Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Լուրջ վերաբերվեք, գնացեք-ստուգեք ձեր թոքերը». կորոնավիրուս ունեցող Համլետի հորդորն ու ԱՆ պարզաբանումը

Մայիս 28,2020 16:35

«Ընկերներիցս շատերն իրենց մեկնաբանություններում եւ գրառումներում ասում են, թե կորոնավիրուս չկա, գոյություն չունի, բայց այսօր ես անձամբ եւ ցավով եմ ասում՝ այն գոյություն ունի, ինձ մոտ հայտնաբերել են»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այս մասին մայիսի 26-ին տեղեկացրել է քաղաքացի Համլետ Խնկոյանը:

Նա երկկողմանի թոքաբորբ ունի. «Ճիշտ է, ես ինձ լավ եմ զգում, համեմատաբար մի քանի օր առաջ եղած վիճակի, բայց այդ լավ զգալը մի բանից է գալիս՝ ամսի 20-ին՝ թեստը հանձնելու հաջորդ օրը, առանց սպասելու պատասխանին, ես գնացել եւ «կատե» (համակարգչային տոմոգրաֆիա.խմբ) եմ արել, որովհետեւ լավ չէի զգում: Այդպես ստացվեց պատասխանը երկկողմանի թոքաբորբի, որը սկսել եմ բուժել հենց նույն օրը երեկոյան: Անցավ 5-6 օր, ու ինձ մոտ դրական միտում կա»:

Համլետ Խնկոյանը նշել է, որ հիմա Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում. «Կհարցնեք՝ ինչո՞ւ հենց այստեղ: Երեւանում տեղ էլ չկա, այս պահին անգամ նրանց, ովքեր կորոնավիրուս ունեն եւ դրական վիճակում են, հիվանդանոցում չեն ընդունում, ուղարկում են տուն եւ ասում, որ տան պայմաններում բուժվեն: Օրինակ՝ կնոջս տուն են ուղարկել: Իսկ այստեղի անձնակազմը շատ լավն է, մեզ լավ են նայում, օրական երեք անգամ սնունդ են տալիս, դեղեր՝ հակաբիոտիկներ, ներարկումներ»:

Համլետ Խնկոյանն ընկերոջ հետ նույն հիվանդասենյակում է: Ասում է, որ սենյակի պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց անձնակազմն իրենց լավ է նայում:

«Մեր սենյակում եւս մեկ հոգի էր պառկած, բայց նրան տարան ներքեւ: Ներքեւում շնչառական ապարատ կա: Ով իրեն լավ չի զգում, միացնում են այդ սարքին: Կարեւոր է, որ արյան մեջ թթվածնի պարունակությամբ են հասկանում մարդու վիճակի լավ լինելը: Ինձ ներքեւ իջեցնելու կարիք չկա: Կհարցնեք, թե ինչու էր նա վատ, իսկ ես՝ ոչ: Այդ տղայի մոտ անգամ թոքաբորբ չկա: Ոչ թե նա չունի, այլ նրան «կատե» չեն արել, որպեսզի թոքերի վիճակը հասկանան: Իմ բախտը բերել է նրանով, որ իմ կողքին գիտակ մարդիկ են եղել, բժիշկներ, ծանոթներ, որոնք խորհուրդ են տվել «կատե» անել եւ թոքերի բուժումը սկսել: Այդ տղայի մոտ տասը օր է, որ թոքաբորբ է, բայց տասը օրում իրեն թոքաբորբի բուժում չեն արել, դրա համար վիճակը վատացել է»:

Ապա Համլետը քաղաքացիներին հորդորեց, որ սովորական ջերմությունն անգամ չանտեսեն. «Գուցե կմտածեք, որ դա սովորական է, կորոնավիրուս չի, այս ամենը սուտ է, բայց իմ օրինակով եմ ասում՝ շատ ավելի լուրջ վերաբերվեք, գնացեք-ստուգեք ձեր թոքերը, «կատե» արեք, դա չանելու պատճառով ձեր վիճակը կարող է վատանալ, ու թթվածնային սարքի կարիք ունենաք: Իսկ այդ սարքերը քիչ են: Ամբողջ հիվանդանոցում այստեղ մի սարք կա միայն՝ ըստ իմ տեղեկությունների: Դրա համար կարեւոր է, որ դուք ձեզ հետեւեք: Ցավոք, պետությունը, իմ կարծիքով, իրավիճակին չի տիրապետում, հիմա հնարավորություն չունի բոլորին ստուգի, թեստավորի, «կատե» անի: Օրենքով նախատեսված է՝ ում պատասխանը դրական է լինում, պետությունը պարտավորվում է իրեն «կատե» անել՝ հասկանալու համար՝ թոքաբորբ կա՞, թե ոչ, բայց, ցավոք, միշտ չէ, որ անում են»:

Համլետ Խնկոյանը նաեւ փաստում է՝ կնոջ մոտ երեկ կորոնավիրուսը հաստատվել է. «Պետությունը պարտավոր էր անվճար «կատե» անել, բայց չորս-հինգ ժամ զանգում էի հիվանդանոցներ: Վերջը, մենք վճարովի արեցինք դա, եւ գոնե հանգիստ եղանք, որ թոքերի խնդիր չուներ»:

Անվճար համակարգչային տոմոգրաֆիա իրականացնելու հետ կապված ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝ անվճար հետազոտության համար պետք է առկա լինի բժշկի նշանակում. «Բոլոր հետազոտություններն արվում են բացառապես բժշկի ցուցմամբ: Եթե բժիշկը գրում է ցուցում, որ պետք է «կատե» արվի, արվում է: Բայց եթե, օրինակ, ռենտգեն հետազոտությունը փարատում է բուժաշխատողի մտահոգությունները, նա կարող է չնշանակել «կատե»: Եթե չկա բժշկի ուղեգիրը, նշանակում է՝ «կատե» անելու կարիք չկա»:

Ինչ վերաբերում է Վանաձորի ինֆեկցիոնում առկա՝ թոքերի արհեստական շնչառության սարքավորմանը, ԱՆ խոսնակը վստահեցրեց. «Նշանակում է՝ դա բավարար է: Մենք սարքերի խնդիր չունենք: Եթե կարիք լինի, կտրամադրենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031