցանկանա: Իսկ եթե ցանկանա եւ պաշտոնանկ անի, ապա հաջորդ պարետի եւ հաջորդ նախարարի հնարավոր սխալների համար, միեւնույն է, պատասխանատու է լինելու միմիայն վարչապետը: Այդպիսին է ավտորիտար կառավարման մեխանիզմը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Henri says:

    Ցաւօք այդպէս է -երբ կը կարծես որ նոր եկողը փորձառու է ,պայքարած անձ է ,լրագրութեէ և խօսարանէ անցած է ,անհաւատալի կը թուի որ նման տարրական սխալներ գործէ և օրէ օր խրի այդ սխալներուն մէջ ապշեցնելով զինքը յարգող և գնահատող անձերը . Օրինաւոր ընտրուած է , ես անձամբ համաձայն չեմ որ առտու-իրիկուն քարկոծուի կացութեան պատճառած սխալներուն համար ,բայց գոնէ հարազատ անձեր տեւականօրէն զգուշացնեն որ երկրին կացութիւնը ամէն օր կը փոխուի սակայն մարդիկ կը մնան նոյնը ,և ինքնաբերաբար առաջին հարուածը իրեն կու գայ ,քանի կ՛ուզէ անձամբ կառավարել ամէն բան ։
    Կարգը Արցախի նորընտիր նախագահին է հիմա-արդէն սկսած են հեռուէն քարեր արձակել ,գուցէ կը փորձեն իր դիմադրականութիւնը ,՛՛արժէ ՞աւելի մօտենալ ՛՛ ՞ ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031