Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծամտորեն ընտրել եմ Երկնավորին, նա էլ իմ հավեսը չունի». Սուսաննա Հարությունյան

Մայիս 29,2020 12:00

«Այս վիրուսն ինձ ահաբեկեց։ Մի պահ մտածեցի՝ բա որ հանկարծ վիրուսն ինձ տանի, ու հղացած վեպս չգրվի՞,- արձակագիր Սուսաննա Հարությունյանը, վերջին հաշվով, ահաբեկվողներից չի,- ինչքան էլ դժգոհենք վիրուսից, պատերազմից, ցունամիներից ու ջրհեղեղներից՝ էքստրեմալ վիճակները գրողի համար պարզապես գտածոներ են, ստեղծագործական նոր հորիզոններ են բացում»։

Համաձայն չէ, թե գրականության մեջ նոր ժամանակներ է բացում այս համավարակը, բայց՝ «Ես էլ շատերի նման հույս ունեմ, որ այսքան սարսափելի թվացող ախտը կստիպի մարդկանց վերարժեւորել կյանքը, այդպես գլխապատառ չվազել փողի ու բարեկեցության հետեւից, գնահատել ոգեղենը։ Որ կկարդան ոչ թե մեկուսացման տհաճությունները հաղթահարելու համար, այլ  տիեզերքի, գիտելիքի, մարդկության կենսափորձի, լեզվի հետ հարբերվելու ցանկությունից ելնելով»։

Իր գրքերի վաճառքով այս ամիսներին չի հետաքրքրվել. «Իբր շեն տարին ինչ էր, մնաց՝ ավեր տարին։ Ես էն գրողներից չեմ, որոնց համար գրականագետներ կամ թիմ է աշխատում, իմ գործերը պրոպագանդող, դրանց մասին աջուձախ ճվացող-ճչացող չկա։ Բայց եթե անկեղծ՝ գնորդի, ընթերցողի կամ գրականագետի լինել-չլինելը գրելու հետ կապ չունի, այլապես այսօր Հայաստանում ոչ ոք չէր գրի»։

Ինքնամեկուսացման՝ դարից երկար ձգվող օրերն էլ իր համար վիրուսից դեռ շատ առաջ էին սկսվել. «Մի օր հանկարծ զգացի, որ գրելն այլեւս չի մխիթարում, չի փարատում մարդ լինելու հավերժական թախիծը։ Ահագին նոր ու համարյա ավարտուն գործեր ջնջեցի, ոչնչացրի։ Հետո որոշ գործերի համար ափսոսացի, լավ պատմվածքներ կային, վաղուց սկսած մի վեպ, մի երկու պիես, բայց արդեն արել էի։ Ուրեմն, սկզբում գործերիցս մեկուսացա, ապա՝…»։

Միշտ է մեկուսացման մեջ, ասում է՝ ի՞ր ցանկությամբ, թե՞ առանց. «Կարծեմ Բրիջիդ Բարդոն է ասել՝ ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ սիրում շներին… Իսկ իմ դժբախտությունն այն է, որ ես ո՛չ մարդկանց եմ սիրում, ո՛չ էլ շներին։ Մեծամտորեն ընտրել եմ Երկնավորին, նա էլ իմ հավեսը չունի»։

Սուսաննա Հարությունյանը տասնյակից ավելի գրքեր է հրատարակել. վեպեր, վիպակներ, պիեսներ, որոնցից շատերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ «Ագռավները Նոյից առաջ» գիրքը (նույնանուն վեպը եւ «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուն) 2016թ. արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի։ «Ագռավները Նոյից առաջ» վեպում «թուրքից փախած» Հարութը Հայաստանում ու աշխարհից, աչքից հեռու՝ գրեթե մոգական վարքուբարքով, բայց, փաստորեն՝ ուրիշներից փախչելու տեղ չունեցող իր գյուղն է հիմնում, վերջում անհետանում երկդիմի անորոշության մեջ՝ կա՛մ Սիբիրներում, կա՛մ այլ երկինքների տակ։ Հարութի հզոր կերպարի ուղեկիցներից է Վարսոն, որը գյուղի երեխեքին անվերջ պատմում է նույն հեքիաթը։ Երեխեքը հասակ են առնում, բայց ո՛չ հեքիաթի հերոսներն են ծերանում, ո՛չ էլ վերջն է երեւում։ Գյուղի հետաքրքրության կիզակետում է, թե վերջն ինչ եղավ։ Վեպի հեղինակն ինքն իր համար գիտի՞, թե ինչով է ավարտվում հեքիաթը. «Վարսոյի ձգձգվող հեքիաթը հենց կյանքի անվերջությունն է։ Ցավոք, ես էլ այդ հեքիաթի վերջը չգիտեմ, եթե իմանայի, անհամեմատ մեծ գրող կլինեի… Վարսոյի կերպարը նույնպես, այո՛, իր նախատիպն ունի։ Նա եւս կար գաղթականների մեջ, թեեւ իրականում այլ անուն ուներ։ Միակ շալվար հագնող կինն էր գյուղում, ի դեպ՝ ընտանիքավոր, նստում էր քարե պատին, ծխում էր։ Հեքիաթ, իհարկե, չէր պատմում, բայց հաստատ կպատմեր, եթե լսող լիներ»։

Այս վեպում նախատիպերը շատ են. Հարութը հեղինակի հորական պապի հորեղբայրն է՝ նկարագրվածի պես տիրական կերպար է եղել. «Գաղթականներն իրական են. օրինակ, Նախշունը, որից վերցրել եմ միայն ընտիր վերմակ եւ կավե իրեր, թոնիր սարքելու փաստը, քնջռուն։ Բարեբախտաբար, նա բոլորովին այլ եւ շատ ավելի լավ ճակատագիր ուներ, քան վեպի հերոսուհին։ Այո՛, «քնջռու» ձվածեղի տեսակը իրական է, որը ես լսել եմ Նախշունից։ Մայրս հիվանդագին մաքրասեր էր, ամեն տարի անկողնու բուրդը լվանում էր, Նախշունը գալիս էր կարելու, եւ քնջռուից բացի, ուրիշ բան չէր ուտում, ասում էր՝ մնացած ուտելիքները ստամոքսը ցավեցնում են։ Առաջին անգամ, երբ ասաց՝ քնջռու, մենք մտածեցինք եսիմ ի՜նչ չտեսնված ուտելիք է, հետո պատրաստեց՝ ողջ օրը ծիծաղում էինք։ Վեպի այդ ծաղրող ու հիասթափված գյուղացիները մենք ենք՝ մորս չորս երեխաները, որոնք նույնպես ասում էին՝ ձվածեղ է, էլի՛»։

Քանի որ այս վեպի գլխավոր հերոսի նախատիպը նրա հորական կողմում էր, որոշել է «ազնիվ լինել»՝ նոր վեպի նախատիպերը մորական պապն է եւ ավագ քեռին՝ երկուսն էլ լեգենդար կոմունիստներ. «Սխալ է, թե երբ գրողը ինքնակենսագրական փաստ է ներմուծում իր գրականության մեջ, ուրեմն սպառվել է։ Բայց ինչո՞ւ չարչարվել հորինելու վրա, երբ Աստված ամեն ինչ ծամել, բերանդ է դրել։ Մի՞թե մենք նրանից լավ կհորինենք. գրողին մնում է ընդամենը սղագրել կյանքը»։

Սուսաննա Հարությունյանի արձակին լավ ծանոթ մարդիկ հաճախ են նրան անվանում «հայ գրականության Մարկես». մոգականի եւ իրականի այդքան վարպետորեն ու սիրուն միաձուլումն է հիմնական պատճառը. ինքը համաձա՞յն է գնահատականին.  «Իհարկե, ինձ շոյում է Մարկես լինելը, բայց չէր խանգարի նաեւ Շեքսպիր, Բալզակ ու նաեւ Դոստոեւսկի լինելը… Ցավոք, չարժե նման հույսեր փայփայել. մեր գրական միջավայրն ընդունակ է ոչնչացնելու ցանկացած հանճարի եւ հպարտանալու իր արածով»։

Երկու զավակ, երեք թոռ եւ ամուսին ունի. «Որոնք խանգարում են ինձ գրականությամբ եւ իմ ուզած կյանքով ապրել։ Բայց շատ եմ ուզում, որ թոռներս ավելանան ու շարունակեն խանգարել։ Ափսոսում եմ, որ շատ երեխաներ չեմ ունեցել։ Եվ ափսոսում եմ, որ իմ ընդունակությունների մեկ տոկոսն անգամ չեմ դրսեւորել։ Բայց չգիտե՞մ, կյանքից կստանայի այն լիցքերը եւ կգրեի՞ արդյոք այն գործերը, եթե ազատված լինեի ընտանեկան հոգսերից. չէ՞ որ կյանքն է կերտում մեզ։ Հակառակ դեպքում, գուցե էն խփնված պառավներից լինեի, որոնք իննսուն տարեկանում էլ իրենց երեւակայության մեջ դեռ հարսնացու են, եւ գրեի այնպես, ինչպես ֆեյսբուքյան «դասականները»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակները ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
28.05
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031