Լրահոս
Օրվա լրահոսը

Իմքայլական «լուռ» պատգամավորի ուշագրավ բացատրությունը՝ ԱԺ-ում մենակ կոճակ սեղմելու մասին

Մայիս 28,2020 22:30

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը 7-րդ գումարման ԱԺ-ի «ամենալուռ» պատգամավորներից է: Գրեթե մեկուկես տարվա ընթացքում նա դեռ ԱԺ ամբիոնին չի մոտեցել, որեւէ հարց չի տվել, ելույթ չի ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Ուստի Aravot.am-ը նրան հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր լռությունը: Ի պատասխան՝ նա ասաց. «Իսկ ինչո՞վ է պայմանավորված ձեր հետաքրքրությունը, որ ասեք՝ կասեմ»:

Հետո Աթաբեկյանն ասաց, որ կարճ ժամանակահատված է անցել, դեռ ականատես կլինենք. «Պատգամավորը պարտավոր է աշխատի, թե որ գործիքակազմը կօգտագործի, դա արդեն պատգամավորն է որոշում»:

Հարցրեցինք՝ դուք ո՞ր գործիքակազմից եք մինչ օրս օգտվել՝ Աթաբեկյանը պատասխանեց. «Թիմային աշխատանքի»: Թե ի՞նչ է դրա մեջ ներառվում՝ նա պարզաբանեց այսպես. «Շատ բան է ներառվում, հիմա չեմ կարող դրա բացատրությունը տամ»:

Երբ բացատրեցինք, որ նա աշխատավարձ է ստանում հարկատուների հաշվին ու մեր հետաքրքրությունը դրանով է պայմանավորված՝ Աթաբեկյանն արձագանքեց. «Հարկատուները գիտեն, դրա մասին տեղեկանում են, իմ ընտրողներն էլ գիտեն: Իմ աշխատանքը չեք կարող դահլիճում լուսաբանեք, գնահատական տաք: Ժամանակը կգա՝ դահլիճում էլ կտեսնեք: Չեմ կարա իմ ամբողջ աշխատանքային կենսագրականը ներկայացնեմ ձեզ»:

Հետաքրքրվեցինք՝ օրենսդրական նախաձեռնություններ առաջիկայում լինելո՞ւ են իր հեղինակությամբ, ի՞նչ գաղափարներ ունի: Նա ի պատասխան ասաց. «Որ լինի, տեղյակ կպահենք: Նախաձեռնությունը հենց ընենց օդում չի ծնվում ու որոշում կայացնելով չի: Այսինքն, այնպես չի, որ պիտի նստես, որոշում կայացնես ու նախաձեռնությամբ հանդես գաս, որ, օրինակ, նման հարցեր քեզ չտան»:

Հետո Աթաբեկյանն սկսեց արդարանալ, թե իրենց խմբակցությունում 88 պատգամավոր է, եթե որոշները խոսքով են արտահայտվում, որոշներն արտահայտվում են թիմային գործունեությամբ, ինչպես, օրինակ, ինքը. «Եթե մարդու խառնվածքը այնպես է, որ իր հարցերը նախապես պարզում է, չեմ կարծում, որ այդ ձեւակերպումը ճիշտ է տալ…կոճակ սեղմող»: Ճշտեցինք, թե իր հարցերը նախապես ո՞նց է պարզում՝ նա պատասխանեց, որ գործընկերների հետ, եթե այնպիսի հարաբերություններ ունի, որ տեղում կարող է հարցերը պարզաբանել, այդպես է անում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031