Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նախարար. «Կորոնավիրուսով 316 քաղաքացու վիճակը ծանր է, 53-ը՝ ծայրահեղ ծանր, 17-ը՝ թոքերի արհեստական սարքերին են միացված»

Մայիս 28,2020 20:20

Կորոնավիրուսով հիվանդացության օրական դեպքերով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ. Միջոցառումներն ու կանոնները պետք է կարգապահորեն պահպանվեն, որպեսզի կարողանանք կորոնավիրուսի նոր դեպքերի աճի թիվը պահել նույն շրջանակում եւ սկսել իջեցնել, որպեսզի ունենանք համավարակի մարում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ներկայացնելով հիվանդացության դեպքերը, նախարարն ասաց՝ այս պահին ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են, 17 քաղաքացի թոքերի արհեստական սարքերին են միացված.«Որպեսզի կարողանանք իրավիճակը պահել կառավարելի եւ չունենանք դեպքեր, երբ մեր քաղաքացիները զրկված կլինեն ինտենսիվ բուժօգնության ծառայությունից, մենք շարունակում ենք ընդլայնել հիվանդանոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով: Մոտակա մեկ կամ մեկուկես ամսվա ընթացքում կունենաք եւս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի, դրանցից 50-ը կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, իսկ 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում՝ որպես բազմապրոֆիլ եւ ամենամեծ կենտրոններ: Դա կարեւոր է այնքանով, որպեսզի օգնությունը լինի համապարփակ ու բոլոր մասնագետները տեղում լինեն»:

Ըստ նախարարի, այս պահին էլ բազմաթիվ բուժկենտրոններ ներգրավված են գործընթացում, գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար, գումարած դրան կան նաեւ առանձնացված բուժկենտրոններ:

Նախարարը հորդորեց պահպանել կանոնները, որպեսզի մարդիկ չհայտնվեն ինտենսիվ բուժօգնության բաժանմունքներում.«Դժբախտաբար, ոչ բոլոր դեպքերն են հնարավոր լինում փրկել: Երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ: Բժիշկները 24 ժամյա ռեժիմով կատարում են աշխատանքը, բայց չկա երաշխիք, որ նույնիսկ առողջ ու երիտասարդ քաղաքացին հարյուր տոկոսով դուրս կգա դրական ելքով»:

Թորոսյանը նշեց՝ անախտանիշ հիվանդներին բուժում են պոլիկլինիկաներում, սակայն դա որոշակի լարվածություն է առաջացրել մեր քաղաքացիների եւ բժիշկների շրջանում, քանի որ դա նրանց համար նոր գործառույթ է.«Ես կոչ եմ անում թերությունները, դժգոհությունները փոխանցել նախարարության թեժ գծին՝  8003 համարին, որպեսզի հնարավոր լինի դեպքերին արագ արձագանքել ու շտկել խնդիրները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031