Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող հինգ ստեղծագործական միությունները կդիմեն ԱԺ՝ նախկին կարգավիճակը մասամբ վերականգնելու առաջարկով

Մայիս 29,2020 12:30

Հայաստանի հինգ ստեղծագործական միությունների՝ կոմպոզիտորների  (նախագահ՝ Արամ Սաթյան), կինոգործիչների (նախագահ՝ Հարություն Խաչատրյան), նկարիչների (նախագահ՝ Սուրեն Սաֆարյան), գրողների (նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյան) եւ թատերական գործիչների (նախագահ՝ Հակոբ Ղազանչյան), նախագահների միաձայն որոշման արդյունքում 2019թ. ստեղծվեց Ստեղծագործական միությունների նախագահների խորհուրդ, որի նախագահ ընտրվեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Արվեստագետները ողջունեցին այդ  քայլը, նշելով, որ «ի վերջո միությունների անդամների դարդն ու ցավը նույնն է»։

«Առավոտի» հետ զրույցում Արամ Սաթյանը թվարկեց հիմնված խորհրդի նպատակները, դրանք են՝ միությունների կարգավիճակների հստակեցում, միությունների՝ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի նկատմամբ պետական հոգածություն ու այդ շենքերի գույքահարկի նվազեցում կամ հնարավոր արտոնությունների կարգավորում, արվեստագետներին շնորհվող պետական կոչումների, մեդալների, ինչպես նաեւ հանրապետության փողոցների,  դպրոցների՝ արվեստագետների անունով  անվանափոխությամբ զբաղվող հանձնաժողովների կազմում խորհրդի անդամների ներգրավվածություն եւ առհասարակ՝ հանրապետությունում պետական նշանակության ժամանակակից մշակութային իրադարձություններում, միջոցառումներում միությունների դերի ու նշանակության բարձրացում։

Արամ Սաթյանը հիշեցրեց, որ ստեղծագործական միությունները մեր երկրի անկախությունից հետո դարձել են հասարակական կազմակերպություններ ու թեեւ ինչ-ինչ ծրագրեր իրագործելու  նպատակով պետական աջակցություն ստանում են, բայց այն բավարար չէ եւ, մեր զրուցակցի խոսքերով՝ պետական մտածողության մեջ պետք է դոմինանտի միությունների դերը։ «Ստեղծագործական միությունների՝  հասարակական կազմակերպությունների վերածվելուց հետո դիմել ենք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով՝ առաջարկելով, որ միություններին տրվի հստակ կարգավիճակ, բայց այդպես էլ  ոչ մի պատասխան չեղավ։ Հիմա պատրաստվում ենք դարձյալ դիմել…»,- նշեց մեր զրուցակիցը։ Ռեպլիկին՝ ցանկություն ունեք վերականգնելու միությունների նախկին՝ պետական կարգավիճակը, պարոն Սաթյանն ասաց. «Հուսով ենք, որ ներկայիս իշխանությունը, կառավարությունը կլսեն մտավորականների խոսքը։ Ինչ վերաբերում է կարգավիճակին, մեր խնդրանքն է այն վերականգնվի մասամբ»։

Դիտարկմանը՝ փաստորեն, միությունների կարգավիճակի մասամբ վերականգնելը կարելի է հասկանալ որպես ամենամյա որոշակի ֆինանսական  հատկացում պետության կողմից, կոմպոզիտորը պատասխանեց. «Հիշեցնեմ աշխարհում ստեղծագործական միությունների դերի ու նշանակության մասին. օրինակ, Նիդեռլանդներում միության անդամ է շուրջ 600 կոմպոզիտոր կամ՝ Ամերիկայում լիգաները (այդպես են կոչվում ստեղծագործական միությունները) իսկապես գտնվում են պետական հոգածության ներքո։ Ձեր հարցում դուք նշեցիք ֆինանսական կողմի մասին, տեսեք՝ համաճարակի այս օրերին Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ այլ պետություններ հավելյալ գումար են ուղղում արվեստագետներին։ Գերմանիայում միայն նկարիչները որպես աջակցություն  ստացել են շուրջ 160 մլն եվրո… Մեր երկրում մասշտաբային ստեղծագործության համար, ինչպիսին օպերան է, հեղինակի՝ կոմպոզիտորի հոնորարի չափը կազմում է շուրջ 1 մլն դրամ։ Մինչդեռ եվրոպական երկրներում այդպիսի հոնորարը սկսվում է 100 հազար եվրոյից, եւ այլն։ Կրկնում եմ՝ ասածս չընկալվի, թե, ասենք,  նախարարությունը տարբեր ծրագրեր իրականացնելու  նպատակով միություններին չի աջակցում։ Ախր, մեր արվեստը հաճախ պիտի ներկայացվի արտասահմանում։ Ներկայացվում է, այո, բայց՝ ավելին պետք է լինի, չէ՞ որ ցանկացած պետության այցեքարտը մշակույթն է…»։

Մեր զրուցակցին փոխանցեցինք «Առավոտի» հետ զրույցներում կոմպոզիտորներից շատերի խոսքը, թե մեր ռեստորաններում, զվարճանքի վայրերում հնչած իրենց ստեղծագործությունների համար կոնկրետ «Հայհեղինակից» ոչ մի կոպեկ չեն ստանում։ «Իրավացի են կոլեգաներս։ Եթե կոմպոզիտորի որեւէ գործ հնչում է TV-ով, ռադիոյով կամ զվարճանքի վայրերում, հեղինակը պետք է վարձատրվի։ Այստեղ «Հայհեղինակը» պրոբլեմ ունի… Ժամանակին Առնո Բաբաջանյանը կատակում էր՝ ամեն երրորդ կոտլետը, որը ռեստորանում ճաշակում են՝ իմն է։ Այսինքն՝ Առնո Հարությունովիչի  հեղինակային իրավունքի իր բաժին տոկոսներն իսկապես շատ մեծ գումար կկազմեր»,- ասաց արվեստագետը։

Անդրադառնալով Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով ներկայացվելիք առաջարկին, փաստենք, որ  տարբեր երկրներում տարբեր որոշումներ եւ միջոցառումներ են ձեռնարկվում մշակույթի ոլորտը ինքնահոս իրավիճակից դուրս բերելու համար, մանավանդ ճգնաժամերի ժամանակ, ինչի ընթացքում, որպես կանոն, առաջին հարվածը հասցվում է բարձրակարգ արվեստի ժանրերին։ Բացահայտ է, որ ՀՀ Ազգային ժողովը հատուկ հոգածության կենտրոնում պետք է պահի մշակութային ոլորտը՝ որպես  մշակութային երկրի համարում ունեցող պետություն։ Իսկ աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում  մշակութային ոլորտի գործունեությունը, այն հիմնական նկատառումով, որ  այն ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս, ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի խիստ ազատ քմահաճույքներին։ Իսկ ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական արվեստի ոլորտում։ Փաստենք, որ Ռուսաստանում մշակույթի ոլորտը ուղղակի երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է գտնվում, առանձնակի մեծ պարտավորություն է իր վրա կրում երկրի պառլամենտը։ Իսկ, օրինակ, Էստոնիայի պառլամենտը վաղուց շրջանառության մեջ է դրել որոշում, ըստ որի՝ հատկապես ծխախոտի եւ ալկոհոլի վաճառքի շրջանառությունից որոշակի տոկոս ուղղակիորեն հատկացվում է միայն մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը։ Ճապոնիայում էլ երկրի պառլամենտը յուրօրինակ կերպով է լուծում հատկապես դասական երաժշտության նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության ու մասսայականացման խնդիրը՝ դասական երեկոներին հաճախած հանդիսականի ամբողջ տարվա ընթացքում գնված տոմսերի գումարը տարեվերջին, ներկայացված տոմսերի հիման վրա, մեծ թվերի հասնող գումարի տեսքով  վերադարձնում է հանդիսականին։ Աշխարհի այլ երկրների համեմատությամբ ԱՄՆ պառլամենտն ավելի ազատ ու անմասնակից վերաբերմունք ունի մշակույթի ոլորտի գործունեությանը, այն գրեթե լիովին թողնելով շուկայական հարաբերությունների ընթացքին։ Արդյունքում դասական եւ ազգային համարում ունեցող արվեստները իրենց տեղը զիջում են շոու-բիզնեսին, որն իր բնույթով  ավելի առեւտրային ոլորտ է, քան արվեստի։ Դա է թերեւս պատճառը, որ ամերիկյան մշակույթը դասական արվեստի համարում չունի աշխարհում, թեպետ ունի հռչակավոր «Մետրոպոլիտեն» թատրոն…

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Կարծում եմ, որ այսօրվա գործող օրենքները, մասնավորապես՝ ,, Մշակութային օրենսդրության հիմունքների մասին,, ՀՀ օրենքը, բավարար հնարավորություն է տալիս բարձրացնելու հայ կոմպոզիտորի հեղինակությունը: Սակայն, ՀԿՄ- ը չի օգտվում այդ հնարավորությունից, որի արդյունքում սիմֆոնիկ նվագախմբերը, օպերային թատրոնը, մեր դասականներին մոռացության է մատնել, ընկել է կոմպոզիտորի հեղինակությունը, չեն ստեղծվում իրական, մեծ արժեքներ: Էլ ի՞նչ վարձատրության մասին է խոսքը … (Ի դեպ, Բեթհովենին, Վերդիին և մյուս եվրոպական Մեծություններին պետուրյունը չէ, որ վճարել է) … Պարոն Սաթյան, անհրաժեշտ է, առաջին հերթին, տեր կանգնել հայ երաժշտության ոտնահարված իրավունքներին … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031