Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այստեղ կարևորը երաշխավորումն է, որ վերգետնյա հեռարձակողի համար չի լինի հանրային մուլտիպլեքսի մենաշնորհ». Բորիս Նավասարդյան

Մայիս 28,2020 15:05

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում մի շարք հակասություններ է տեսնում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Հեռարձակման ոլորտի խնդիրները և օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը» թեմայով առցանց քննարկմանը խոսելով կայքերի դժգոհությունների մասին, թե ուզում են իրենց լիցենզավորման դաշտ մտցնել՝ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ կարգավորումների առումով հակասություններին. «Մի կողմից` առաջին հոդվածում գրված է, որ սույն օրենքը չի տարածվում համացանցի վրա, այլ տարածվում է բացառապես ցանցային օպերատորների գործունեության վրա, մյուս կողմից` վեցերորդ հոդվածում գրված է, որ այն մեդիա ծառայությունների մատուցողները, որոնք օգտագործում են  ՀՀ տարածքում տրամադրվող ինտերնետային կապը, օրենքը տարածվում է դրանց վրա: Եթե ցանկացած տեսալսողական ծառայություն մատուցող օգտվում է ինտերնետ կապից, ուրեմն նշանակում է, որ օրենքը կվերաբերի այն կապերին, որոնք տեսալսողական բովանդակություն ունեն: Այս հակասությունը պետք է վերացնել կամ հստակեցնել»:

Այնուհետև Բորիս Նավասարդյանն անդրադարձավ մեկ այլ սկզբունքային դրույթի. «Թվային դարում մրցույթ հասկացությունն արդեն ընդունելի չէ: Այն բոլոր հեռարձակողները, որոնք ցանկություն ունեն պահպանել վերգետնյա հեռարձակման ձևաչափը և պատրաստ են համապատասխանեցնել իրենց գործունեությունը պահանջներին, ապա պետք է այդ հնարավորությունն ունենան: Երաշխավորումն է այստեղ կարևոր, որ վերգետնյա հեռարձակողի համար չի լինի հանրային մուլտիպլեքսի մենաշնորհ: Երաշխավորել, ոչ թե տեսական հնարավորություն ստեղծել, որ ՀՀ-ում ձևավորվեն մասնավոր մուլտիպլեքսներ: Այդ մոտեցումը լուծում է նաև ներդրումների հարցը: Այսինքն՝ սկզբունքորեն կարգավորման ներկայացվող տարբերակին մնում ենք դեմ»:

Բորիս Նավասարդյանն ասաց՝ առաջարկում են պետական մուլտիպլեքսն իր ենթակայության մի մասը վարձակալությամբ հանձնի մասնավորներին, բայց եթե դա չի արվում, գոնե օրենքը նախատեսի, կանխատեսի և պատասխանատվության մեխանիզմներ սահմանի, թե ինչ է լինում, եթե մեկ կամ երկու տարի հետո մարդը լիցենզիայից հրաժարվում է:

Բորիս Նավասարդյանը օրենքի նախագծի հեղինակներին խնդրեց չսպասել գրավոր առաջարկությունների, այլ հանրային դաշտում հնչող հայտարարությունները, թերությունները ևս փորձեն հաշվի առնել:

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Թևոսյանը ցավով նշեց, որ կորոնավիրուսի պատճառով այս թեմայով հանրային լսումները չեն կայանա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031