Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայր հայրենիքի վերջին հողակտորի վրա հանգրվանած հայության միակ փրկությունը կազմակերպված միասնական գոյամարտն էր

Մայիս 29,2020 13:00

Երբ թերթում ենք Հայոց բազմադարյան պատմության էջերը, ապա միանգամայն պարզ ու հասկանալի է  դառնում Մայիսյան հերոսամարտերի պատմական անգնահատելի դերն ու նշանակությունը մեր ժողովրդի գոյության պահպանման, ինչպես նաեւ Հայոց անկախ պետականության վերականգնման գործում:

Շարունակվում էր 1-ին աշխարհամարտը: 1917թ. դեկտեմբերին Կովկասյան ռազմաճակատ իրականում արդեն գոյություն չուներ: Բոլշեւիկների քարոզչությունը եւ խորհուրդների հռչակած «հող եւ խաղաղություն» կարգախոսները իրենց կախարդիչ զորությամբ վերջնականապես բարոյալքելով ռուսական բանակը՝ հող նախապատրաստեցին ռազմաճակատի վերջնական քայքայման ու կազմալուծման համար: Ռուս զինվորները զանգվածաբար լքում էին ռազմաճակատն ու տուն էին վերադառնում: Պիտի աներկբա արձանագրել, որ ռազմաճակատի արագ մերկացումը փաստորեն փրկում է  վերջնականապես ջախջախվելու բազմաթիվ ճակատամարտերում պարտված ու կործանման եզրին հասած Թուրքիային: Գերմանիան ու նրա զինակից տերությունները պատերազմում Անտանտայի տերություններին վերջնական պարտության մատնելու նպատակադրությամբ` պատրաստվում էին վճռական ռազմական գործողությունների ու նրանց չափազանց անհրաժեշտ էր վառելիք` նավթ, որը գտնվում էր Բաքվում:

Միակ ուժը, որը կարող էր դիմագրավել ու խոչընդոտել դեպի Բաքու թուրքական զորքերի արագ տեղաշարժերին՝ գեներալ Թ. Նազարբեկյանի գլխավորած հայկական նոր-նոր կազմավորվող զորամասերն էին: Եվ դժվար չէր հասկանալ, որ Գերմանիայի դաշնակից Թուրքիան օգտվելով ռազմաճակատի մերկացումից, կխախտեր 1917թ. դեկտեմբերին Երզնկայում ռուս հրամանատարության հետ կնքված զինադադարը եւ համալրելով ու վերախմբավորելով իր բանակը, շատ շուտով կդիմեր ռազմական գործողությունների:  Պատերազմում պարտության եզրին հասած Թուրքիան, օգտվելով Հոկտեմբերի «շնորհներից» ու ռուս զինվորների հեռանալու հետեւանքով ռազմաճակատի մերկացումից, իր պանթյուրքական ծրագրերը իրականացնելու նպատակով պիտի մտներ Կովկաս, իր ձեռքը վերցներ Բաքվի նավթը: Իսկ  Անդրկովկասում հաստատվելու եւ Բաքու հասնելու համար թուրք հրամանատարությունը նախ պիտի  հաղթահարեր հայկական զորամասերի դիմադրությունն ու վերստին գրավեր ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ Արեւելյան Հայաստանը:

Թուրք հրամանատարությունը հայկական զորամասերի դիմադրությունն արագորեն հաղթահարելու նպատակով, ծրագրել էր ռազմական գործողությունները իրականացնել, կարելի է ասել, համակողմանիորեն մշակված, հարձակողական բնույթի զուգորդված մարտավարությամբ:  Ռազմաճակատում թուրքական զորքերի հարձակմանը զուգընթաց, միաժամանակ պիտի զենքի դիմեին Արեւելյան Հայաստանի տարածքում բնակվող մահմեդական զինյալ հրոսակախմբերը, որոնք պիտի հարձակվեին հայկական բնակավայրերի վրա, ռազմաճակատը կտրեին թիկունքից ու խափանեին զորահավաքը, իսկ գեներալ Սիլիկյանի գլխավորած 2-րդ դիվիզիան կազմավորվում էր հենց Արարատյան աշխարհում:

Բաբերդից Երզնկա եւ մինչեւ Բիթլիս ու Վան ձգվող հսկայածավալ ռազմաճակատում հայ փոքրաթիվ նորաստեղծ գնդերին վիճակված էր դիմագրավելու թեեւ մի շարք ճակատամարտերում պարտված, բայց դեռեւս զգալի հզորությամբ օժտված եւ հայ զորագնդերից անհամեմատ բազմաքանակ թուրքական կանոնավոր զորամասերին: Հարց է ծագում՝ կարո՞ղ էին, արդյոք, Հայոց նորաստեղծ փոքրաքանակ ուժերը պաշտպանել Սեւ ծովից մինչեւ Ուրմիա ձգվող ավելի քան 720 կիլոմետրի հասնող հսկայածավալ ռազմաճակատը, որը նախկինում պաշտպանում էին ավելի քան 300.000 զինվորներ:

Ազգային Խորհուրդը որոշում է պահել ռազմաճակատը: Այդպիսի որոշման ընդունման կողմնակիցների համոզմամբ, Թուրքիան եւ նրա դաշնակից տերությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան եւ Բուլղարիան գրեթե պարտվել էին ու թուլացել, իսկ նրանց հաղթող տերությունները դրական վերաբերմունք ունեին Հայ Դատի եւ հայության նկատմամբ: Ազգային Խորհրդի որոշմամբ Անդրանիկը, որը, ի դեպ, Երզնկայից մինչեւ Վան եւ Բիթլիս ձգվող ռազմաճակատը պահպանելու ամենաջերմեռանդ կողմնակիցն էր, նշանակվում է Էրզրումի երկրապահ ճակատի հրամանատար այն համոզմամբ, որ նշանավոր հայդուկապետը, իր հեղինակությամբ ու ռազմական կարողությամբ կկարողանա ոգեկոչելով զորքին եւ ժողովրդին՝ պաշտպանել ռազմավարական վճռական նշանակություն ունեցող Էրզրումի բերդաքաղաքը, որը հավասարազոր էր Արեւմտյան Հայաստանի պահպանմանը:

1918թ. փետրվարին թուրքերը, խախտելով Երզնկայի զինադադարը, անցնում են հարձակման: Չնայած համառ դիմադրությանը՝ հայկական փոքրաքանակ ուժերը չկարողանալով կայուն դիմադրություն ցույց տալ թուրքական զորքերին, թողնում են Բաբերդը, Երզնկան, Վանը, Բիթլիսը եւ վերջապես, Արեւմտահայաստանի ամենակարեւոր հենակետը՝ Էրզրումը: Չկար այլեւս Հայաստանի արեւմտյան հատվածի վերջին պատվարը՝ Էրզրումի հզոր բերդաքաղաքը եւ դեպի Արեւմտյան Հայաստան, ապա նաեւ Արեւելյան Հայաստան  տանող ուղիներն արդեն բաց էին: Էրզրումի անկումից հետո թուրքական զորքերը՝ կրնկակոխ հետապնդելով նահանջող հայկական զորագնդերին, գրավում են Սարիղամիշը, ապա նաեւ Կարսի հզոր բերդաքաղաքն ու Ալեքսանդրապոլը: Ահավոր սպառնալիք է կախվում Հայաստանի մնացած փոքրիկ տարածքում խմբված հայության վերջին բեկորների վրա, եթե հայկական զորքերը չկարողանային արժանի դիմադրություն ցույց տալ եւ կանգնեցնել թուրքերին:

Մեծ եղեռնի ահավոր սարսափներն ապրած, հայրենիքի մեծագույն մասը կորցրած հայության փրկված վերջին բեկորները խմբված  Մայր հայրենիքի մի փոքրիկ հատվածում՝ Արարատյան աշխարհում՝ վիճակված էր անասելի մաքառումներով եւ հերոսական պայքարով լուծելու լինել-չլինելու, ապրելու ու գոյատեւելու գերխնդիրը:  Այդ ամենին գումարած՝  երկրում տիրում էր սովը, տիֆն ու համաճարակը, որի զոհն էին դառնում Արարատյան աշխարհում հանգրվանած տասնյակ հազարավոր  գաղթականներ:

Ռուսական զորքերի կողմից ռազմաճակատը լքելու հետեւանքով ծանրագույն իրավիճակ էր ստեղծվել ոչ միայն ռազմաճակատում, այլեւ թիկունքում եւ հատկապես Երեւանի նահանգում: Թուրքական զինվորական հրամանատարության կողմից Կովկաս գործուղղված սպաների ու գործակալների հրահրմամբ համաթուրանական գաղափարներով վարակված կովկասյան թուրքերը ռազմաճակատի թիկունքը խարխլելու եւ հայկական զորամիավորումների կազմավորումը խոչընդոտելու դիտավորությամբ՝ պարբերաբար հարձակումներ էին գործում Հայոց գյուղերի ու հաղորդակցության կարեւորագույն հանգույցների, մինչեւ անգամ ճակատ մեկնող հայ զինջոկատների վրա, ստեղծելով կատարյալ քաոսային եւ անկառավարելի իրավիճակ:

Ռազմաճակատի բախտը, հետեւաբար հայ ժողովրդի գոյության խնդիրը մեծապես կախված էին նաեւ  թիկունքում՝ Արարատյան աշխարհում ծավալվող իրադարձությունների հետագա ընթացքից: Այդ օրհասական ժամանակաշրջանում անհրաժեշտ էին կարող, ձեռներեց ու մեծ հեղինակությամբ օժտված, ազատագրական պայքարի  նրբություններն ու դժվարություններն ապրած փորձառու գործիչներ՝ քաոսային կացությունը շտկելու եւ թիկունքում ծավալվող աշխատանքները կարգավորելու համար: Հայոց Ազգային Խորհրդի որոշմամբ, 1917թ. դեկտեմբերի վերջերին Երեւան է գալիս Արամ Մանուկյանը եւ մեծագույն եռանդով ձեռնամուխ լինում Արարատյան աշխարհի ծայրահեղ լարված ու խառնաշփոթ իրավիճակի կարգավորման խնդիրների լուծմանը: Արամի առաջարկությամբ Երեւանում ստեղծվում է Ազգային Խորհրդի իրավունքով մի մարմին՝ Հատուկ Կոմիտե, որի ձեռքում է կենտրոնանում նահանգի քաղաքական, տնտեսական եւ ռազմական իշխանությունը:

Հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող ժամանակում Երեւանում էր նաեւ հայկական զորքերի զինվորական կոմիսար Դրոն, որն իրեն հատուկ եռանդով, Արամի համագործակցությամբ, ձեռնամուխ է լինում հայկական բանակի զորամասերի կազմավորման, ինչպես նաեւ մահմեդական հրոսակախմբերի պարբերաբար կրկնվող զինված ելույթները «խաղաղեցնելու» աշխատանքներին:

Երեւանի նահանգում հայկական զորամասի կազմավորման գործում անգնահատելի է նաեւ Արարատյան աշխարհում կազմավորված հայկական բանակային կորպուսի 2-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանի ներդրումը:

Անդրադառնալով այդ օրերի իրադարձություններին՝ Դրոն նշում է. «Մի կողմից մեր դռան առջեւ կանգնած էր դարավոր թշնամին՝ թուրքը իր բանակներով, իսկ մյուս կողմից՝ թաթարների հետ մեր ներքին կռիվները կլանում էին հայ ժողովրդի ուժերը,  հիվանդությունները սպառնում էին զանազան շրջանների: Ռուս բանակը հեռանում էր խուճապահար եւ արտաքին օգնության ոչ մի հույս չէր մնում: Ի՞նչ անել, ինչպե՞ս փրկել ժողովրդի գոյությունը, ի՞նչ միջոցով դուրս գալ այս ծանր իրավիճակից»:

Մայր հայրենիքի վերջին հողակտորի վրա հանգրվանած հայության միակ փրկությունը կազմակերպված միասնական գոյամարտն էր, որի հաղթությամբ հայ ժողովուրդը պիտի ձեռք բերեր իր գոյությունը պահպանելու, ապրելու իրավունքը:

Նախ եւ առաջ անհրաժեշտ էր մարել զենքի դիմած թուրք հրոսակախմբերի  զանգվածային ելույթներն ու բացել ռազմաճակատը թիկունքին կապող ուղիներն ու հաջողությամբ իրականացնել զորահավաքը:

Հայկական մարտական ուժերը սահմանափակ ժամանակահատվածում, առաջնորդվելով հարձակողական մարտավարությամբ, Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ փայլուն կերպով են կատարում մահմեդական հրոսակախմբերին «խաղաղեցնելու» հույժ կարեւոր առաջադրանքը եւ զենքի դիմած գրեթե 50 թուրքաբնակ ապստամբ  գյուղեր պարզում են սպիտակ դրոշը, զինաթափվում ու հանձնվում հաղթողի ողորմածությանը:  Շնորհիվ հայկական ռազմական ուժերի հաղթական գործողությունների ոչ միայն  բացվում է  թիկունքը ռազմաճակատին կապող ուղիները, այլեւ վերջնականապես կազմավորվում է գեներալ Սիլիկյանի գլխավորած 2-րդ դիվիզիան, որն իրեն հրաշալիորեն դրսեւորեց Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերում:

Արարատյան աշխարհում տեղի ունեցած  դեպքերի ուսումնասիրությունն աներկբա հավաստում է, որ Մայիսյան հերոսամարտերի նախօրեին (1918թ. հունվար, փետրվար, մարտ) Արամ Մանուկյանի գլխավորած Երեւանի Հատուկ կոմիտեի հետ Դրոյի, գեներալ Սիլիկյանի եւ բազում այլ հայրենանվեր զինվորականների համագործակցությունը, որը դեռեւս իր արժանի գնահատականը չի ստացել հայ պատմագիտության կողմից, իր ազգանպաստ արդյունավետ գործունեությամբ ու փրկարար նշանակությամբ, կարելի է իրավամբ նշել, որ վեր է որեւէ գովասանքից ու գնահատականից: Ի տարբերություն 1918թ. Արարատյան աշխարհում ծավալված ռազմական գործողությունների գնահատման, հայրենական պատմագիտությունն այսօր արդեն բազմիցս անդրադարձել է Մայիսյան հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի լուսաբանմանը: Մայիսյան համազգային հերոսական գոյամարտում կողք կողքի մարտնչում էին զինվորը, հայ շինականն ու հոգեւորականը, կանոնավոր զորամասերն ու ժողովրդական աշխարհազորը:

Հարյուրամյակներ շարունակ ազգային պետականությունը կորցրած հայությունը անպատմելի արհավիրքների ու հերոսական մաքառումների գնով հերոսաբար լուծեց պատմական նշանակություն ունեցող խնդիրը եւ կարողացավ, թվում է անելանելի ծանրագույն կացությունում, պարտության մատնել 1-ին աշխարհամարտի բովով անցած, փորձառու զորապետների առաջնորդած թուրքական կանոնավոր զորամասերին  ու նրանց աջակցող թուրք-քուրդ հրոսակախմբերին եւ դրանով նվաճեց իր հայրենի փոքրիկ հողակտորում գոյատեւելու, ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Արժանվույնս գնահատելով Հայաստանի անկախության հռչակման գործում մայիսյան հերոսամարտերի եւ հայկական զորքերի ավանդն ու պատմական նշանակությունը, Հայոց Ազգային Խորհրդի նախագահ Ավ. Ահարոնյանն ու քարտուղար Ն. Աղբալյանը Երեւանի Ազգային Խորհրդին հասցեագրված` 1918թ. հունիսի 5-ին թվագրված ուղերձում գրում են. «…Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող: Եթե չլինեին մայիսյան հերոսամարտերը, հայ ժողովրդի եւ հայկական բանակի հերոսական դիմադրությունը, ապա թուրքերը երբեք  չէին համաձայնի դադարեցնել պատերազմական գործողությունները եւ առավել եւս, թեկուզ փոքր հողակտորի վրա, ճանաչել Հայոց անկախ պետականությունը` Հայաստանի Հանրապետությունը»:

Ահա պատմական այդ իրողության Դրոյի գնահատականը.

«Կատարվեց հրաշքը: Դաշնակցությունը կարողացավ ի մի հավաքել և գոյապայքարի ճակատ նետել հայության բոլոր կենդանի ուժերը: Հայաստանն ամբողջ, մեծով-պզտիկով, ոտքի կանգնեց ու պատվով մեռնելու կամ ազատ ապրելու վճռով կուրծք տվեց թշնամուն: Որքան հուզիչ դրվագներ և հերոսական դեպքեր կարելի է նկարագրել այն կռիվներից, որոնց արդյունքը եղավ մայիսի 28 պատմական թվականը: Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Աբարանի ճակատամարտերի մեջ իր տարած անօրինակ հաղթանակներով՝ հայ ժողովուրդը տիրացավ ազատ և անկախ ապրելու անփոխարինելի բարիքին: Այդ ճակատամարտերն եղան պատճառ, որ տաճիկները հարկադրվեցին դաշինք կնքել հայերի հետ ու ճանաչել Հայաստանի անկախությունը:

Հարգանք հայ ժողովրդին, նրա հեղափոխական մարտիկներին և ղեկավարներին, փառք հայ բանակին և նրա անձնվեր զինվորներին ու սպաներին, որոնք գիտցան արհամարհել ամեն դժուարություն և կամքով խոյացան մահվան դեմ՝ մինչև արյան վերջին կաթիլը կռվելու վճռականությամբ:

Այդ հերոսների կերտած թվականն է մայիսի 28-ը»:

Հարկ է նշել, որ Մայիսյան հերոսամարտերի հաղթանակը սահմանափակված չէ  սոսկ համազգային նշանակությամբ: Ինչպես արդեն նշվել է, Գերմանիան ու նրա զինակիցները Անտանտայի տերություններին վերջնական պարտության մատնելու նպատակադրությամբ` պատրաստվում էին վճռական ռազմական գործողությունների և նրանց չափազանց անհրաժեշտ էր վառելիք` նավթ, որը գտնվում էր Բաքվում: Թուրք հրամանատարության հաշվարկով թուրքական զորքերը պետք է արագորեն ընկճեին իրենց ճանապարհը պատնեշող հայկական զորամասերի դիմադրությունը և շարժվեին դեպի Բաքու: Սակայն այս անգամ նրանց հաշվարկներն այնքան էլ  ճիշտ չէին: Հայկական զորքերն իրենց հերոսական դիմադրությամբ խափանեցին նրանց ծրագրերը, և թուրքերը կորցրին իրենց համար չափազանց կարևոր ավելի քան հինգ ամիս ժամանակը, արդյունքում Գերմանիան ու նրա դաշնակիցները ժամանակին չստացան իրենց համար կենսական նշանակություն ունեցող Բաքվի նավթը:

Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
28.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031