Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք կարող է նորից վերադառնանք կարանտինին»

Մայիս 28,2020 21:12

Խիստ կարանտինին վերադառնալ-չվերադառնալու գլխավոր չափորոշիչը վերակենդանացման բաժանմունքներում մահճակալների առկայությունն է: Այսօր պարերատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրատվամիջոցի հարցին՝ ո՞ր չափորոշիչների դեպքում է նախատեսվում գնալ խիստ կարանտինին:

Փաշինյանն ասաց, որ իրավիճակն ամեն օր ծանրանում է, որովհետեւ հիվանդների թվի աճին զուգահեռ ավելանում է նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը. «Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք կարող է նորից վերադառնանք կարանտինին»:

Վարչապետն ասաց, որ հնարավոր է մինչ այդ կարանտինը խստացման այլ մեթոդներ կիրառվեն, ասենք՝ դիմակի պարտադիր կրելը բաց եւ փակ տարածքներում.«Սրա արդյունավետությունն այն է, որ վերահսկողությունն ավելի հեշտ է:

Անդրադառնալով հարցին՝ արտակարգ դրությունից ի վեր արդյոք հակասություններ եղել են վարչապետի եւ առողջապահության նախարարի, վարչապետի եւ պարետի միջեւ, Փաշինյանը պատասխանեց՝ վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել. «Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում եւ այդ որոշումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին: Ընդհանուր առմամբ մեզ մոտ քննարկումները բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենում են, այդ բանավեճում է, որ մենք փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները եւ գալ ամենաօպտիմալ որոշման»:

Ինչպե՞ս է պատահում, որ վարչապետը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության նախարարը ճիշտ հակառակն է ասում, պատասխանելով նույն լրատվամիջոցի հարցի շարունակությանը, Փաշինյանն ասաց. «Ինչ վերաբերում է տեսակետների տարբերություններին, դա կարող է կախված լինել մի քանի հանգամանքից: Օրինակ՝ առողջապահության նախարարը, լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն, ինքն առավելապես հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը նրա աշխատանքն է եւ պարտականությունը: Ընդհանուր առմամբ, կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները: Դա ոչ թե հակասություն է, այլ, բնականաբար,  այդտեղ միշտ կա ճիշտ բալանսը գտնելու՝ առաջնահերթությունների, ճիշտ բալանսը գտնել, թե ինչ առաջնահերթություններ կան: Այս մոտեցումը չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետեւ իրենք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր: Սակայն նաեւ տնտեսական գործոններն են շատ կարեւոր եւ մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք  կանգնած:

Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինքրոնացումը կատարելության ենք հասցրել, մենք ամեն ինչ անում ենք, որ այդտեղ կոնկրետ առաջընթաց ունենանք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031