Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանը միանշանակ հնարավորության դեպքում կգա Հայաստան». Ամրամ Մակինյանը՝ Ռուբեն Հայրապետյանի՝ քննությունից թաքնվելու մասին պնդումների առիթով

Մայիս 29,2020 00:07

«Ես չեմ կիսում այն տպավորությունները, թե Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից»,- Aravot.am-ի դիտարկմանը, թեև Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իր գտնվելու վայրը հասցեով ուղարկել է քննիչին, իսկ ինքն էլ հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ, նշել իր հասցեն, մինչդեռ իրավապահները փորձում են տպավորություն ստեղծել, թե նա թաքնվում է քննությունից՝ գտնվելով ՌԴ-ում, այսպես արձագանքեց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել:

Ռուբեն Հայրապետյանի՝ քննությունից թաքնվելու մասին խոսակցությունների առիթով Ամրամ Մակինյանը կարծիք հայտնեց՝ այսօր աշխարհում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ մեծ ջանքեր գործադրել պետք չէ ապացուցելու, որ հաղորդակցությունը շատ մեծ խնդիր է, անհնարին է դառնում և շարունակեց. «Այսօրվա դրությամբ ՀՀ 3000 քաղաքացի հերթագրված է, որ վերադառնա Հայաստան: Հանրային փաստ է, որ Ռուբեն Հայրապետյանն ունի հիվանդություններ, դրանք բժշկական փաստաթղթերով արձանագրված են: Իսկ հեռահաղորդակցության և 3000 քաղաքացիների հերթագրումն էլ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հաստատված է: Հիմա այս պայմաններում, երբ բժշկական հավաստմամբ՝ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է ռիսկային խմբում, և նրան ցուցված է մեկուսացում, դա գնահատել թաքնվել, իմ երևակայությունը չի հերիքում»:

Մեր հստակեցմանը՝ այսինքն արհեստակա՞ն են նման տպավորություն ստեղծում, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Ես արհեստականության մասին ասել եմ օրեր առաջ: Պաշտոնապես գրել եմ վարույթն իրականացնող մարմնին, որ հորդորում եմ զերծ մնալ արհեստական  հարկադրանքի միջոցներ կիրառելուն ուղղված փաստեր ձեռք բերելու՝ Ձեր առջև դրված խնդրից: Եվ քանի որ շարունակվեցին նաև քննիչի գործողությունները առերևույթ՝ որպես հանցագործություն դիտելու համար, հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն»:

Խոսելով «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հետ կապված քննարկումների մասին՝ փաստաբանն ասաց. «Այսօր մամուլում շատ է ծեծվել այդ հարցը, որ Ռուբեն Հայրապետյանը ֆիզիկական ուժ, հոգեկան  տառապանք է պատճառել, ապօրինի ազատությունից զրկել է: Պաշտոնապես հայտարարում եմ՝ դատարանը չի հաստատել այդ հանգամանքները, անգամ այդ շեմը չեն հաղթահարել, էլ ուր մնաց մեղադրանքի շեմը: Հերքվել է դատարանի որոշմամբ այդ հանգամանքը: Հիմնավոր կասկածը հաստատվել է ինքնիրավչություն հիմքով»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հետագա քայլեր են ձեռնարկելու, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Մենք սպասում ենք. արդեն վաղը կլինի 10-րդ օրը, որ  մեր տված՝ հանցագործության վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործ հարուցվի ենթադրյալ տուժողի նկատմամբ, որը 57 միլիոն 250 հազար դրամի հափշտակություն է կատարել Հայրապետյաններին պատկանող ընկերությունից: Տասներորդ օրն է լրանում, բայց դեռ այդ գործը հարուցված չէ: Մենք սպասում ենք, որ իրավակարգ կգան վերջապես քրեական հետապնդման մարմինները, բայց պասիվ չենք սպասում, դրան ուղղված ակտիվ, օրենքով չարգելված բոլոր միջոցառումներն իրականացնում ենք»: Այսինքն՝ այդտեղ միտո՞ւմ եք տեսնում, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինչի՞ կույր է պետք լինել այդ միտումը չտեսնելու համար, երբ երկու ամիս գործ են քննում, և միակողմանի ու կողմնակալ քննություն է կատարվում»:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից  հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ այնուհետև ՀՀ քննչական կոմիտե: Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Այս առիթով Ամրամ Մակինյանը տեղեկացրեց. «Ռաֆիկ Հայրապետյանի հետ կապված նույնպես նույն հոդվածներով հիմնավոր կասկածը չի հաստատվել: Ու այս պայմաններում ոմանք, երբ սենց գոռում-գոչում են, թե տեսեք՝ ինչեր է արել Ռուբեն Հայրապետյանը, այդ մարդիկ  պարտավոր են անձանց անմեղության կանխավարկածը հարգել, ապատեղեկատվություն էլ չտարածել»:

Մեր այն հարցին՝ վստահ լինե՞նք, որ առաջին հնարավորության դեպքում Ռուբեն Հայրապետյանը կվերադառնա Հայաստան, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Միանշանակ կգա… Իսկ մեր համոզմունքները, մեր՝ այսօր ներկայացրած իրողություններն ամբողջությամբ փաստաթղթավորված են: Ինչի մասին ես խոսեցի, գործում առկա է: Շատ ակնհայտ է, թե ինչ է իրականացվում: Ամիսներ առաջ ենք ասել այս մասին: Ու շարունակում ենք ամեն օր ասել, որ սա արշավ է՝ սկսված Հայրապետյանների դեմ՝ պայմանավորված Ռուբեն Հայրապետյանի դիրքորոշումներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031