Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չի բացառվում, որ սկսենք ավելի երկար ժամանակով ձեռնարկություններ փակել»

Մայիս 28,2020 19:15

«Ցավոք սրտի, նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել: Երեկ նոր 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի», -այս մասին այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մահացածների ընտանիքներին ցավակցություն հայտնեց:

Փաշինյանի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը Երեւանն է. «Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Հետեւաբար, մենք շարունակում ենք համոզված մնալ, որ այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած եւ ամենուրեք կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը: Եվ ուզում եմ ընդգծել՝ պետք է բացառել որեւէ առեւտրային կետում որեւէ առքուվաճառքի գործարք, երբ ե՛ւ վաճառողը, ե՛ւ գնորդը դիմակով չեն»:

Վարչապետը հորդորեց դադարեցնել դիմակի շուրջ դիմակի շուրջ շահարկումներն, ու ընդհանրապես, կորոնավիրուսի շուրջ ապատեղեկատվություն տարածելը. «Որովհետեւ իրավիճակն առավել քան լուրջ է եւ գնալով ավելի է լրջանում: Անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է: Մենք ոչ մեկին չենք պարտադրում դիմակ գնել, ասել ենք՝ կարող եք դիմակ պատրաստել տնային պայմաններում: Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակի որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը»:

Վարչապետը անձամբ ցույց տվեց, թե ինչպես պետք է կրել դիմակ:

Դիմակների գների շահարկումներին անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց օճառն ու ակնոցը: Վարչապետի խոսքերով՝ ոչ ոք չի քննարկում՝ ակնոցը թանկ է, չկրենք, այն դեպքում, երբ դրա անհարժեշտությունն անձը ունի, կամ ոչ ոք չի քննարկում, որ օճառը թանկ է եւ մարդիկ դրա պատճառով չլվացվեն. «Կամ որեւէ մեկը չի քննարկում, որ վարսավիրի ծառայությունից եկեք չօգտվենք, որովհետեւ թանկ է»:

Փաշինյանն ասաց՝ աշխարհում ապացուցվել է՝ դիմակի արդյունավետությունը դրա համատարած կրելու դեպքում է. «Եթե երկու հոգի շփվում են դիմակով, եւ եթե նրանցից մեկը վարակակիր է, մեծ հավանականություն կա, որ նրանից վարակը չի անցնի»:

Վարչապետը նշեց՝ հազարավոր վարակակիրներ չգիտեն էլ որ վարակակիր են, ոչ մի ախտանշան չի ունենում, բայց այդ ընթացքում հարյուրավոր մարդկանց կարող են վարակել. «Աստված չանի, որ մենք բախվենք այնպիսի իրավիճակի, որ մեր վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Հիշե՛ք, այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինի ձեր հարազատին, ձեր ընտանիքի անդամներն եւ նաեւ՝ անձամբ ձեզ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ վարչական լծակներ են կիրառելու. «Մենք վերջին օրերին գործադրել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան, երբ վարչական որոշ համայնքներում ոստիկանության տեսչական եւ այլ մարմինները, մեծ ուժեր մտնում են տարածք եւ ստուգում են, թե ինչքանով են պահվում կանոնները»:

Փաշինյանի ներկայացմամբ՝ 24 ժամով փակվում են ձեռնարկություններ, բայց չի բացառվում, որ առաջիկայում կսկսեն ավելի երկար ժամանակով փակել, ընդհուպ մինչեւ մեկ շաբաթով եւ ավելի ժամկետով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031