Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Լուրջ խնդիր ունենք Հանրային հեռուստաընկերության ֆինանսական անկախության ապահովման առումով, ինչի հետ կապված օրինագծում վերադառնում ենք զրոյական կետի». Նունե Սարգսյան

Մայիս 28,2020 16:55

«Ես չեմ տեսնում պատճառ այս օրենքն անվանել  «Տեսալսողական մեդիայի մասին», քանի որ այն իր ողջ էությամբ վերաբերում է վերգետնյա հեռարձակողներին»,- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Հեռարձակման ոլորտի խնդիրները և օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը» թեմայով առցանց քննարկմանն անդրադառնալով օրենքի նախագծին՝ կարծիք հայտնեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Նա առաջարկեց՝ կամ պետք է փորձենք անցնել այդ ոլորտը կամ ընդունենք, որ այնուամենայնիվ, այսօր հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի հետ գործ ունենք, եթե նույնիսկ անվանումն այլ է:

Նունե Սարգսյանը նշեց, որ նախագծում կան շփոթեցնող հասկացություններ ու թվարկեց. «Շփոթեցնող է սլոթ հասկացությունը, ցանցային օպերատորի հասկացությունը, իհարկե, այս դեպքում, կարծում եմ, խոսքը կաբելային հեռուստատեսության մասին է, բայց ցանցային օպերատորի հասկացությունն այլ օրենքներում այլ նշանակություն ունի»:

Նունե Սարգսյանի համար հասկանալի չէ, թե ինչու են նոր օրենսդրության շրջանակներում որոշ մոտեցումներ ներկայացված որպես փոփոխություններ և նշեց. «Օրինակ՝ լեզվի հետ կապված ինչո՞ւ ենք անընդհատ շեշտում, որ նոր օրենսդրության շրջանակներում մենք սկսելու ենք հեռարձակել հայերեն: Գործող օրենքը ևս պարտադրում է, որ ամբողջ կոնտենտը լինի հայերեն՝ բացառությամբ փոքրամասնությունների: Այստեղ ես որևէ նոր մոտեցում չեմ տեսնում, ուրիշ բան, որ տարիներ շարունակ այն չի պահպանվել»:

Խոսելով մասնավոր և հանրային մուլտիպլեքսների մասին՝ Նունե Սարգսյանն ասաց. «Մենք շատ երկար մտածելուց հետո ժամանակին առաջարկել էինք, որ հանրային հեռարձակողն օգտվի հանրային մուլտիպլեքսից, և դա լինի միակ հեռարձակողը, որ այդ մուլտիպլեքսում լինի՝ հաշվի առնելով հանրային սեփականությունը և նպատակները: Սա արվում էր ոչ թե նրա համար, որպեսզի, ինչպես Վահագն Թևոսյանն էր մի քանի անգամ ասել, մասնավոր հեռարձակողներին դուրս շպրտեին հանրային մուլտիպլեքսներից, այլ արվում էր նրա համար, որ խրախուսեին մասնավոր մուլտիպլեքսին, քանի որ եթե բոլորը լինեն հանրային մուլտիպլեքսում, մասնավորը որևէ ձևով չի ստեղծվի: Դա հարմար չէ: Դա անում էին նրա համար, որ իսկապես առանձնացնեն հանրային հեռարձակողին, և այն ապահովված լիներ իր բոլոր կապուղիներով»:

Նունե Սարգսյանը հստակեցրեց՝ մնում է իր համոզմանը, որ պետք է ունենալ առնվազն երկու տարբեր օրենք՝ մեկը Հեռուստատեսության մասին կամ ինչպես ուզում են անվանեն, որը կվերաբերի մասնավոր հեռուստաընկերություններին և երկրորդը Հանրային հեռուստատեսության մասին:

Նա առանձնապես փոփոխություններ չի տեսնում գործող օրենքի համեմատ՝ մասնավորապես հանրային հեռուստաընկերության հետ կապված կառավարման հարցերում: Նունե Սարգսյանը մանրամասնեց. «Չկա էական փոփոխություն բաժանելու խորհուրդը որպես կառավարման մարմին և գործադիր մարմինը, տնօրինությունը: Հակառակը, թյուրըմբռնումները պահպանված են: Անհասկանալի է՝ ինչո՞ւ խորհրդի ընտրությունն ամբողջովին տեղափոխվեց գործադիր իշխանության դաշտ: Իմ կարծիքով՝ այն դժվար տարիների ճանապարհը, որ փորձ էր արվում ինչպես կարգավորող մարմնին, այնպես էլ Հանրայինի խորհրդի համար անկախություն ապահովել, հիմա փոխվել է, և վերադառնում ենք զրոյական կետին: Եթե առաջ նախագահն էր, հիմա վարչապետն է, և դրանով ոչ մի բան չենք փոխում՝ երկրի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված: Մենք շատ լուրջ խնդիր ունենք Հանրային հեռուստաընկերության ֆինանսական անկախության ապահովման առումով, որը փոփոխությունների շնորհիվ գործող օրենքում ինչ-որ ձևով լուծված էր, իսկ այստեղ ամբողջովին վերադառնում ենք զրոյական կետի: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ փաստացիորեն ունենում ենք իր՝ բացի անվանումից, մնացած բոլոր մեխանիզմներով պետական հեռուստատեսություն, և Հանրային հեռուստատեսության հնարավոր հատկանիշները, որոնք փորձել ենք վերադարձնել կամ կիրառել, համարյա թե չկան: Նշված չեն բոլոր այն ճանապարհները, թե ինչպես կարող է ֆինանսավորվել հանրային հեռուստաընկերությունը: Իհարկե, կա գովազդի մասին առանձին բաժին, բայց բոլոր այն ճանապարհները, որոնք թույլատրում են հանրային հեռուստաընկերության համար գումար վաստակել, պետք է լինեն մեկ բաժնում»:

Անդրադառնալով մասնավոր հեռուստաընկերություններին հանրային մուլտիպլեքսից դուրս շպրտելու՝ իր արտահայտությանը, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Թևոսյանն ասաց. «Եթե կոպիտ է եղել, ներողություն եմ խնդրում: Դա այն որակումն է եղել, որը տվել են հեռուստաընկերությունները: Ես էլ հանրային դաշտում լսել եմ տեքստեր, որոնցից խորապես վիրավորված եմ, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ ընդամենը պետք է անուն դնել փաստերին, որոնք իրականում կան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031