Մայիսի 27-ին խորհրդարանը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Հեղինակը` ՀՀ կառավարություն է: Այս արձանագրությամբ նախատեսվում է, որ մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը Հայաստանի համար կհետաձգվի մեկ տարով:
Հիշեցնենք, Հայաստանը, 2014 թվականին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ին հինգ տարի անցումային ժամանակահատված է տրամադրվել՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար:
Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Համաձայնությունը ստորագրվեց 2019-ի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում:
Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Միասնական մաքսային սակագների մեկ տարով հետաձգելը վերաբերվում է մի շարք պարենային և արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինում 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն:
Կարդացեք նաև
Մայիսի 11-ին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ դատաիրավական բարեփոխումների թեմայով զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ ՍԴ-ն դանդաղեցնում է երկրի համար կարեւոր միջազգային համաձայնագրերի, պայմանագրերի, տարբեր իրավական ակտերի վերաբերյալ իր դիրքորոշումը եւ իբրեւ օրինակ, բերեց հենց այս համաձայնագիրը`ասելով, որ կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանի համար մաքսատուրքի բացառությունների ցանկի շուրջ, այն գնաճի վրա ազդեցություն է ունենալու`թույլ տալով, որ ապրանքները չթանկանան եւ ակտի ուժի մեջ մտնելու համար, այն պետք է ՍԴ-ով անցնի: «Մենք չենք կարող այդ խնդիրը լուծել: Չնայած, հիմա էլ, ՍԴ-ն, անհասկանալիորեն ձգձգում է այդ հարցի քննարկումը կամ եթե չի ձգձգում, հնարավորինս ամենակարճ ժամկետում կարող էր քննարկել, չի քննարկում»:
Aravot.am-ը ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց`ինչո՞ւ է ՍԴ-ն արհեստականորեն ձգձգել կամ հնարավորինս սեղմ ժամկետներում չի քննարկել հանրության համար կենսական նշանակության այս փաստաթղթի քննարկումը:
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ կառավարության դիմումը ՍԴ մուտքագրվել է 2020 թվականի ապրիլի 13-ին: Հիշեցնենք, որ համաձայնությունը ստորագրվել էր 2019-ի դեկտեմբերի 20-ին: Այսինքն, կենսական նշանակության այս փաստաթուղթը կառավարությունը ՍԴ-ի քննարկմանն է ուղարկել համաձայնության ձեռքբերումից մոտ չորս ամիս անց:
«ՍԴ-ն միջազգային պայմանագրերի նախնական ուսումնասիրության համար ունի օրենքով սահմանված մեկ ամսվա ժամկետ, իսկ որոշման ընդունման համար 3 ամսվա ժամկետ»,- ասաց Էդգար Ղազարյանը`հավելելով, որ այդ գործով ՍԴ-ն վերջնական որոշում է կայացրել դիմումը ստանալուց 29 օրվա ընթացքում: «Ի դեպ, ընդունվող որոշումներով պետք է հրապարակվեն 3 օրվա ժամկետում, իսկ այդ գործով որոշումը հրապարակվել է ընդունման օրը՝ մի քանի ժամվա ընթացքում»,- ասաց Էդգար Ղազարյանը`հավելելով, որ կառավարության կողմից «հրատապ» որակված համաձայնագիրը ՍԴ քննարկել եւ որոշում է ընդունել հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել այդ ուղղությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ