Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանի եւ «Իմ քայլի» նախընտրական խոստում. մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ոդիսականը

Մայիս 28,2020 23:40

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններով քաղաքային իշխանությունը վերցրած «Իմ քայլը» նախընտրական դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական շրջանում խոստանում էր. «Մետրոյի առնվազն մեկ կայարան ենք կառուցելու Աջափնյակում` «Թումո»-ի մոտ: Դա շատ թանկարժեք գործընթաց է, մոտ 50-100 մլն դոլար մեկ կիլոմետրի համար: Մենք գտնելու ենք գումարներն այս ծրագիրն իրականացնելու համար»:

Այն ժամանակ հայտարարվում էր, որ ծրագրի իրականացման համար քաղաքի մեկ տարվա բյուջեն լիովին բավական է: Ասում էին`հաշվարկել են:

Ընտրություններից մեկ տարի անց, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն արդեն ասում էր. «Քաղաքային բյուջեն կարող է չբավականացնել այս կամ այն պրոյեկտը իրականացնել, բայց այն ռեսուրսը, այն կապիտալը՝ քաղաքական, մարդկային վստահության կապիտալը, որ ունի գործող քաղաքային իշխանությունը, դա բավականացնում է, որպեսզի հավակնոտ պրոյեկտներ դրվեն մեր առաջ և դրանք իրագործվեն»:

Մետրոպոլիտենում ու քաղաքապետարանում արված տարբեր հաշվարկներով նոր կայարան ունենալու համար անհրաժեշտ է 70-150 միլիոն դոլար՝ կախված կառուցապատողի առջև դրվելիք պահանջներից։ Ըստ քաղաքապետարանի ծրագրի, այդ ներդրումը պետք է արվի մասնավոր ոլորտից, ինչի դիմաց նույն գործարարը հնարավորություն կունենա առևտրի ու ժամանցի կենտրոններ կառուցել հարակից տարածքներում։ Այս ծրագիրը քաղաքապետարանում ներկայացնում էին դեռ մեկ տարի առաջ: Ասում էին, որ ծրագրի շուրջ բանակցում են: Իհարկե, անուններ այդպես էլ չհնչեցին, թե ո՞ւմ հետ էին բանակցում: Եթե նրանց ծրագիրը իրականություն դառնա, անհրաժեշտ կլինի ավելի քան 500 մետր երկարության, դեռ խորհրդային տարիներին փորված թունելը վերածել մետրոյի թունելի, ապա արդեն կառուցել Հրազդանի կիրճի մի կողմը մյուսին կապող կամուրջ։ Սա կպահանջի լրացուցիչ մասնագետների ներգրավվում:

2019-ի մայիսի 15-ին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր` հույս ունի Աջափնյակում նոր կայարանի նախագծային աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ. «Կամուրջը ավարտելուց հետո կամրջի վրա կտեղավորվի կայարանը, և հետագայում ամբողջ ինֆրաստրուկտուրան, որը կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամրջից դեպի «Բարեկամություն» կայարան»: Նաեւ ճոպանուղու շինարարության մասին էր խոսել, որը նախատեսում էին սկսել գալ տարվանից։ Այն տուրիստական նշանակություն չի ունենալու, կլինի 32 տեղանոց հանրային տրանսպորտ՝ թեթևացնելու Մասիվ – Կենտրոն մշտական խցանումները: Արթուր Մեսչյանը կառուցապատողների անուններ չէր հնչեցրել, բայց հայտարարել էր, որ այս երկու ծրագրերի համար քաղաքի բյուջեն ոչինչ չի տրամադրելու։ Երևանի գլխավոր ճարտարապետը արդեն դժգոհել էր`«ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղված, քան ճարտարապետությամբ»` նկատի ունենալով այն, որ քաղաքը փող չունի, անընդհատ ներդրողներ են փնտրում:

Իսկ կառուցապատողներին շահագրգռող հանգամանքների մասին խոսելով, Արթուր Մեսչյանն ասել էր. «Աջափնյակի մետրոպոլիտենը կառուցապատողին հնարավորություն է տրվելու մեծ մոլ կառուցել «Թումոյի» տարածքի կողքի շրջանում՝ մետրոպոլիտենի վրա: Մոլի առաջին հարկի միջիցա լինելու մետրոպոլիտենի կապը: Նույն մոտեցումը լինելու է և ճոպանուղուն: Այսինքն, Մասիվի տարածքում մենք թույլ ենք տալու կառուցել ևս մեկ մոլ, և էդ կառուցողը պետք է կառուցի վերևի կայարանը, իսկ ներքևի տարածքում պետք է նախագծվի հյուրանոցային համալիր»:

Արդեն երկու տարի անց, Երեւանի ավագանու վերջին`մայիսի 27-ին կայացած նիստում, պատասխանելով Աջափնյակի մետրոպոլիտենի կառուցմանը վերաբերվող հարցին, Հայկ Մարությանը պատասխանեց, որ դա պետք է անի պետությունը, պետք է անի կառավարությունը։ Քաղաքապետարանի դերն այս գործընթացում «մաքսիմալ պրոցեսն արագացնելն է և մաքսիմալ ինֆորմացիա հավաքագրելը»։ Քաղաքապետն ասաց, որ հավաքագրել են բոլոր տվյալները, երկու օր առաջ ներկայացրել են կառավարություն. «Մենք այս պահին սպասում ենք կառավարության թե դիրքորոշմանը, թե մոտեցմանը, թե ինչպես ենք առաջ գնում։ Դրանից հետո ավելի կոնկրետ գործողությունները կսկսվեն»։ Քաղաքապետը մանրամասնեց`մետրոպոլիտենի հարցով վերջին երկու շաբաթվա ընթացքում չորս խորհրդակցություն է ունեցել, ներգրավվել են հայաստանյան մետրոշինության, կամրջաշինության ոլորտի մասնագետներին, նաև ֆինանսիստների․ «Էսքիզային մակարդակով մեծ հետազոտություն է տեղի ունեցել: Վերջնական հաշվարկները թե գումարային թե ժամանակային կլինեն, երբ պատրաստ լինի նախագիծը, նախագծանախահաշվային հաշվարկները»։

Մարությանը նշել է նաև, որ հարցի լուծման երկու-երեք տարբերակներ կան, լուծումներն էլ տարբեր ժամանակ են պահանջելու. «Եթե պետությունը վարկային միջոցներով է դա անելու, սա այլ պատմություն է։ Այնտեղ վարկային միջոցներ, դրամաշնորհ, պրոցես, դա մի քիչ ավելի երկար է գնալու։ Եթե դա ծրագրի ձևով է արվելու՝ նաև ներգրավելով մասնավորին, այսինքն՝ մասնավոր-պետություն համագործակցությամբ, դա ավելի կարճ ժամանակահատվածում կլինի։ Բայց վերջինի դեպքում պետք է մասնավորի հետ ծրագիրը ճիշտ կազմվի, որպեսզի շահի թե պետությունը, թե մասնավորը։ Այս երկու ճանապարհներից մեկը պետք է ընտրվի, հենց դա եղավ, պրոցեսն առաջ կգնա»։

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանին, դեռ նախընտրական շրջանում, մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման «Իմ քայլի» նախընտրական խոստումը պոպուլիստական է թվացել: Երկու տարի անց`հետեւելով զարգացումներին եւ հարցի շուրջ դիրքորոշումների, հայտարարությունների, մոտեցումների փոփոխությանը, Aravot.am-ի հետ զրույցում Հռիփսիմե Առաքելյանն ասում է, որ այս ծրագիրն անիրատեսական է: Իր կարծիքը փոխել չեն ստիպում անգամ ներկայացված նախագծա-նախահաշվարկային աշխատանքները, քանի որ ծրագրով հետաքրքրված ներդրողների մասին հայտարարություններից անցումն այն խոսակցություններին, որ քաղաքապետարանը տվյալներ հավաքագրողի իր դերն ավարտել է եւ սպասում է կառավարության դիրքորոշմանը, այլ հնարավորություն չեն թողնում, հավատ չեն ներշնչում: Կարծում է, այսպիսով`պատասխանատվությունը այլ դաշտ տեղափոխելով, քաղաքային իշխանությունը փորձում է խուսանավել իր նախընտրական խոստումից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031