Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Թեհմինա Վարդանյան. «Խորոված անելու եւ ուտելու համար պետք չէր մարդուն ազատել աշխատանքից»

Մայիս 28,2020 17:52

Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն դադարում: ՀՈԱԿ-ից ազատված աշխատակիցները վերջերս բողոքի ցույց էին անում, որի ժամանակ պնդում էին՝ նոր տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է սկսել, իրենց էլ ստիպել է ազատման դիմում գրեն:

Մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում այս պնդումներն արեց նաեւ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նիստում Արա Աղայանը պատասխանեց՝ այս պահին ՀՈԱԿ-ում աշխատում է մոտ 760 աշխատակից, վերջին մեկ ամսվա ընթացքում, իր պաշտոնավարման պահից հրամանագրվել է մոտ 120 նոր աշխատակից, այդ ընթացքում աշխատանքից ազատվել են մոտ 18 անձինք, նրանք իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, 50 հոգու հետ էլ պայմանագիրը փորձաշրջանով են կնքել, որոնցից միայն 3-ի դեպքում է, որ խզել են աշխատանքային հարաբերությունները:

«760-ից երեքին աշխատանքից ազատելը չի կարող համարվել կադրային ջարդ եւ ՀՈԱԿ-ի աշխատանքի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ նրանց աշխատանքից ազատումը»,-ասաց Աղայանը, նշելով՝ իրենց դիմումի համաձայն ազատվածները եղել են այգեպաններ: ՀՈԱԿ-ի տնօրենը հերքեց, որ հղի կնոջ են աշխատանքից ազատել. «Մի հղի կին կա, հաշվապահությունում է աշխատում, նրան ոչ ոք ոչինչ չի ասել»:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետի աշխատանքից ազատելու մասին էլ պարզաբանում ներկայացրեց վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը: Նա զավեշտալի դեպք պատմեց. «Շրջայցի ժամանակ տեսանք, որ Մոնումենտի այգուց բարձր երաժշտության ձայն է լսվում: Ռաբիս, անճաշակ երաժշտություն: Ասացի գտեք՝ էս որտեղից է, ու գնում ենք, գնում ենք, տեսնում ենք՝ կրակ է, ծուխ: Պարզվեց, Մոնումենտի այգում խորոված են անում, մոտենում եմ, տեսնում եմ խորովածի կողքն էլ խաշլամա են դրած անում: Ասում եմ, շրջապատեք, որ ոչ ոք չփախչի, ու ինչքան մոտիկանում ենք, տեսնում ենք ծանոթ դեմքեր, ու տեսնեմ մեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը մեքենայով մտել է Մոնումենտի այգի, ինչն արգելված է: Ձեռքերը բարձրացրած քեֆ էին անում, թքած ունենալով պարետի որոշման վրա, աշխատակիցներով քեֆ էին անում»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ավագանու անդամներն այս պատմությունը լսելիս ծիծաղում էին: Մարությանը չդիմացավ. «Հերիք է, պարոն Հակոբյան»: Բայց Հակոբյանը շարունակեց՝ դրա հաջորդ օրը Մոնումենտում հրդեհ բռնկվեց, մի ամբողջ օր հրդեհ էին մարում:

Մարությանը դիմեց Թեհմինա Վարդանյանին. «Հիմա, տիկին Վարդանյան ջան, եթե մարդը գնացել` քեֆ ա արել, վառել է այգին, դա նորմա՞լ է, որ շարունակի աշխատել»:

Վարդանյանն արձագանքեց՝ բայց կարելի էր նկատողություն տալ:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Թեհմինա Վարդանյանն ասաց՝ ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի պատասխանն իրեն չի բավարարել. «Վիճելի հարցեր կային, եւ քաղաքապետարանի հերթական լղոզված պատասխանն էր, երկու տարի է, ըստ էության, պատասխաններ չեն տալիս»:

Վարդանյանն ասաց, որ աշխատանքից դուրս եկած 18 աշխատակիցների վերաբերյալ պաշտոնական գրությամբ դիմել է քաղաքապետին՝ պահանջելով վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՈԱԿ-ից հեռացած անձանց ցանկն ու հեռանալու պատճառները: Դեռ պատասխան չի ստացել:

Թեհմինա Վարդանյանը կասկածի տակ է դնում, որ այս անձինք իրենց դիմումի համաձայն են դուրս եկել աշխատանքից. «Նրանց ստիպել են եւ հասցրել են, որ դիմում գրեն:

Եվ նրանք հիմնականում չեն եղել բանվոր դասակարգի աշխատակիցներ, ադմինիստրատիվ աշխատակիցներ կային, հասարակայնության հետ բաժնի աշխատակիցն էր»: Մեր դիտարկմանը՝ արդյոք ցույց անող այն երեք անձին նկատի ունի, Վարդանյանը պատասխանեց՝ երեքը չէին, շատ էին ցույցի մասնակիցները: Aravot.am-ը տիկին Վարդանյանից խնդրեց տրամադրել բացի ցույցի մասնակից, մյուս աշխատակիցների տվյալները, որպեսզի ճշտեինք՝ իրե՞նց դիմումի համաձայն են հեռացել, թե՞ ստիպել են, Թեհմինա Վարդանյանն ասաց, որ ինքը նրանց կոնտակտները չունի. ցույցի մասնակցից է տեղեկանում նրանց մասին:

Ինչ վերաբերում է խորոված անող աշխատակցին, Վարդանյանը գտնում է, որ նրա նկատմամբ խիստ են եղել. «Խորոված անելու եւ ուտելու համար պետք չէր ազատել աշխատանքից, այն էլ երկրում տիրող այս իրավիճակի դեպքում: Բայց Մոնումենտում ինչ արել են՝ սարսափելի է: Թող կարգապահական տույժի ենթարկեին, զրկեին աշխատավարձից, բայց ոչ ազատեին: Ես միտում եմ տեսնում»:

Վարդանյանը ՀՈԱԿ-ի տնօրենի վարքագիծն անընդունելի է համարում. «Նա աշխատավայրում մարդկանց չի բարեւում: Նախկին աշխատակիցներին է կասկածի տակ դնում, իր աշխատասենյակ չի թողնում հեռախոսով մտնեն, հրամայում է թողնել դրսում: Երեւի որոշակի վախեր ունի կապված իր տոնի եւ խոսակցության բնույթի հետ»:

Հակոբ Կարապետյան

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց՝ քանի որ այն, ինչ հայտարարել էին, իրականությանը չի համապատասխանում, նիստում հերքվեց նրանց պնդումները. «Սա հաշվի առնելով, եւ հիմնվելով այն խոսքերին, թե լսել ենք, ասում են, չի կարող նրանց տեղեկատվությունը հավաստի լինել»:

Ինչ վերաբերում է այն անձանց, որոնց ստիպել են ազատման դիմում գրել, Կարապետյանն ասաց. «Չեմ կարծում այդ մարդիկ, ամենայն հարգանքով նրանց հանդեպ, մանավանդ որ տիկին Վարդանյանի նման պաշտպաններ ունեն, չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել, օրինակ՝ դիմել դատարան: Թեհմինա Վարդանյանն արդեն որերորդ անգամ չճշտված լուրեր, շուտ հերքվող տեղեկատվություն է տարածում, ու բամբասանքը փորձում է ճշմարտություն ներկայացնել: Չեմ կարծում, որ սա հանրային գործչին պատիվ է բերում»:

Կարապետյանն էլ վստահեցրեց՝ այդ 18 անձանց որեւէ մեկը չի ստիպել ազատման դիմում գրել, իսկ 3-ին հենց տնօրենն է ազատել, եւ դա նրա իրավասությունն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031