Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Նա մեր առաջնեկն էր. ծնվելուց հետո ծայրահեղ ծանր տեղափոխեցին Մուրացանի հիվանդանոց, այնտեղ ասացին՝ երեխան խեղդվել է». մահացած նորածնի հայր

Մայիս 28,2020 14:43

Աբովյան քաղաքի բնակիչ Հրայր Միրզոյանի կինը մայիսի 23-ին աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել, սակայն ժամեր անց նորածինը մահացել է: Մահվան պատճառը նշել են՝ երեխան խեղդվել է: Երեխայի ծնողները չեն համակերպվում առաջնեկի կորստի հետ, հատկապես՝ այն մտքի, որ նախածննդյան շրջանում երեխան էլ մայրն էլ եղել են առողջ ու որեւէ վտանգ, ըստ բժշկական փաստաթղթերի, նրանց կյանքին չի սպառնացել:

«Մայիսի 21-ին կնոջս կանչեցին հիվանդանոց, քանի որ ծննդաբերելու ժամկետը մինչեւ մայիսի 17-ն էին տվել, ռիսկային էր համարվում, կանչեցին ու պառկեցրին, որ բարդություններ չլինեն: Կինս ծննդաբերեց մայրսի 23-ին՝ երեկոյան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց մահացած նորածնի հայրը՝ Հրայր Միրզոյանը:

Նրա խոսքով, կնոջ ծննդաբերությունը սովորականից երկար է տեւել եւ բժիշկների անցուդարձից ու խառնված վիճակից հասկացել են՝ ինչ-որ բան այն չէ:

«Բժիշկները գնում՝ գալիս էին, զգում էինք, որ ինչ-որ բան այն չէ, երեխայի ծնվելուց ճիչ ընդհանրապես չեղավ: Տեսնում էինք, որ երեխայի հետ կես ժամից ավելի ինչ-որ գործողություններ են կատարում: Բայց մեզ ոչ ոք ոչինչ չէր ասում»,-պատմեց հայրը: Երբ նորածնի հարազատները ծնունդն ընդունող բժշկին հարցուփորձ են արել, հայտնել է, որ դժվար ծննդաբերություն է եղել:

«Հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ կեսարյան հատումով չարեցին, բժիշկը մեզ պատասխանեց, որ երբ ծննդկանին հարցրել են՝ չի ուզել: Ասաց՝ մտածում էի իր ուժերով կունենա»,-պատմեց մեր զրուցակիցը:

Հրայր Միրզոյանի խոսքով, բժշկի այդ բացատրությունն իր համար անհասկանալի է ՝ երբ կրիտիկական պահին բժիշկն առաջնորդվել է ոչ թե իր մասնագիտական հմտություններով, այլ ծննդկանի կամքով. «Երբ կա կեսարյանի ցուցում՝ ի՞նչ է նշանակում ծննդկանին հարցրել եմ, ասել է՝ չէ: Փոխարենն ինձ կանչեր, ծնողներիս, մեզ բացատրեր իրավիճակի լրջությունը: Հատկապես՝ երբ նրանից առաջ մեկ այլ բժիշկ կարծիք է հայտնել, որ հնարավոր է կեսարյան հատումով ծննդաբերությունը լինի: Ասում է՝ տեսքին նայեցի՝ մտածեցի, որ իր ուժերով կարող է ունենալ: Բայց 21-րդ դարում ո՞վ է տեսքին նայելով ծննդաբերություն ընդունում: Գոյություն ունի էխոյի պատասխան»:

Երեխայի ծնվելուց որոշ ժամանակ անց բժիշկները որոշում են կայացրել երեխային տեղափոխել Մուրացան հիվանդանոց. «Տեսա, թե ինչպես է Մուրացանի ռեանիմոբիլը տեղափոխում երեխայիս՝ թթվածնային սարքին միացված, թեեւ բժիշկն ինձ հանգստացրեց, որ երեխայի հետ ամեն ինչ լավ կլինի: Մուրացանի բժշկուհին ասաց, որ երեխան ծայրահեղ ծանր է, գլխի վրա ուռուցք կա: Ինձ թվում է՝ ուռուցքը վակուումի հետեւանք էր, քանի որ ծննդաբերության ընթացքում երկար աշխատել են վակուումով: Ժամը ութի սահմաններում ասում են, որ երեխան մահացել է, երեխան խեղդվել է ծննդաբերության ընթացքում»:

Հրայր Միրզոյանի համար այս պատմության մեջ մութ կետեր կան, վստահ է, որ իր նորածինը մահացել է բժիշկների սխալի պատճառով. «Շատ հարցեր կան, որ քննությունը պետք է պարզի: Երեխաս ծնվել էր 3 կիլոգրամ քաշով, 52 սմ հասակով, առողջ, ինչո՞ւ պետք է մահանար: Համոզված եմ, որ բժշկական սխալ կա»:

Դեպքի առթիվ Էրեբունու հետաքննչական բաժնում գործ է հարուցված:

Աբովյանի ծննդատնից Arvot.am-ի հեռախոսազանգերին որեւէ մեկը չպատասխանեց: Սակայն ծննդատան տնօրինության օրերս տարածած հայտարարության համաձայն, ծնունդ ընդունող բժիշկը փորձառու է եւ հաստատության առաջատար մասնագետներից է: Ծննդատնից հայտնել են, որ մինչեւ դատաբժշկական փորձաքննության պատասխանները չլինեն, բուժհիմնարկը որեւէ մեկնաբանություն չի կարող տալ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031