Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալիս՝ մահացել էր Վահրամբերդ համայնքի բնակիչ, 20-ամյա երիտասարդ։ Նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, սակայն արդեն մահացած էր եղել։ Իրավապահները ճշտում են մահվան հանգամանքները, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն Aravot.am-ին ասաց, որ Վահրամաբերդ ու Մարմաշեն համայնքների 17-21 տարեկան երիտասարդները ֆուտբոլ են խաղացել Մարմաշենի նոր կառուցված ֆուտբոլի դաշտում, որի բացումը դեռ պաշտոնապես չեն արել։
«Չենք էլ դեռ ավարտել, բայց երեխեքը տեսել են, որ դաշտը գրեթե պատրաստ է, հավաքվել, ֆուտբոլ են խաղացել, ինչ-որ վեճ է եղել երկու թիմերի միջև այդ ընթացքում։ Պատճառը երևի թե դա է եղել։ Արտաքին բռնության հետքեր չեն եղել երիտասարդի վրա, բայց, ինչքան տեղեկացել եմ, դիահերձման ժամանակ գլխի հատվածում արյան զեղում է եղել։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչից է մահացել, միայն դատաբժիշկները մասնագիտորեն կարող են ասել դա։
14-15 հոգի բերման են ենթարկվել տարբեր գյուղերից՝ թե՛ Մարմաշենից, թե՛ Վահրամաբերդից, հարցաքննվել են, բաց են թողնվել, նորից տարել են հարցաքննության, այդ պրոցեսը շարունակվում է»,-ասաց համայնքապետը։
Կարդացեք նաև
Կարեն Արշակյանը նաև ասաց, որ երիտասարդը տան միակ տղան էր, երկու քույրեր ունի՝ երկուսն էլ ամուսնացած, 6-7 ամիս է՝ ինչ վերադարձել էր բանակից։
Համայնքապետը նաև ցավով նշեց, որ քույրերից մեկի երիտասարդ ամուսինն էլ ՝ ընդամենը 31 տարեկան, մահացել է երեք օր առաջ Ղազախստանում, նրան տեղափոխում են հայրենիք։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ