Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 28-ը եղել է ազգային Անկախական ուժերի փարոսը մեր պետականութեան անկման եւ անկախազուրկ տարիներին

Մայիս 28,2020 15:20

Գեւորգ Ե կաթողիկոսի ոգին եւ Մայիս 28 -ի խորհուրդը մեր ազգի կեանքում

«Եթէ Հայ զինուորը չի պաշտպանելու Էջմիածինը, նախընտրում եմ ինքս կռուել եւ մեռնել այս սրբազան վիթխարի վանքի պատերի տակ։ Հնչեցրեք զանգերը․․․» Գեւորգ Ե կաթողիկոս, Մայիս, 1918 թ., Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտերից առաջ…

Այս խօսքերից յետոյ զորահրամանատար Մովսէս Սիլիկեանն ու Արամ Մանուկեանը հրաժարւում են նահանջելու գաղափարից, վճռելով դուրս գալ մեզ 5 անգամ գերազանցող թուրքերի դէմ (մօտ 20 000 :100 000 -ի դէմ):

Մի քանի օրից Հայերը ջախջախիչ յաղթանակ են տանում թուրքերի հանդէպ եւ հռչակւում է ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետութիւնը: Հենց 1918 թ. Մայիսի 28 -ին, Կիլիկեան Հայաստանի անկումից հինգ ու կէս դար անց, Հայութիւնը վերականգնում է իր պետականութիւնը, հաստատելով ազգային դրոշը, զինանշանն ու օրհներգը:

Կաթողիկոսի խօսքերը վճռական դեր են խաղում այդ օրերին եւ նրա ոգին ուժ է տալիս ամբողջ ազգին: Նա ընդմիշտ կմնայ մեր յիշողութեան մէջ իր գործով եւ իր խիստ ու պարտաւորեցնող հայեացքով:

Մայիսի 28 -ը եղել է ազգային Անկախական ուժերի փարոսը մեր պետականութեան անկման եւ անկախազուրկ տարիներին: Մայիսի 28 -ն իր մէջ կրում է համահայկականութեան, անկախ եւ միացեալ Հայաստանի գաղափարի խորհուրդը:

Գարեգին Նժդեհը գրում է, որ այս օրը նուէր չէ մեծ ազգերի կողմից, ոչ էլ ողորմութիւն, տրուած մեր ժողովրդին, սա մեր վարած բացառիկ ազատամարտի արժէքն է եւ արդիւնքը:

Երկար տարիներ այդ օրը ոգեշնչել է աշխարհում ապրող Հայ ազգային գործիչներին: 1928 թ. հենց այդ օրը լոյս տեսաւ Սիմոն Վրացեանի «Հայաստանի Հանրապետութիւն» աշխատութիւնը, 1968 -ին նոյն օրը Աւօ -ի «Նժդեհ» -ը եւ նման օրինակները շատ են:

Մայիսի 28 -ը դարձաւ մեր նորօրեայ Հայաստանի հիմնաքարը, երբ 1988 -ին այդ օրը Ազգային Ինքնորոշում միաւորումը մի խումբ ազգային գործիչների աջակցութեամբ կազմակերպեց Անկախութեան 70 -ամեակին նուիրուած ցոյց Ազատութեան հրապարակում: Ազգային հերոս Մովսես Գորգիսեանն իր զինակիցների հետ 1921 թ. յետոյ առաջին անգամ պարզեցին Հայոց եռագույնը Հայրենիքի տարածքում:

Կարեւոր է, որ մենք այսօր էլ մեզ զգանք եւ ճանաչենք 1918 թ. Մայիսի 28 -ին հռչակուած Հայաստանի իրաւայաջորդը:

Շնորհաւոր Մայիսի 28

Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Տիր հայագիտական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել