Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկանում մարդկանց, որ երեկ Սամվել Բաբայանի բարեհաճ խոսքին արժանանալու համար հոգի էին տալիս, իսկ այսօր նրան անվանում են «ծախված»

Մայիս 29,2020 13:30
vahram atanesyan

«Ադրբեջանը տեւական ժամանակ պնդել է, որ Գերմանիան ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակ՝ ի հակակշիռ Ֆրանսիայի, որին ադրբեջանցիները «հայամետ» են համարում: Ըստ երեւույթին, գերմանական կողմի վերջին քայլերը ԼՂ կարգավորման բանակցություններում ուղղակի ներգրավվելու մտադրությունից են բխում». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

– Եվրոպական միությունում Հայաստանի առանցքային գործընկեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում օրերս հայտարարություն տեղադրվեց: Ճամփորդել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին երկրի ԱԳՆ-ն կոչ է անում` «…ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղ մուտքի արգելքի խախտումները կարող են հանգեցնել տուգանքների  նշանակման կամ ազատազրկման՝ Ադրբեջանի անվտանգության մարմինների կողմից՝ երրորդ երկրներին արտահանձման պահանջների միջոցով»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բոլոր նրանք, ովքեր այդուամենայնիվ կճամփորդեն նշված վայրեր, ենթակա են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական պատասխանատվության»։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս անհասկանալի իրավիճակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Գերմանիայի նման դիրքորոշումն ի՞նչ է նշանակում: Ինչու հիմա այս գերտերությունը նման դիրքորոշում որդեգրեց, սա հարցի կարգավորումն ի՞նչ նոր հուն կարող է տեղափոխել:

– Ե՞րբ է Գերմանիան հայկական շահերի բարեկամ հանդիսացել. առաջին համաշխարհային պատերազմի տարիների՞ն: Արեւմտահայության տեղահանման ծրագիրը 1912-13թ.թ. մշակվել է գերմանական գլխավոր շտաբում: Նախատեսվում էր հայերին բնակեցնել դեպի Բաղդադ կառուցվելիք երկաթգծի շուրջ: Դրան տեղյակ էին այսպես կոչված «Հայ-գերմանական ընկերությունում»: Այդ կառույցի անդամներից մեկն էլ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր: Սա շատ ցավոտ թեմա է ինձ համար, չխորանամ:

Գերմանիայի ԱԳՆ-ն օրերս նաեւ Արցախը ներկայացնող ոչ կառավարական կազմակերպությանն է հորդորել դադարեցնել գործունեությունը: Այդ առթիվ ֆեյսբուքի գրառմամբ խնդրել էի մեր ԱԳՆ-ի պարզաբանումը: Ցավոք, տարածվեց մի ոչինչ չասող տեքստ: Ադրբեջանը տեւական ժամանակ պնդել է, որ Գերմանիան ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակ՝ ի հակակշիռ Ֆրանսիայի, որին ադրբեջանցիները «հայամետ» են համարում: Ըստ երեւույթին, գերմանական կողմի վերջին քայլերը ԼՂ կարգավորման բանակցություններում ուղղակի ներգրավվելու մտադրությունից են բխում: Այլ բացատրություն ես չունեմ: Իսկ դա լուրջ վերլուծության թեմա է: Եթե հայկական դիվանագիտությունը գերմանական ուղղությամբ վրիպել է, ապա, երեւի, արագ շտկումներ պետք է արվեն:

– Վերջին մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ» արտահայտությունը շատերի մոտ տարակուսանք է առաջացրել: Մեկնաբանություններ հնչեցին, որ այսպիսով փորձ է արվում միջազգային հանրությանը ցույց տալ`իբր Լեռնային Ղարաբաղը օրինական իշխանություն չունի: Ձեւակերպման տեսանկյունից սա զուտ տերմինալոգիա կամ բառախա՞ղ է, թե՞ վտանգ հարուցող արտահայտություն:

– Հայաստանի վարչապետ Փաշինյանի մասնակցությունը նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը, այն էլ՝ Շուշիում, պետք է որ բոլոր «մտահոգություններին» սպառիչ պատասխան տված լինի: Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողությանը նախկինում Հայաստանի պետության առաջին դեմքը ներկա չի գտնվել:

– Լեռնային Ղարաբաղի նոր իշխանություններն արդեն պաշտոնապես ստանձնել են իրենց պարտականությունները: Այս բավականին բարդ իրավիճակում նորընտիր իշխանությունն, ըստ Ձեզ, ի՞նչ առաջնային քայլեր պետք է ձեռնարկի: Նախորդ իշխանության՝ արցախյան հիմնահարցի կարգավորման, ո՞ր գիծը պետք է այս փուլում փոփոխության ենթարկվի եւ ի՞նչ կերպ պետք է փոփոխվի:

– Նախագահ Արայիկ Հարությունյանը մինչեւ պաշտոնի ստանձնումն է հրապարակել ԼՂ կարգավորման յոթ սկզբունքները: Դրանք մամուլում հրապարակվել են, որեւէ գաղտնիք չկա: Նոր իշխանությունը կշարունակի եւ կզարգացնի այն ուղեգիծը, որ մշակված է՝ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկման առարկա չեն, տարածքային առումով չի կարող լինել վերադարձ անցյալին: Խնդիրը, կարծում եմ, նոր տնտեսական, ենթակառուցվածքային եւ ժողովրդագրական ծրագրերով Արցախի ամբողջացումն ու ռազմա-քաղաքական սուբյեկտության բարձրացումն է: Նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի նախանշումներ քարոզարշավի ընթացքում հրապարակայնացրել է: Առաջիկայում դրանք, ամենայն հավանականությամբ,  կդառնան ռազմավարական ծրագրեր, եւ կդրվեն կառավարության գործունեության հիմքում: Հարկ կլինի համատեղել Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի ոչ միայն ֆինանսա-տնտեսական, այլեւ ռազմական, դիվանագիտական, լոբբիստական ու քարոզչական բոլոր հնարավորությունները: Արցախի նորացումն ու տարածաշրջանային ներկայացուցչական  ինտեգրումը նրա անվտանգ եւ բարգավաճ ապագայի երաշխիքներն են:

– Բավականին մեծ տարակուսանք առաջացրեց ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին լուրը, թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռեւս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը: Ամեն դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեք սա, հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանը ոչ միանշանակ ընկալվող գործիչ է, ՀՀ-ում նույնիսկ նրա հետ կապված քրեական գործ կա, հայտնի «Իգլայի» գործը: Խոսակցություններ եղան, որ Ղարաբաղում եւս Սամվել Բաբայանի հնարավոր նշանակման լուրը միանշանակ չի ընկալվել, որոշակի անհանգստություններ է առաջացրել: «Նախկիններն» այս հնարավոր նշանակումից ի՞նչ անհանգստանալու առիթ ունեն` նկատի ունեմ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործը եւ այդ շրջանում պաշտոնավարող անձանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին:

– Քաղաքականությունն, ասում են, հնարավորի արվեստ է: Անկախ Սամվել Բաբայանի անցյալից, նրա դեմ Հայաստանում հարուցված քրեական գործի ընթացքից եւ հանգուցալուծումից ու նրա անձի նկատմամբ իմ կամ ուրիշի վերաբերմունքից՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունն Արցախի խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժն է, եւ այդ վստահության քվեն նրան տվել է ընտրողների ավելի քան մեկ քառորդը: Սա է իրականությունը, որ անհնար է շրջանցել: Ես չեմ հասկանում մարդկանց, որ երեկ Սամվել Բաբայանի մի բարեհաճ խոսքին, հայացքին արժանանալու համար բառիս բուն իմաստով հոգի էին տալիս, իսկ այսօր նրան անվանում են «ծախված»: Եթե իրենք քաղաքականության մեջ չեն կայացել, եւ  «Միասնական հայրենիքը» եկել ու «իրենով լցրել է»  վակուումը, ապա իշխանությունները ո՞ր տրամաբանությամբ պիտի հակադրվեին: Հանուն ինչի՞: Երկիրը բաժանեին «մերոնքականների» եւ «օտարների՞»: Գնային քաղաքացիական դիմակայությա՞ն: Իհարկե՝ ոչ: Ընտրվել է համագործակցության օպտիմալ ձեւաչափ: Եւ, որքանով ես հետեւում եմ, հանրային արձագանքները հիմնականում դրական են: Ի՞նչ ապագա կունենա «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի եւ «Միասնական հայրենիքի» համագործակցությունը՝ թողնենք ապագային: Իրական քաղաքական ռեժիմում դա պահանջված է:

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031