Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես որևէ մտահղացում և ցանկություն չի եղել այս օրենքով կարգավորել լրատվական կայքերը և նրանց վիդեոկոնտենտը». Վահագն Թևոսյան

Մայիս 28,2020 14:13

«Մենք ունենք որդեգրած քաղաքականություն, որ պիտի հանգիստ խղճով վերջում արձանագրենք, որ ապահովել ենք առավելագույնս ներառականություն»,- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Հեռարձակման ոլորտի խնդիրները և օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը» թեմայով առցանց քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Թևոսյանը:

Հիշեցնենք՝ մի խումբ պատգամավորների կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, ինչի հետ կապված հնչել են մի շարք մտահոգություններ:

Պարզաբանելով նախագծի բովանդակային որոշ դրույթներ՝ Վահագն Թևոսյանը նշեց, որ կարգավորման ոլորտ են բերվում բոլոր հնարավոր կոնտենտ արտադրողները, որոնց անվանում ենք տեսալսողական մեդիա ծառայություններ: Նա վստահեցրեց՝ փորձում են կարևորել տեղական արտադրողների կողմից հայերենի կիրառման մեծացումը:

Խոսելով հանրային դաշտում նախագծի վերաբերյալ հնչած քննադատությունների մասին՝ պատգամավորն ասաց. «Տպավորություն է, որ չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել մի հանգամանքի շուրջ, ինչն օբյեկտիվ իրականությունն է: Բորիս Նավասարդյանն ասում է, որ թվային դարում չի կարելի ասել, որ ինչ-որ ռեսուրս սահմանվում է և այն պետք է բոլորին տրամադրել: Ես համաձայն եմ այս գաղափարի հետ, բայց խոսելով տարբեր մարմինների հետ՝ մենք հասկանում ենք, որ կա օբյեկտիվ իրականություն, որ այս պահի դրությամբ նույնիսկ թվային միջավայրում գոյություն ունեցող տեխնոլոգիական հանգամանքը թույլ չի տալիս որոշակի սահմանափակ քանակի սլոթերի գերակայություն իրականացնել: Դա պայմանավորում է լուրջ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն»:

Նա մտահոգություն հայտնեց, որ հաճախ քննադատում են մարդիկ, որոնք ոչ միայն ծանոթ չեն՝ ինչի մասին են խոսում, այլ որևէ կերպ չեն հետաքրքրվել և հավաստիացրեց. «Ընդհանրապես որևէ մտահղացում և ցանկություն չի եղել այս օրենքով կարգավորել լրատվական կայքերը և նրանց վիդեոկոնտենտը: Վատ չէր լինի, բայց դա այս օրենքի կարգավորման թեմա չէ»:

Խոսքի ազատության սահմանափակումների մասին քննադատությունների առիթով՝ Վահագն Թևոսյանն ասաց. «Ենթադրում եմ, որ դա հետագայում կարող է տեղափոխվել ԶԼՄ մասին օրենք: Հիմա կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ խնդիրներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031