Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 28-ի խորհուրդը. Ավետիք Իշխանյան

Մայիս 28,2020 18:35

Այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի ոչ միայն դե յուրե անկախության, այլև համոզված եմ հայության, որպես ազգի պահպանման խորհրդանիշը։ Անկեղծանամ, ՀՀ պետական տոներից իմ կողմից միակ ընդունելին։ Այսօրվա համար, իհարկե պետք է երախտագիտություն հայտնենք բազմաթիվ գործիչների, բայց այնպիսի օրհասական իրավիճակում, որում հայտնվել էր հայ ժողովուրդը ցեղասպանությունից հետո, երբ թուրքական կանոնավոր բանակը բնակավայր առ բնակավայր գրավում էր հայկական հողերը, օդ ու ջրի պես պետք էր ունենալ առաջնորդ, որը վերցներ պատասխանատվություն երկրի և ժողովրդի ապագայի համար։ Եվ բարեբախտաբար այդ անձը գտնվեց՝ Արամ Մանուկյանը։

Հիրավի, հայոց նոր պետականության հիմնադիրը։ Հայտնի ճշմարտություններ չասեմ, որ և Խորհրդային և այսօրվա անկախ Հայաստանը 1918թ շարունակություններն են։

Այո, բայց արդյոք մենք՝ հայերս հասկացա՞նք ,  անկախության գինը, թե դեռևս ԽՍՀՄ տարիներից քչերը,  այսօր  համարյա բոլորը ուղղակի հայտարարում են, ասում-խոսում։ Անկախության գինը հասկանալու դեպքում, այս շուրջ 30 տարիներին կկառուցեինք այնպիսի պետություն իր պաշտպանունակությամբ, անվտանգությամբ, տնտեսությամբ, կրթությունով ու մշակույթով, որ ոչ միայն մեր քաղաքացիներին կապահովեր արժանապատիվ կյանք, այլ հարգանք կվայելեինք այլ երկրների,  նույնիսկ մեր հակառակորդների և թշնամիների կողմից։ Եվ միայն այդ դեպքում, ելնելով մեր ազգային շահերից կունենայինք իրական դաշնակիցներ։

Սակայն այս տարիների ընթացքում, ոչ միայն այդ ուղղությամբ չաշխատեցինք, որը պահանջում էր Արամ Մանուկյանի պես նվիրյալների (բա՞, Լենա Նազարյան), այլև, ներեցեք՝ նույնիսկ ՀԽՍՀ-ից բոլոր ցուցանիշներով նահանջեցինք։ Այո, 90-ականներին ունեցանք նաև  և առաջին հերթին արցախյան հաղթանակներ, բայց հենց նույն 90-ականներից ձևավորվեց այն իշխանական համակարգը (ոչ՝ պետական), որը բերեց համատարած արտագաղթի, աղքատության։ Երբ նպատակ դրվեց ոչ թե պետության , այլ սեփական իշխանության ամրապնդման։

2018թ․ հեղափոխությունը, նոր իշխանությունների մտածողության մեջ ոչ միայն որևէ փոփոխություն չի բերել, այլ առավել ցայտուն է նրանց իշխանական մոլուցքը։ Քաղաքական-հասարակական, այդ թվում ոչ Հայաստանի քաղաքացի, բայց «հայրենասեր» ուժերի գերակշիռ մասն էլ հայոց փրկությունը տեսնում է այս կամ այն հզորին հաճոյանալու, մյուսին հայհոյելու մեջ։ Եվ միմյանց փոխադարձ  մեղադրում են «5-րդ շարասյուն լինելու մեջ»։

Թերևս այս այն դեպքն է, երբ երկուսն էլ հիմնականում  ճիշտ են և շարժվում են միայն անձնական շահերով։  Եվ, ցավոք, միայն միջազգային, պայմանականորեն բարենպաստ իրավիճակի շնորհիվ է, որ այսքան տարի դեռևս գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Բայց չէ՞ որ այդ իրավիճակը հավերժ չէ, կարող է փոխվել և կարծես  արդեն փոխվում է։

Այսօր բոլորը միմյանց շնորհավորում են։ Լսեցի պետական այրերի, ներեցեք, բարձրագոչ ուղերձները «․․․հպարտ քաղաքացիներ, հավիտյան, դրոշ և այլն»։ Ինչպես շեքսպիրյան Համլետը կասեր․ «բառեր, բառեր, բառեր․․․»։

Համոզված եմ, որ այսօր, ինչպես 102 տարի առաջ, դեռևս  մեզ պետք են  Արամ Մանուկյանի որակի նվիրյալներ։

Կունենա՞նք արդյոք: Հուսանք․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Կարծում եմ, որ հաջորդ իշխանությունը կլինի ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ իշխանություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031