Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայից վերադարձած գյումրեցին ապշել է «Զվարթնոց»-ում ցուցաբերած վերաբերմունքից

Մայիս 28,2020 21:03

Գյումրեցի Անահիտ Նաջարյանը, ով մարտ ամսից՝ կորոնավիրուսի տարածման հենց սկզբից հյուրի կարգավիճակում գտնվել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում և երեք օր առաջ է վերադարձել Հայաստան, ուշագրավ մանրամասներ պատմեց Եվրոպայի այս երկրում համավարակի տարածման դեմ ուղղված միջոցառումներից։

«Նման խստություն ու նաև քաղաքացիների կողմից օրինապաշտություն երբեք չէի տեսել, ենթարկվում էին մի մարդու պես։ Վալենսիան դատարկ էր, բոլորը տների մեջ ինքնամեկուսացած էին, դուրս գալու համար հատուկ ձևաթուղթ պիտի լրացնեիր, տնից ընդամենը մեկին էր թույլատրվում գնալ առևտրի։ Իսկ առևտրի պիտի գնայիր հնարավորինս արագ՝ խանութում պարտադիր պահպանելով երկու մետր սոցիալական հեռավորությունը, կուտակումներ չէին թույլատրում խանութի ներսում, մինչև մեկը դուրս չգար, մյուսին իրավունք չէին տալիս ներս մտնելու։ Ամեն խանութում ալկոգել, ձեռնոցներն էին դրված, պարտադիր մի վերահսկող աշխատող կար կանգնած, ձեռքերդ լվացնել էր տալիս ալկոգելով, հետո ձեռնոց պիտի հագնեիր, նոր թույլատրեին ներս մտնելու։ Այնտեղ առևտուրը մեծամասամբ քարտով է, բայց եթե փող էիր տալիս, իրենք չէին վերցնում ձեռքով, հատուկ տեղ կար, այնտեղ էիր լցնում, իրենք հաշվում էին առանց հպվելու ու փայտով ներս էին քաշում։

Ամեն շենքի մոտ մի ոստիկան էր հսկում, մարդիկ հենց մուտքից դուրս էին գալիս, պարտադիր պիտի թույլտվություն ունենային ոստիկաններից, նրանց պիտի բացատրություն տայիր, թե ուր ես գնում, ինչի համար, եթե առևտուր անելու համար դուրս չէիր գալիս, բացառվում էր, որ թույլատրեին տնից դուրս գալը։

Հիացած եմ այնտեղի կարգ ու կանոնով, տրանսպորտ բացարձակ չէր աշխատում, նույնիսկ տաքսի չկար, չէին աշխատում, միայն սեփական ավտոմեքենաներն էին, որի մեջ սկզբնական շրջանում չէին թույլատրում, որ երկրորդ մարդը նստեր։ Երբ մի քիչ սահմանափակումները թուլացրեցին, թույլատրեցին ևս մեկ մարդու, որը, սակայն, պիտի նստեր մեքենայի հետնամասում, ոչ վարորդի կողքին։ Ոչ մեկը չէր խախտում սահմանված կարգը, մեկ նախազգուշացումը 300 եվրո էր, երկրորդը՝ 600 եվրո և այսպես շարունակ։

Պետությունը բոլոր երեխաներին դիմակներն էր հատկացնում ու նաև վիտամին C ու D, բերում-գցում էին շենքի մուտքերի մեջ գտնվող յուրաքանչյուր ընտանիքի պատկանող փոստերի մեջ։ Նաև գրություն էին ուղարկում, թե ինչպես օգտագործեն, խորհուրդ էր տրվում նաև կապ հաստատել ընտանեկան բժշկի հետ։ Այնտեղ արդեն հիվանդության հետնահանջ էր նկատվում», -ասաց տիկին Անահիտը։

Նա պատմեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերել։

«Երեք օդանավակայանում եմ եղել, շատ գոհ եմ մեր օդանավակայանի աշխատակիցների վերաբերմունքից։ Վալենսիայից մեկնել եմ Բարսելոնա, որի օդանավակայանում բացի ուղևորներից ոչ մեկին չէին թույլատրում ներս մտնել, ահռելի օդանավակայանի մեջ համարյա մարդ չկար, ընդամենը մի թռիչք կար դեպի Բելառուս։ Մեկ էլ ասացին՝ թռիչք կա դեպի Ամստերդամ։ Բելառուսում արգելափակումներ չկային, օդանավակայանը լիքն էր, մարդիկ ազատ, միայն աշխատակիցներն էին դիմակով, ձեռնոցներ ոչ մեկը չէր կրում։ Մի խոսքով, բնականոն կյանքով էին, այստեղ մեզ երկու անգամ ջերմաչափեցին ։

Հենց հասանք Հայաստան, ինքնաթիռը հենց վայրէջք կատարեց, վերևի հատվածից մեզ ջերմաչափեցին, սարքը դրված էր։ Ասեմ, որ ուղևորներից մեկի՝ մի պապիկի մոտ 37․3 ջերմություն էր, նրան արագ հեռացրեցին։ Այնպիսի արագությամբ մեկուսացրեցին, որ զարմացանք, չթողեցին մտնել օդանավակայան, միանգամից տեղափոխեցին։

Այնքան հոգատար էին մեզ մոտ, ամեն քայլափոխի մարդիկ կային կանգնած՝ և՛ բժիշկներ, և՛ զինվորական համազգեստով ծառայողներ։

Ամեն անցակետի ջերմաչափում են արել, չհասած անձնագրի ստուգման կետ՝ մեր դիմակներն ու ձեռնոցները հանել տվեցին, բոլորիս ձեռքերը ախտահանել տվեցին ալկոգելով ու նոր դիմակներ ու ձեռնոցներ հատկացրեցին։ Իհարկե, հսկում էին, որ անմիջապես կրենք դրանք։ Հետո սկսվեց բժշկական հսկողություն, նաև լրացնում էինք, թե որտեղից ենք եկել, ում հետ ենք շփվել, հեռախոսի համարներ էինք թողնում։ Ինքնաթիռների մեջ էլ 3-4 թուղթ լրացնում էինք՝ ում հետ ենք շփվել, որտեղից ենք գալիս, հասցեն, ժամանակավոր գրանցում ունեցել ենք, թե՞ ոչ, որտեղ ենք ապրել, ո՞ւմ հետ է շփումներն ամենաշատը եղել, նրանց հեռախոսահամարները ևս գրել էին տալիս։

«Զվարթնոց»-ում անձնագրի ստուգումից հետո տեսանք, որ մի 20 բժիշկ էին նստած՝ և համակարգիչ էր դրված ՝ տվյալները լրացնելու համար, և նաև հարցուփորձ էին անում՝ ինչպե՞ս ես զգում քեզ, համի, հոտի զգացողություն ունե՞ս, չունե՞ս, դող, թուլություն ունե՞ս։ Հենց այնտեղ գրանցեցին, թղթի մի օրինակը մեզ տվեցին, երկրորդ օրինակն էլ ուղարկեցին տեղի ոստիկանությանը։

Նաև նախազգուշացրեցին, որ հեռախոսի միջոցով քո քայլերը հսկելու ենք։ Ես ասացի՝ չկա որևէ խնդիր, հիմա ինքնամեկուսացած եմ առանձին բնակարանում՝ իմ ընտանիքի անդամներից հեռու, մեծ պատասխանատվություն եմ զգում բոլորի հանդեպ»,- ասաց տիկին Անահիտը։

Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ իրենց «Զվարթնոց» օդանավակայանից հատուկ միկրոավտոբուսներով տեղափոխել են բնակության վայր։

«Այստեղ ևս յուրահատուկ վերաբերմունք ցույց տվեցին, մեր ճամպրուկները կարծես ջրի մեջ լինեին, պարզաբանեցին, որ հականեխել են, մեզ ոտքից գլուխ՝ ակնոցներից, հեռախոսներից սկսած հականեխել են։

Վարորդները հատուկ պաշտպանիչ շորեր էին հագել, կային միկրոավտոբուսներ, որտեղ նաև բժիշկներ կային նստած։ Ամեն մեկին իջեցրել են իրենց տան դիմաց, նույնիսկ կանգնում, սպասում էին, մինչև ներս մտնեիր։ Մեծ միկրոավտոբուսների մեջ էլ վեց հոգուց ավել չէին էլ տեղափոխում։ Ահռելի մեծ աշխատանք են կատարում․ «Զվարթնոց»-ում բոլորը երիտասարդ կադրեր էին, տեսնում էիր, որ անդադար աշխատում են։

Այսպիսի վերաբերմունք ոչ մի երկրում չեմ տեսել։ Մնում է միայն, որ մեր քաղաքացիներն էլ իսպանացիների պես հետևողականորեն պահպանեն կարգ ու կանոնը, մեզ մոտ էլ հիվանդության հետնահանջ կլինի»,- ասաց Անահիտ Նաջարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031