Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր մայիսի 28-ն է, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը։ Սա, թերևս, հայոց պատմության և ընդհանրապես մեր իրականության կարևորագույն տարեթվերից մեկն է, քանի որ ավելի, քան հինգ հարյուր տարվա ընդմիջումից և դժվարին փորձություններից հետո հայ ժողովուրդն ի վերջո կարողացավ հռչակել իր անկախությունը։
Ասվածի համատեքստում պետք է հստակ արձանագրենք, որ Առաջին Հանրապետությունն ավելին է, քան զուտ պատմական իրողությունը, փաստացի այն հայկական վերածնված պետականության առաջին արարն է, քանի որ ինչպես Խորհրդային Հայաստանը, այնպես էլ ներկայիս Հանրապետությունը ստեղծվել են դրա հիմքի վրա և ինչ-որ առումով դրա պետականության և պատմական առաքելության շարունակությունն են։
Այսինքն, ավելի քան հստակ է, որ եթե Առաջին Հանրապետությունը 1918-ին չստեղծվեր, ապա հնարավոր է, որ այսօր մենք ապրեինք բոլորովին այլ՝ ոչ այնքան բարենպաստ իրականությունում։ Հենց այս երկիմաստ հանգամանքն է կրկնապատկում պետության գաղափարի կարևորությունն ու եռապատկում մեր պատասխանատվությունն այդ գաղափարի նկատմամբ։ Գաղափար, որի կենտրոնական բաղադրիչը մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի Հանրապետությունն է։
Սիրելի՜ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ և առաջարկում եմ օրվա խորհրդի համաձայն հիշել ու հարգանքի տուրք մատուցել բոլոր այն ռազմական և պետական գործիչներին, որոնց շնորհիվ կենդանություն առավ և մարմնավորվեց մեր Հանրապետությունը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։
Կարդացեք նաև
Ղարաքիլիսայի ճակատամարտի խորհրդանիշ Կոտրած եկեղեցում:
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ