Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Պետք է կարևորենք մեր գործիչներին, շարունակենք իրենց ուղին, որովհետև դա շատ անհրաժեշտ է հենց այսօր»

Մայիս 28,2020 17:16

ՀՅԴ գործիչները Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առիթով ծաղիկներ են դրել պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի և Հայաստանի Առաջին Հանրապետության ռազմական և պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր Գարեգին Նժդեհի հուշարձանների առջև։

Ոչ միայն Դաշնակցության, այլև ընդհանրապես ողջ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը մեր ժողովրդի պատմության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է եղել։ Ցեղասպանություն տեսած, իր հայրենիքի մի մասը կորցրած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել, կամք գտնել և 1918 թ-ի մայիսին հիմնադրել Առաջին Հանրապետությունը՝ մինչ այդ կասեցնելով թշնամու գրոհը Բաշ Աբարանում, Սարդարապատում և Ղարաքիլիսայում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց, բայց նրա դերը և նշանակությունը էական է հայ ժողովրդի պատմության համար։

Անդրադառնալով Դաշնակցության վաստակը ստվերող կարծրատիպերին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ վկայակոչելով Խորհրդային Միությունում 70 տարի ստեղծված ֆիլմերը, գրականությունը, կեղծ պատմությունը, որը տարիներ շարունակ փորձում էր վարկաբեկել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որը Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդի գլխավոր քաղաքական ուժերից մեկն էր։

«Այս ամենը դիտվում է այդ շրջանակում։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ։ Հետևաբար, նման անիմաստ բամբասանքները և խոսակցությունները լուրջ ընդունելը և դրանց անդրադառնալը անիմաստ է»,-ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նրա գիտարկմամբ՝ մինչև այսօր պատշաճ կերպով չեն գնահատել այն քաղաքական ուժին, այն քաղաքական, հասարակական գործիչներին, ում շնորհիվ կերտվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

«Մենք ունենք ֆանտաստիկ օրինակներ՝ ի դեմս Արամ Մանուկյանի, Դրաստամատ Կանայանի և մյուս մեր հերոսների՝ հայ ժողովրդի նվիրյալ զավակների, ովքեր հրաշալի օրինակ են պետական այրի, քաղաքական գործչի, զինվորականի, ումից այսօր մենք դասեր քաղելու և սովորելու շատ առիթներ ունենք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Այս իմաստով, ըստ նրա, կարևոր է, որ ճիշտ գնահատենք, հասկանանք և արժևորենք մեր հերոսներին։

«Այսինքն, մենք պետք է կարևորենք մեր գործիչներին, շարունակենք իրենց ուղին, որովհետև դա շատ անհրաժեշտ է հենց այսօր»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նաև քաղաքական գնահատական տվեց ներկա գործընթացներին։

Մանրամասները տեսանյութում․

https://www.youtube.com/watch?v=lYkZoq-_J-s

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031