Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Թևոսյանին հիշեցրեց՝ այն հեռուստաընկերությունները, որոնք դեռ 2010-ին պետության անհեռատես քաղաքականության պատճառով, գործող օրենքի պատճառով դուրս էին մնացել թվայնացման գործընթացից, վերջին տարիներին սպասում էին, որ մի նոր օրենսդրությամբ հանդես կգան, ու իրենց հարցը կլուծվի: Այնուհետև հարցրեց՝ օրինակ՝ Լոռու մարզում, որտեղ չորս-հինգ հեռուստաընկերություն գոյություն ունի, էլի ինչ-որ մեկը պետք է լինի մարզային թվայի՞ն, մնացածը՝ ինչ լինում է լինի՞:
Վահագն Թևոսյանը պատասխանեց. «Այս հարցը երկար է քննարկվել: Կա երկու խնդիր՝ հնարավորությունների և երկու տնտեսավորողների միջև մրցունակության: Սլոթերի քանակը ըստ բարձր տեխնոլոգիաների նախարարության՝ սահմանափակ է: Մեկ և ավելի մարզերում մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման հնարավորություն տալու մասին օրենքով խոսվում է: Այդպիսով խթանվում է մասնավոր մուլտիպլեքսների ստեղծումը: Ես ասում եմ՝ եթե մարզերում կան հեռուստաընկերություններ, որոնք կարող կազմակերպություններ են և ուզում են հեռարձակվել և ունեն համապատասխան ֆինանսական հնարավորություններ և մարդկային ռեսուրսներ և այլն, այս օրենքը տալիս է հնարավորություն: Մենք այլևս չենք սահմանում, որ ամբողջ Հայաստանում լինի մուլտիպլեքս, այլ Երևանում և երկու մարզում տալիս ենք այդ հնարավորությունը»:
Նշենք, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ մայիսի 28-ին անցկացվեց «Հեռարձակման ոլորտի խնդիրները և օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը» թեմայով առցանց քննարկում:
Քննարկման ընթացքում Աշոտ Մելիքյանը փաստեց՝ կան հեռուստաընկերություններ, որոնք ուզում են ընդամենը մեկ քաղաքի կամ շրջանի մասշտաբով գործել, ինչո՞ւ այս օրենքի նախագիծը դա հաշվի չի առնում և ինչո՞ւ չի կարելի այս հարցը ավելի խորը ուսումնասիրության և քննարկման առարկա դարձնել, Վահագն Թևոսյանն արձագանքեց. «Կարելի է ավելի խորը ուսումնասիրության առարկա դարձնել: Կքննարկենք արդյոք կա՞ տեխնիկական հնարավորություն և ձեռնտո՞ւ է մասնավոր հեռուստաընկերությունների համար մեկ քաղաքի կտրվածքով ինքնուրույն ձևավորել մասնավոր մուլտիպլեքս: Նույն մարզերում կան ցանցային օպերատորներ, որոնք ահռելի թվով ալիքների ցանկ են ներկայացնում և ապահովում իրենց տրամադրած ծառայությունները: Արդյոք փոքր կարողություններով հեռուստաընկերությունները կցանկանա՞ն մտնել այդ ցանցային օպերատորների ցանցի մեջ և հեռարձակվել: Արդյոք մեկ քաղաքի մակարդակով ներկայացվող կոնտենտի բովանդակային հատվածն իր ծավալի մեջ դա բավարա՞ր հանրային կարևորություն կամ հետաքրքրություն ներկայացնող է»:
Կարդացեք նաև
Վահագն Թևոսյանն ասաց, որ չեն ուզում տպավորություն ստեղծվի, թե իրենք լավություն են անում այս կամ այն մասնավորին. ուղղակի կա ենթակառուցվածքների հետ կապված խնդիր, որևէ մեկին չեն վտարում, ուղղակի անալոգն ավարտվում է:
«Լոռի TV» ՍՊԸ գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը հիշեցրեց՝ Վահագն Թևոսյանն իր խոսքում նշեց այսպես կոչված «կլիենտների» մասին, թե «պետությունը չի ցանկանա հրաժարվել իր կլիենտներից» արդյոք արդեն իսկ նրանք չե՞ն համարվում արտոնյալներ, և բացի Հանրայինից՝ արդյոք օրենքը հավասար պայմաններ չպե՞տք է ստեղծեր բոլորի համար, արդյոք դա հավասարի՞ մասին է խոսում: Վահագն Թեւոսյանն արձագանքեց. «Դա խոսում է հավասարության մասին առնվազն այն կտրվածքով, որ հենց դրա համար ուզում ենք հայտարարել մրցույթներ: Երբ մենք տարանջատում ենք մարզային հեռուստաընկերությունները, անպայման ուզում ենք դնել խեղճության իմաստ: Հասկանում եմ, որ եթե այն հեռարձակվում է սահմանափակ տարածքում, իր կարողությունները պետք է զիջեն Երևանում գործող հեռուստաընկերություններին: Բայց զուտ, եթե դուրս գանք իրավիճակով պայմանավորված գնահատականի և իրողության դիտարկումից, ապա բոլորն էլ հեռարձակվողներ են և հետապնդում են մեկ շահ: Դուք կարող եք մասնակցել հանրային մուլտիպլեքսի սլոթի մրցույթին: Այլ հարց է՝ Դուք կկարողանա՞ք հաղթահարել այն չափորոշիչները, որոնք նախատեսում է հանձնաժողովը՝ եթերաժամանակ, ներդրումներ և այլն… Լոռիում և Շիրակում կան հեռարձակողներ. փորձեք միավորվել, ստեղծել ձեր մասնավոր մուլտիպլեքսը, և ոչ ոք իրավունք չունի մրցույթի մասին խոսել»:
Նարինե Ավետիսյանը հակադարձեց՝ ի՞նչ պարտադիր է, որ միավորվեն. գուցե ուզում եմ իմ առանձին փոքր մուլտիպլեքսը ստեղծել, Վրաստանում դրա օրինակը կա. «Սա ամենաօպտիմալ տարբերակն է: Հեռուստաընկերությունները, որոնք փաստի առաջ են կանգնած, և պետությունը չի ապահովում իրենց հեռարձակման հնարավորություն, իրենք ունեն իրավունք այդ փաստի առաջ չկանգնել, հեռանալ և ստեղծել իրենց միջավայրը, որտեղ կարող են հեռարձակվել: Բայց, իհարկե, կարող եք ձեր փոքր մուլտիպլեքսը ստեղծել»:
Աշոտ Մելիքյանը արձագանքեց, բայց ձեր գրած օրինագիծը նման հնարավորություն չի տալիս:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ