Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ չեն էլ ապացուցել, որ այդ մեկ հոգին փրկվել է քաղաքացիների տեղորոշման համակարգի միջոցով…Չարդարացված է». Զարուհի Հովհաննիսյան

Մայիս 28,2020 20:50

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կառավարությունը քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը արձանագրող համակարգից է օգտվում: Մեկուկես ամսվա ընթացքում հայտնաբերվել է 2500 վարակակրի 20 հազար կոնտակտավոր։ Հարցազրույցի արդյունքում ինքնամեկուսացվել է 700-ից ավելի մարդ, հետագայում դրական թեստի արդյունք է ունեցել 93-ը:

Aravot.am-ը իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին հարցրեց՝ հաշվի առնելով, որ քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը մեծ քննադատություններով ընդունվեց ու արդյունքում 93 վարակակիր են հայտնաբերել, արդարացվա՞ծ էր դա՝ նա ի պատասխան հիշեցրեց, որ ինքը եղել է այդ նախաձեռնությունը քննադատողներից մեկը, որովհետեւ ի սկզբանե պարզ չէր, թե որքան է դա օգնելու.

«Մարդու իրավունքների հստակ խախտում անձնական եւ ընտանեկան կյանքի որոշակի սահմանափակումներ է իրենից ներկայացնում, մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի հետ կապված խնդիրներ է առաջացնում: Այս օրենքը շատ հապճեպորեն ընդունվեց՝ երեկոյան ուշ ժամի ու պատճառաբանում էին, թե ուզում են արագ կանխարգելեն, բայց մենք տեսանք, որ կանխարգելման հետ կապված բավականին բացթողումներ ծագեցին: Պարետատունն ասում էր՝ այս գործիքը մեզ կօգնի, որպեսզի կարողանանք կառավարելիության շրջանակներում պահել վարակի տարածումը, մենք այսօր տեսնում ենք, որ դա այդպես չէ:

Եվ երկրորդը՝ այդ թվերը, որոնք ցույց են տալիս, թե քանի վարակակրի են կարողացել  տեղորոշելուց հետո հայտնաբերել, շատ փոքր են: Ի սկզբանե էլ մտահոգություն կար՝ արդյոք մարդկանց համատարած տեղորոշումը եւ կառավարելիությունն արվում է՝ հենց կորոնավիրուսի՞ հետ կապված, թե՞ այլ պատճառներ կան: Ի սկզբանե կասկածներ կային, որ այս ճանապարհով անցկացնում են որոշակի տվյալների փոխանցում ինչ-որ կազմակերպության: Մինչ այսօր չգիտենք, թե ովքեր են այդ տվյալները մշակում, ինչպես են մշակում: Եթե օրենք է ընդունվում, պետք է հստակորեն բոլոր պարամետրերով հանրությանը ներկայացվի՝ ովքեր են մշակում, ինչպես են վարվելու տվյալների հետ, արդյոք երրորդ կողմի փոխանցվելու են, թե ոչ: Այդ ամեն ինչը մարդու իրավունքների լրջագույն խնդիրներ են, որոնց հանդեպ մակերեսային մոտեցումն անընդունելի է: Այս դեպքում փաստացի կարելի է արձանագրել, որ ոչ միայն մակերեսային էր այդ մոտեցումը, այլեւ չարդարացված: Նմանատիպ քայլի, մարդու իրավունքների նման միջամտությամբ արված քայլը պետք է նայենք, թե որքանով է արդարացված: Եթե ասենք, դրանով 30 հազար մարդու կյանք է փրկվում, միգուցե մտածենք մենք այդ սահմանափակման մասին, բայց եթե նմանատիպ արդյունք էինք ունենալու, դա բոլորովին չարդարացված է: Ինչու պիտի մարդկանց տվյալները հայտնվեին անհասկանալի, մինչեւ այժմ ոչ հստակ նշված կազմակերպության ձեռքում»:

Մենք հիշեցրինք, որ նախագծի քննարկման ժամանակ իշխանականներն ասում էին, որ եթե այս միջոցով թեկուզ մի հոգու կյանք հնարավոր լինի փրկել, ուրեմն պետք է անեն՝ Զարուհի Հովհաննիսյանն արձագանքեց. «Իրականում դեռ չեն էլ ապացուցել, որ այդ մեկ հոգին փրկվել է համակարգի միջոցով»:

Ի պատասխան՝ իրավապաշտպանն էլ հիշեցրեց, որ տարբեր կոնվենցիաներ վավերացնելիս, կամ «Ընտանեկան բռնության մասին» օրենսդրության քննարկման ժամանակ, երբ ներկայացնում էին դեպքերի թիվը, իշխանություններն ասում էին՝ այդ ի՞նչ թիվ է, որ դրա համար էլ ընդունենք: Իսկ այս դեպքում, երբ համատարած մարդու իրավունքներ են խախտում ու օրենք են ընդունում, դա շահագրգռության մասին կասկածներ է հարուցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031